HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերգեյ Երիցյանի անունը հայտնվել է զոհվածների, հետո՝ անհետ կորածների, ապա՝ գերիների, հետո նորից՝ զոհվածների ցուցակում

Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղում՝ Երիցյանների տնից քիչ հեռու, կրպակ կա՝ դռները կողպած։ Սերգեյ Երիցյանի խանութն է, մինչև բանակ գնալն ինքն էր աշխատեցնում, պատերազմի օրերին խնդրել է տնեցիներին՝ մեջն ինչ որ կա, հավաքեն, ուղարկեն Արցախ։ Կրպակից մի քանի քայլ հեռու գյուղի տղաները պատերազմում զոհված չորս դրախտիկցիների հիշատակին նվիրված տաղավար են կառուցում, շաղախ են արել ու խառնում են։

Պատերազմի օրերին Երիցյանների երկու որդիները՝ Սուրենն ու Սերգեյը, ռազմաճակատում էին, երկուսն էլ՝ ժամկետային զինծառայող։ Ավագ որդին մարտերի էր մասնակցում Ակնայի (Աղդամ) շրջանում, իսկ կրտսերը՝ Սերգեյը՝ Ջրականում (Ջաբրայիլ)։

Սերգեյը 2020թ.-ի հունվարից ծառայում էր Լուսակերտի ուսումնական զորամասում, այնուհետև՝ Մեղրի-Ագարակ զորամասում, հրետանավոր էր, հաշվարկի հրամանատար։ Մայրն ասում է՝ երբ արդեն գիտեր, որ տեղափոխել են Ջաբրայիլ, շատ էր անհանգստանում, բայց տղան ասել է, որ ոչ թե իր մասին մտածեն, այլ՝ Սուրենի. իր տեղն ավելի վտանգավոր է։

«Հոկտեմբերի 3-ին իրենց տարան Ջաբրայիլ։ Նախորդ օրը իր հետ խոսելիս ինձ ասաց, որ հիվանդ են, մենք էստեղից իրենց դեղեր ու գլխարկներ ուղարկեցինք, բայց երբ վարորդը հասել էր զորամաս, ասել էին, որ տղաներին արդեն տարել են։ Միանգամից զանգեցի իրեն, հարցրի՝ Սերոժիկ, դու Ղարաբաղու՞մ ես, ինձ չխաբես, գիտեմ։ Ասեց՝ հա, մա’մ, բայց մի’ մտածի, էստեղ կրակ չկա, նորմալ ա»,- պատմում է Լիլիթը՝ Սերգեյի մայրը։

Պատերազմի դաշտից Սուրենը տուն կարող էր զանգել տասն օրը մեկ անգամ, և ընտանիքը չէր անհանգստանում, գիտեին, որ դա նրա բնավորությունն է։ Սերգեյի պարագայում այլ էր. նա ամեն օր պարտադիր զանգում էր. գիտեր, որ եթե չզանգեր, ընտանիքը շատ կանհանգստանար։ Սերգեյը վերջին անգամ տուն զանգել է հոկտեմբերի 18-ի առավոտյան։ Մորաքույրը՝ Անժելան, հարցրել էր, թե ինչ աղմուկ է լսվում, պատասխանել էր՝ հեչ, տղերքն են երկաթները իրար խփում։

Այդ օրը հրետանավորները Ջաբրայիլից Իշխանաձոր վերադառնալիս են եղել, Սերգեյը զինվորներ տեղափոխող մեքենան է վարել, երբ արկը ընկել է մեքենայի առաջնամասին և չի պայթել։ Դեպքի ականատես տղաներից մեկը, որը թափքում է եղել այդ պահին, պատմում է, որ երբ իջել են մեքենայից, Սերգեյը բոլորին կատակով ասել է՝ ամեն մեկդ ինձ մի կյանք պարտք եք։ Որոշ ժամանակ սպասելուց հետո տղաները նստել են մեկ այլ մեքենա, շարժվել, ու պատահել է ճակատագրական դեպքը. ԱԹՍ-ի հարվածից զոհվել են Սերգեյը և երեք ծառայակիցները, մեկն անհետ կորած է, մյուսը ծանր վիրավորվում է ստացել։

Դեպքից միայն երկու ամիս հետո՝ դեկտեմբերի 19-ին է հնարավոր դառնում մտնել Իշխանաձորի այդ հատվածը ու դուրս բերել աճյունները։ Հենց այդ ժամանակ, երբ ընտանիքը ստանում է մարմինների դուրս բերման լուրը, սոցցանցում հայտնվում է մի տեսանյութ, որտեղ երևացող գերի ընկած տղային հարազատները նմանեցնում են Սերգեյին։

«Վիդեոն մենք միանգամից ուղարկեցինք զորամաս, որ տղաները, ովքեր վերջինն են տեսել Սերգեյին, ավելի ճիշտ ասեն, հնարավոր է՝ մենք շատ էինք ուզում նմանեցնել։ Զորամասից բոլորը հաստատեցին, նույնիսկ հրամանատարը՝ Արգամ Գևորգյանը, ասաց, որ սա հաստատ իմ զինվորն է՝ Սերգեյը։ Դրանից հետո արդեն մենք կապվեցինք փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակ, որտեղից մեզ ասացին՝ հարցում կուղարկեն ՊԲ»,- ասում է մորաքույրը։

Փետրվարի 11-ին Անժելային զանգահարում է Տիգրան Ավինյանի խորհրդական Զարուհի Մաթևոսյանը և ասում, որ վայրը, որտեղից կորել է տղան, համապատասխանում է տեսանյութի տարածքին, և, ամենայն հավանականությամբ, հենց իրենց տղան է։

«Էդ ժամանակ մենք արդեն ԴՆԹ-ի համընկնում ունեինք, ես դա ասեցի Զարուհուն, ինքն ասեց՝ հնարավոր չի, սխալմունք է։ Խնդրեցի գրավոր տալ, որ թյուրիմացություն է եղել։ Զառան ինձ ասեց՝ գնա Հերացի, կտան։ Գնացինք, սպասեցինք, մի աղջիկ իջավ, ասեց՝ սխալմունք չի եղել, ձեր ԴՆԹ-ն է»,- ասում է Անժելան։

Ընտանիքը հիմա մասնավոր փաստաբան է վարձել, որը հետևում է գործի ընթացքին։ Նա հարցում է ուղարկել ՊՆ՝ պարզելու, թե որն է եղել պատճառը, որ Սերգեյ Երիցյանի անունը նախ հայտնվել է զոհվածների, հետո՝ անհետ կորածների, ապա՝ գերիների, հետո նորից՝ զոհվածների ցուցակում։

«Տղայիս արդեն տուն են բերում, ինձ զանգել ասում են՝ տեղը համընկնում է, 99%-ով ձեր տղան է։ Ասեցի՝ Աստված տա իմ տղան լինի, բայց ես հեսա տասը րոպեից ինչ-որ մեկի երեխային կտանեմ, կհանձնեմ հողին ու էդպես էլ արեցի, ի՞նչ անեի»,- ասում է մայրը։

Լիլիթի խոսքով՝ ինքը զգում է, որ իր տղան ողջ է. «Նոր տարվա գիշերը գյուղի երեք զոհված տղաների ընտանիքները օդապարուկներ են բաց թողել 4 զոհվածների անուններով, բոլորի տնից Սերգեյի անունով օդապարուկը չի բարձրացել։ Բացի էդ, արդեն հինգերորդ անգամն է, ինչ Եռաբլուրում Սերգեյի գերեզմանաքարը փոխում ենք. քարի վրայից նկարն անհետանում է, գերեզմանաքար սարքողն ասում ա՝ 40 տարի ա՝ էդ գործին ա, նման բան չի տեսել, կարո՞ղ ա էս տղան ողջ ա»։

Այս խոսքի վրա Սերգեյի պապը, որ Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկներից է, ասում է՝ գիտե՞ս՝ պատերազմի ընթացքում ինձ քանի անգամ են թաղել ու հանել։ Սերյոժա պապը պատերազմին մենակ չի մասնակցել, կնոջ հետ է եղել՝ Հասմիկի, մինչև զինադադարը կռվել են։ Պապը պատմում է, թե ինչ հերոսաբար է կինը կռվել. «Տատը մի հատ էնպես խփեց, թուրքի սնայպերը տեղում մնաց։ Հիմա է, որ սկսել է դժվար քայլել»։ Պայքարի մասին են վկայում բազմաթիվ մեդալները, որ ամուսինները խնամքով հանում են ճամպրուկից ու հերթով ցույց տալիս։

Վերջում, երբ բոլորին հրաժեշտ էինք տվել ու գնում էինք՝ տեսնելու դպրոցի փառքի սրահը, Սերյոժա պապն արագ հասավ մեր հետևից ու առանց նախաբանի ասաց՝ ինքը վստահ է՝ տեսանյութի տղան Սերգեյն է. «Անգամ իր քայլվածքից ես հաստատ կարամ ասեմ, որ էդ իմ տղեն ա»։

Դպրոցի երկրորդ հարկի դասասենյակում թարմ ներկի հոտ է տարածվել, պատից կախված են գյուղի 4 զոհված զինծառայողների լուսանկարները։ Դասասենյակը, որտեղ Սերգեյը առաջին անգամ գրել, կարդալ էր սովորել, հիմա դարձել է նրա փառքի սրահը։

 Հայկ Մակիյան,  Ռիմա Գրիգորյան

Հետք Մեդիա Գործարանի ուսանողներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter