HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

«Հմայիչ» ու թշվառ նախընտրական կարգախոսները

Նախընտրական կարգախոսները զուտ քաղաքական կամ ընտրական տեխնոլոգիայի ատրիբուտ չեն: Դրանք ոչ միայն արտացոլում են քաղաքական ուժերի իդեալներն ու նպատակները, այլև բնորոշում իրականության` տվյալ կուսակցության ընկալումը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցող երեք կոալիցիոն կուսակցություններն էլ իրենց նախընտրական կարգախոսների լեյտմոտիվը դարձրել են հավատի գործոնը:

Դժվար է ասել` եղե՞լ է սա փոխհամաձայնության արդյունք, թե՞ ոչ, սակայն ինքնին հավատի խնդրի սրումը նշանակում է, որ նրանք թեկուզ ենթագիտակցական մակարդակում հիմնական մարտահրավերը համարում են իրենց նկատմամբ հավատի և վստահության ճգնաժամը և որպես դրա ուղղակի հետևանք` իշխանության և հասարակության ծայրահեղ օտարվածությունը: Սա նաև իշխանության խոսքի և գործի միջև առաջացած այն ահռելի վիհի ակամա խոստովանություն է, որը հանգեցրել է իշխանության ցանկացած նախաձեռնության նկատմամբ հասարակության անվստահության:

ԲՀԿ. «Հավատա, վստահիր, պահանջիր»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդն անընդհատ շեշտում է, որ իրենց խոսքը գործ է: Սակայն, եթե այդպես է, ապա կարգախոսի գաղափարը ոչ թե հավատի ու վստահության ակնկալիքի վրա պետք է կառուցվեր, այլ խոսքի և գործի համադրության շարունակականության երաշխավորման: Առանց լուրջ քաղաքական հիմքի` մաս կազմելով բացարձակ մեծամասնություն ունեցող ՀՀԿ-ի շուրջ ձևավորված կոալիցիային` ԲՀԿ-ն իր ծրագրային հիմնադրույթների մեծ մասն այդպես էլ չիրագործեց` վերածվելով Կառավարության և ՀՀԿ-ի քաղաքականությունը դժկամությամբ վավերացնող կցորդ ուժի: Իրականում խոսքի և գործի համադրությունը գործնական որևէ արժեք չի ունեցել կուսակցության համար, որովհետև ամենավճռական պահերին ԲՀԿ-ն երբեք ինքնուրույնություն հանդես չի բերել:

ՕԵԿ. «Հավատա և պահանջիր, վստահիր և պահանջիր, աջակցիր և պահանջիր»

ՕԵԿ-ը ևս գրեթե նույն շեշտադրումներն է անում` ըստ էության, թե ոճական և թե իմաստային առումով կրկնօրինակելով ԲՀԿ-ին: Վերջինիս «Հավատա, վստահիր, պահանջիր» կարգախոսը ՕԵԿ-ը վերախմբավորում է հետևյալ կերպ. «Հավատա և պահանջիր, վստահիր և պահանջիր, աջակցիր և պահանջիր»: Իսկ միասին բարգավաճ երկիր կառուցելու ԲՀԿ նպատակադրումն ՕԵԿ-ը մեկնաբանում է օրենքի երկիր կառուցելու և այդ երկրում ապրելու արժանիք ունենալու դիտանկյունից: Հավատի և վստահության ակնկալիքը ՕԵԿ-ի պարագայում ավելի հասկանալի է` հաշվի առնելով կուտակած ողջ քաղաքական կապիտալը, 2008-ից հետո ՀՀԿ-ի և Սերժ Սարգսյանի քաղաքական հավակնություններին ծառայեցնելով, անխնա վատնելու հանգամանքը, որը կուսակցությանը հասցրել է գրեթե կատարյալ սնանկության:

ՀՀԿ. «Հավատանք, որ փոխենք»

ՀՀԿ-ն առաջինն առաջ քաշեց հավատի գործոնը, որի գաղափարական հիմնավորումները ներկայացրեց նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցության վերջին համագումարի ընթացքում: Բայց 2008-ի նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Սերժ Սարգսյանի «Առաջ Հայաստան»-ի համեմատ ներկայիս նախընտրական կարգախոսը ակնհայտ նահանջողական է: Առաջինը խարսխված է ինքնավստահության և զարգացում ապահովելու, բոլոր առումներով զարգացող երկիր ստեղծելու գաղափարների վրա, երկրորդը` ստեղծված իրավիճակից դուրս գալու ներուժ ունենալու և այն կիրառելու թույլտվություն հայցելու:

Ներկայիս կարգախոսի` «Հավատանք, որ փոխենք»-ի առանձնահատկությունն այն է, որ ոչ այնքան կուսակցության, որքան հանրության` սեփական ուժերի ու հնարավորությունների նկատմամբ է վստահության ակնկալիք ներկայացնում: Այս իմաստով ՀՀԿ-ի կարգախոսը տեխնոլոգիապես ավելի ճիշտ է, ոչ շաբլոնային, թեև այն ուղղակիորեն վերցված է ԱՄՆ նախագահի նախընտրական կարգախոսից: Այսպիսով, ՀՀԿ-ն միջոց է գտնում` առկա իրավիճակի համար պատասխանատվությունն իրենից որոշակիորեն թոթափելու և այն հանրության անինքնավստահությամբ ու ներքին հավատի բացակայությամբ պայմանավորելու համար: Սա նաև ենթագիտակցորեն ՀՀԿ-ն հասարակությանը հետ նույնականացնելու, նրա մասը դարձնելու միտում ունի:

Հետաքրքրական է հատկապես հավատի գործոնը «փոխվելու» գաղափարի հետ համադրելու մոտեցումը, որը ևս պատասխանատվությունից խուսափելու տրամաբանական հենքի վրա է կառուցված: Սակայն այն նաև ելք առաջադրելու միտք է պարունակում:

ՀՀԿ-ի խնդիրը, սակայն, կուսակցության շուրջ առկա անվստահության մթնոլորտի և կարգախոսի հակադրության, ինչպես նաև այն կյանքի կոչելու նպատակի անկեղծության նկատմամբ հավատի բացակայության մեջ է: Հասարակությունը հենց ՀՀԿ-ի առջև է առաջին հերթին փոխվելու պահանջ դնում. առանց իշխանության էության ու բովանդակության փոփոխության և դրա առարկայական արտահայտության` հասարակության վերափոխում պահանջելը դառնում է անիմաստ ու նույնիսկ փախուստ պատասխանատվությունից: Որովհետև երբ մարդիկ տեսնում են, թե ինչպես է կուսակցությունն ապավինում ներկա իրավիճակի համար պատասխանատու անհատներին, պաշտոնյաներին, օլիգարխներին, թաղային հեղինակություններին, որոնց կողքին նոր դեմքեր, փաստացի, գրեթե գոյություն չունեն, սկսում է հասկանալ, որ փոխվելու, առավելևս փոխելու իրական նպատակ ու ներուժ ՀՀԿ-ն չունի:

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ». «Մենք գալիս ենք»

«Ժառանգություն»-«Ազատ դեմոկրատներ» տանդեմը նոր Հայաստանի տեսլականի վրա է կառուցել կարգախոսը` ամփոփելով այն «Մենք գալիս ենք» պաթետիկ ռոմանտիզմով համեմված ձևակերպման մեջ: Այն թույլ է տալիս տարատեսակ բանաձևումներ կատարել` «ինչու են իրենք գալիս» մոտիվներով: Սակայն երբ այս հարցի պատասխանը ամփոփվում է «սարեր շրջելու» ընդհանրական նպատակադրման մեջ, պարզ է դառնում, որ առհասարակ ողջ նախընտրական արշավը կուսակցությունը կառուցել է պոեզիայի ժանրով: Այն, իհարկե, հեղափոխականության էլեմենտներ պարունակում է, սակայն չի տալիս նոր Հայաստանի ավելի շոշափելի պատկերը, մինչդեռ խիստ պրակտիկ դարձած հայաստանցի ընտրողը հենց նման առարկայական երկիր է փորձում տեսնել այս կամ այն կուսակցության առաջարկություններում:

ՀԴԿ. «Ես մենք ենք, հաղթելու ենք միասին»

Միասնության գաղափարը շեշտված է նաև ՀԴԿ-ի կարգախոսում` «Ես մենք ենք, հաղթելու ենք միասին»: Այստեղ կուսակցության և հանրության պահանջների նույնականացման միտքն է զարգացվում մոտավորապես «մի տնից չենք, մի օրի ենք» ժողովրդական ասացվածքի համատեքստում: Սակայն հաղթելու ոչ մի շանս չունեցող կուսակցության համար միասին հաղթելու նպատակի ամրագրումը թվում է չափից դուրս անիրական, հավակնոտ ու անհամոզիչ: Մանավանդ որ այն ավելի շատ հիշեցնում է 2008-ի նախագահական ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի թիմի առաջ քաշած և այդպես էլ չիրականացված «Հաղթելու ենք» կարգախոսը: Մինչդեռ մարգինալ քաղաքական ուժի համար զուտ մարտավարական իմաստով շատ ավելի ճիշտ կլիներ սեփական յուրահատկությունը, այսպես կոչված, նոու-հաուն ընդգծելուն ուղղված կարգախոս մշակելը:

շարունակելի

Մեկնաբանություններ (1)

karen
@ntrutyunneri @ntacqi cinikutyunn u anlrjutyunn angam kargaxosnerum e nshmarvum! Ev kam guce aynasti4an anlrjutyun e tirum ishxanutyunnerum, u ishxanutyan dzgtoghneri mot, wor nranc koghmic mshakvats kargaxosnern u tsragrer@ meghm asats kaskatseli en u anlurj!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter