HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

էկոնոմիկայի նախարարության արտոնյալները

Էկոնոմիկայի նախարարությունում թափուր պաշտոնները համալրելու համար 2020 թվականի նոյեմբերի 26-ից մինչև 2021 թվականի ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում հայտարարվել է 12 ներքին և 17 արտաքին մրցույթ։

Ներքին մրցույթի իմաստն այն է, որ համակարգից աշխատակիցներ ընտրվեն, իսկ արտաքին մրցույթի պարագայում կարող է մրցույթին մասնակցել էկոնոմիկայի նախարարությունից դուրս աշխատող և աշխատած քաղաքացին։ Առաջին դեպքում փորձում են առաջխաղացում ապահովել գործող քաղծառայողների համար, երկրորդ դեպքում՝ քաղծառայողներից դուրս որակյալ մասնագետներին ներգրավվել պետական կառավարման համակարգ։

Քանի որ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարել էր, որ իր կարծիքով պետական պաշտոնները պետք է մրցակցային լինեն, որոշեցինք պարզել, թե իր պաշտոնավարման ժամանակահատվածում ինչպես են իրականացվում մրցույթները։

Վահան Քերոբյանի՝ նախարար նշանակվելուց մինչև այս տարվա ապրիլի 28-ն ընկած ժամանակահատվածում, ավելի շատ արտաքին մրցույթներ են անցկացվել, քան ներքին։ Այդպիսով՝ հնարավորություն է տրվել թափուր պաշտոնները զբաղեցնել նաև այն մասնագետներին, որոնք չեն աշխատում նախարարությունում։

«Հետք»-ն, ուսումնասիրելով նախարարությունում հայտարարված «ներքին» մրցույթները, պարզեց, որ կա մի վարչություն, որում ներառված պաշտոնների համար միայն ներքին մրցույթներ են անցկացվել։ Եվ այդ վարչությունը փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի համակարգման տակ գտնվող, նրա հետ մտերիմ-գործընկերային փոխհարաբերություններ ունեցող Լևոն Տեր-Իսահակյանի վարչությունն է՝ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչությունը։

Այս վարչությունում միանգամից երեք պաշտոնի համար ներքին մրցույթ է հայտարարվել։ Մեկը՝ վարչության պետի տեղակալի, մյուսը երկուսը վարչության գլխավոր մասնագետի երկու պաշտոնի համար (1, 2): Ի տարբերություն մյուս վարչություններում հայտարարված մրցույթների՝ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչությունը միակն է, որի պետի տեղակալի պաշտոնի համար արտաքին մրցույթի փոխարեն ներքին մրցույթ է անցկացրել: Մյուս դեպքերում վարչության պետի տեղակալի պաշտոնների համար պարտադիր արտաքին մրցույթ է հայտարարվել։

Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության գլխավոր մասնագետի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2021 թ.-ի ապրիլի 9-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Տաթևիկ Արտակի Սարգսյանը։ Ի դեպ, Տաթևիկ Սարգսյանի համար հատուկ պաշտոնի անձնագրում կրթության պահանջի հատվածում երկու մասնագիտություն են ներառել։ Պաշտոնի անձնագրի 3.1 կետում նշել են, որ թեկնածուն պետք է ունենա «անասնաբուծություն» և «անանաբուժական-սանիտարական փորձաքննություն» մասնագիտությունները։ Այսինքն նույնիսկ եթե այս մրցույթին մասնակցեր էկոնոմիկայի նախարարության մեկ այլ աշխատակից, նա պետք է ունենար 2 մասնագիտություն։

Նախարարության նույն վարչության գլխավոր մասնագետի մեկ այլ թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2021 թ.-ի ապրիլի 9-ին անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Անուշ Ժորայի Վերանյանը։

Իսկ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար նույն օրը անցկացված ներքին մրցույթի թեստավորման փուլը հաղթահարել է Վարսիկ Ռազմիկի Մարտիրոսյանը։

Ի դեպ, Տաթևիկ Սարգսյանը, Անուշ Վերանյանը և Վարսիկ Մարտիրոսյանը երկար ժամանակ այդ պաշտոնները զբաղեցրել են պաշտոնակատարի կարգավիճակում։ Պարզ ասած՝ ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով պաշտոնները զբաղեցրել են այնքան ժամանակ, մինչև իրենց համար մրցույթ կազմակերպվի։

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին գրավոր մի շարք հարցեր էինք ուղղել, որոնց պատասխանել է նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը։

Խաչատրյանը, վկայակոչելով «Քաղաքացիական ծառայության» օրենքը, նշել է, որ մինչև մրցույթ հայտարարելը պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի որոշմամբ կարող է անցկացվել ներքին մրցույթ։ Նա նաև նշել է, որ Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար ներքին մրցույթի որոշումը կայացրել է դրա իրավասությունն ունեցող պաշտոնատար անձը։ Իսկ թե ինչու են Տաթևիկ Սարգսյանի համար պաշտոնի անձնագրում կրթության երկու պահանջ դրել, Արմեն Խաչատրյանը պատասխանել է, որ կարող է նաև սահմանվել բարձրագույն կրթության այլ չափորոշիչներ ևս։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին մենք հրապարակել էինք «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերտառությամբ հոդվածը, որում տեղ գտած հանգամանքները նախարար Վահան Քերոբյանի հանձնարարությամբ ուսումնասիրվում են։ Նյութում գրել էինք Էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի ընկերների և բարեկամների կողմից տարբեր պաշտոններ զբաղեցնելու մասին։ Այդ ցանկում էր նաև Գյուղատնտեսության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը, որի կինը նույնպես նախարարության ենթակայությամբ գործող ՊՈԱԿ-ում պաշտոն էր ստացել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter