
Էդմոն Մարուքյան. «Եթե գործարարներ բերվեն խորհրդարան, հեղափոխության խոստման ևս մեկ դրժում կլինի»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության համամասնական ցուցակը դեռևս կառավարման խորհրդի կողմից հաստատված չէ, քննարկումներն ընթացքի մեջ են, և այն վաղը կներկայացվի Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ): Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը: Հիշեցնենք, որ մայիսի 26-ը արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար կուսակցությունների գրանցվելու վերջին օրն է:
«Համագումարի ժամանակ ասացի, որ հատուկ անակնկալներ չունենք, մենք մեր թիմով, մեր ռեսուրսներով գնալու ենք»,- ասաց նա:
Մարուքյանը ցուցակի հերթականությունից մանրամասներ չհայտնեց, սակայն ընդգծեց, որ գործարարներ չեն լինելու իրենց ցուցակում, նույնիսկ բանակցություններ չեն վարել նրանց հետ:
Դիտարկմանը, թե իշխող ուժի համամասնական ցուցակում արդեն երկու գործարարի անուն է շրջանառվում, ինչպիսին է իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ, Մարուքյանն ասաց.
«5-րդ գումարման խորհրդարանից կարող եմ օրինակներ բերել, երբ քաղհասարակությունը և ընդդիմությունը քննադատում էին իշխանություններին, որ գործարարներին բերում եք խորհրդարան, բիզնեսն ու քաղաքականությունը տարանջատված չեն: Հեղափոխության խոստումներից էր նաև, որ բիզնեսն ու քաղաքականությունը պետք է տարանջատվեն, և էս իմաստով կարող եմ ասել, որ եթե գործարարներ բերվեն խորհրդարան, հեղափոխության խոստման ևս մեկ դրժում կլինի»:
Մարուքյանի կարծիքով` հեղափոխության ձեռքբերումներից արդեն փշրանքներ են մնացել, պատգամավորը նույնիսկ ընտրակաշառք բաժանելու խոսակցություններ է լսել: Նա այդպես էլ չհստակեցրեց, թե որ ուժերի անվան հետ են կապվում նման լուրերը, սակայն ընդգծեց` իշխանությունները պետք է ցույց տան, որ ունեն քաղաքական կամք այդ ամենը կանխելու համար:
Ըստ նրա` ինչ նախկինում քննադատության է ենթարկվել ու մերժվել, այժմ վերածնվում է էրոզիաների միջոցով: Մարուքյանը հիշատակեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն խոսքերը, երբ կոռուպցիոն մի դրսևորման մասին խոսելիս, վերջինս ասել է, թե տվյալ մարդու մոտ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է:
«Այսինքն՝ մենք հետ ենք գալիս այն Հայաստան, որտեղ թղթերով ամեն ինչ ճիշտ է»,- ասաց նա:
Մեկնաբանել