HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Հայկ Հեքիմյանը միևնույն դեպքի առնչությամբ ՀՔԾ-ում քննվող գործով տուժող է, դատարանում՝ մեղադրյալ

Դատախազության դիմաց ապրիլի 22-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի առթիվ հարուցված քրեական գործով մեղադրյալ Հայկ Հեքիմյանն այսօր ազատ է արձակվել։ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Տիգրան Սահակյանի, բավարարել է Հեքիմյանի կալանավորման որոշման դեմ նրա պաշտպան Բենիկ Գալստյանի բողոքը։ «Հետք»-ի հետ զրույցում Գալստյանն ասաց, որ այս պահին դեռևս դատարանի որոշումը չի ստացել, տեղյակ չէ, թե Վերաքննիչ դատարանը Հեքիմյանի արարքում հիմնավոր կասկածի առկայության մասով ի՞նչ եզրահանգման է եկել:

Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ ապրիլի 22-ին բողոքի ակցիա են իրականացրել Դատախազության շենքի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաների առթիվ հարուցված քրեական գործով ձերբակալված անձանց, և ակցիայի ընթացքում բախումներ են տեղի ունեցել դրա մասնակիցների և ոստիկանների միջև։

Քաղաքացիներից ոմանք ձվեր են նետել Դատախազության շենքի ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները սկսել են նրանց բերման ենթարկել։

Հայկ Հեքիմյանը բերման է ենթարկվել ապրիլի 23-ի երեկոյան՝ ջահերով երթի մեկնարկին։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, ապա Քննչական կոմիտեն նրան կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան, որը բավարարվել է։

Հեքիմյանի մեղադրանքի որոշման մեջ նշվում է, որ վերջինս, ի պատասխան ոստիկանության աշխատակից Կ․Ա․-ի կողմից ցույցը դադարեցնելու պահանջի, մի քանի անգամ ձեռքով հարվածել է նրա գլխին, մինչդեռ, ըստ Բենիկ Գալստյանի, ցույցի տեսագրությունն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ Հայկ Հեքիմյանին հրմշտոցի ընթացքում, ամենայն հավանականությամբ՝ ոչ միտումնավոր, հետևի անձինք հրում են դեպի առաջ, և այդ ընթացքում Հայկը մոտենում է ենթադրյալ տուժող Կ․ Ա․-ին։ Երևում է, որ Կ․Ա․-ն ձեռքով մի քանի շարժում է անում, ու դիպչում Հայկի գլխին, քթին և մարմնի այլ  հատվածների։ Այսինքն՝ ըստ տեսանյութի, ոստիկանը հարվածում է քաղաքացուն, և վերջինս հարվածում է ոստիկանին։ Նման պայմաններում, ըստ Բենիկ Գալստյանի, քաղաքացուն չէր կարող վերագրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով նախատեսված արարք, քանի որ 316-րդ հոդվածի դիսպոզիցիայում հստակ նշված է, և Վճռաբեկ դատարանն էլ իրավական դիրքորոշում է հայտնել, որ արարքը կարող է որակել 316-րդ հոդվածով, եթե  անձի նկատմամբ բռնությունը պայմանավորված է վերջինիս լիազորությունների իրականացմամբ, և այդ բռնությունը հակադրվում է նրա լիազորությունների իրականացմանը կամ արվում է՝ լիազրությունները դադարեցնելու համար։ Իսկ այս դեպքում, ըստ Բենիկ Գալստյանի, տեսանյութերում հստակ երևում է, որ ոստիկանը հարվածում է քաղաքացուն, վերջինս էլ՝ ոստիկանին։

Նշենք, որ ընդամենը մեկ ամիս քննությունից հետո Հեքիմյանի գործն ուղարկվել է դատարան։

Բենիկ Գալստյանը մեզ հետ զրույցում ասաց, որ մայիսի 14-ին Հատուկ քննչական ծառայությունում Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով) քրեական գործ է հարուցվել՝ Հայկ Հեքիմյանին վնաս պատճառելու դեպքի առթիվ, և վերջինս տուժող է ճանաչվել։

«Հիմա ունենք իրավիճակ, որ միևնույն դեպքի առթիվ մի գործով Հեքիմյանը մեղադրյալ է, ոստիկանը՝ տուժող, Իսկ ՀՔԾ-ում քննվող գործով Հեքիմյանը տուժող է, իսկ ոստիկանը՝ առնվազն կասկածյալ»,- ասաց Գալստյանը՝ միաժամանակ նշելով, որ այս պահի դրությամբ, ֆորմալ առումով, ոստիկանը կասկածյալի դատավարական կարգավիճակ չունի, բայց վկա էլ լինել չի կարող։

Գալստյանն ասաց, որ արդեն մի քանի տարի է՝ Դատախազության կողմից մշակված հայեցակարգ կա, որ նմանատիպ գործերով, երբ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով մեղադրյալը նշում է, որ ոստիկանության աշխատակցի գործողությունները ոչ թե իրավաչափ են եղել, այլ իր նկատմամբ բռնություն է գործադրվել, ընդհանուր քննություն է արվում, գործն ուղարկվում է Հատուկ քննչական ծառայություն, ու ՀՔԾ-ն և՛ ոստիկանի գործողություններին է գնահատական տալիս, և՛ քաղաքացու։

Բենիկ Գալստյանը վստահ է, որ Հայկ Հեքիմյանի գործով, որն ուղարկվել է դատարան, խնդիր է առաջանալու, քանի որ ՀՔԾ-ն դեռ պետք է իրավական գնահատական տա՝ արդյոք ոստիկանի գործողությունները եղել են իրավաչափ։

Լուսանկարում՝ Բենիկ Գալստյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter