
14 հազար դրամ պետական տուրք ցեմենտի, 2000 դրամ` կլինկերի ներկրման համար. ԱԺ-ն ընդունեց նախագիծը
Խորհրդարանն իր աշխատանքները սկսեց մեկ րոպե լռությամբ` Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում հակառակորդի արձակված կրակոցներից զոհված պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Վ. Յ. Խուրշուդյանին հարգանքի տուրք մատուցելով: Ապա խորհրդարանն իրականացրեց երեկ քննարկված հարցերի քվեարկությունը:
Խորհրարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը: Այս փոփոխություններով՝ ցեմենտի ներմուծման համար սահմանվում է 14 հազար դրամ, ցեմենտի հումքի` կլինկերի ներմուծման համար` 2000 դրամ պետական տուրք: Այս պահին գործող կարգավորումների համաձայն` ցեմենտ հնարավոր չէ ներկրել, Կառավարությունը նման որոշում է ընդունել տեղական արտադրողներին պաշտպանելու նպատակով:
Կառավարությունը նախագծի առաջին ընթերցմամբ քննարկմանն առաջարկում էր 25 հազար դրամ տուրք` մեկ տոննա ցեմենտի և 9 հազար դրամ տուրք` մեկ տոննա կլինկերի ներմուծման համար, սակայն Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը մերժեց այն` առաջարկելով այս տարբերակը:
Փոփոխություններն ուժի մեջ են մտնելու հուլիսի 8-ից:
Նախագիծն ընդունվեց 72 կողմ, 7 դեմ և 3 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
Մեկնաբանել