HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՔՊ-ի 161 հոգանոց ցուցակը ներկայացվեց ԿԸՀ. ինչու՞ չկան Ավինյանն ու Մարությանը

Խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակն ու մյուս փաստաթղթերն այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրեց ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ 

Լրագրողների հետ ճեպազրույցում նա հաստատեց, որ ՔՊ-ի ցուցակում չեն լինի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։ Նրա խոսքով՝ գործադիրից մի շարք գործիչներ չկան ցուցակում։

Մեր այն հարցին, թե արդյոք Տիգրան Ավինյանի ցուցակում չլինելու փաստը պայմանավորվա՞ծ է Խաչատուր Սուքիասյանի՝ փոխվարչապետ դառնալու հեռանկարով, Վահագն Ալեքսանյանը պատասխանեց․ «Ես ճիշտն ասած չգիտեմ, թե դուք որտեղից վերցրիք այդ ամեն ինչը, որ ասացիք։ Ես նորից եմ ասում, դեռ պետք է ընտրություններ լինեն, դեռ պետք է կառավարություն կազմվի և նոր արդեն վարչապետ ու փոխվարչապետեր նշանակվեն»։

Անդրադառնալով ցուցակում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի բացակայության փաստին, Վահագն Ալեքսանյանը նշեց, որ թեկնածու լինելը ինքնանպատակ չէ։ Այն հարցին, թե ուզում եք ասել, որ տարաձայնություն չկա՞ Հայկ Մարությանի հետ, նա պատասխանեց․ «Ուզում եմ ասել, որ  թեկնածու լինելն ինքնանպատակ չի»։

ՔՊ-ական պատգամավորը, կուսակցության մամուլի խոսնակը չի լսել Հայկ Մարությանի երեկ արված այն հայտարարությունը, որի համաձայն՝ վերջինիս ընտրությունները ընդհանրապես չեն հետաքրքրում։

Վահագն Ալեքսանյանը նշեց նաև, որ  ՔՊ-ի 161 հոգանոց ցուցակը ներառական է, որը կհրապարակվի այսօր՝ մայիսի 26-ին։

Անդրադառնալով գործարարների՝ ՔՊ-ի ցուցակում ներգրավվածության հարցին, ասաց, որ խնդիրը նրանում է, որ պատգամավորի մանդատ ստացող գործարարը դրանից հետո չզբաղվի գործարարությամբ։ 

«Ես չեմ պատկերացնում այնպիսի քաղաքական ուժ Հայաստանում, որի ցուցակում երբևէ չլինեն գործարարներ»,- հայտարարեց ԱԺ պատգամավորը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter