HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Գործարար, նախկին հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը ցանկանում է լեռնադահուկային համալիր կառուցել Արագածոտնի մարզում

Ռուսաստանաբնակ հայ գործարար, միլիոնատեր (նախկինում միլիարդատեր), Լիոնում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը ցանկանում է Արագածոտնի մարզում լեռնադահուկային համալիր կառուցել։ Ծրագրի շրջանակներում Արագածոտնի մարզի Ուշի, Բյուրական և Ապարան (Վարդենուտ, Արայի, Արագած և Շենավան բանակավայրեր) համայնքների տարածքում նախատեսվում է հիմնադրել «Արագեյթ» լեռնադահուկային համալիրը։

Ներդրումային ծրագրին հավանություն տալու կառավարության որոշման նախագիծը էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Լեռնադահուկային համալիրը կառուցելու համար «Արագեյթ Ինվեսթմենթս» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով կօտարվի 139,2 հեկտար և կառուցապատման նպատակով անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրվի 5 359 հեկտար հողամաս։

Այդ նպատակով ծրագրի իրականացման համար նախատեսված հողամասերը կճանաչվեն հանրային գերակա շահ և կփոփոխվեն նրանց նպատակային նշանակությունները։

Նախագծում ասվում է, որ «Արագեյթ» համալիրի նախագծի հաստատումից հետո կսկսվեն աշխատանքներ Արագածոտնի մարզում բազմակողմանի լեռնային համալիրի կառուցման համար: Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ համալիրի կառուցումը կնպաստի ոչ միայն մեծ թվով աշխատատեղերի ստեղծմանը Արագածոտնի մարզում, այլ նաև համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով, և միայն լեռնադահուկային համալիրի կառուցման համար, ինչպես նշված է նախագծում, կատարվելու է նվազագույնը 172 միլիարդ դրամի ներդրում:

Դեռևս միայն քննարկումների փուլում գտնվող նախագծի հնարավոր մրցակիցները, ըստ էկոնոմիկայի նախարարության, կարող են լինել Սոչիի Ռոզա-Խուտոր, Վրաստանի Գուդաուրի և Բակուրիանի համալիրները, որոնք ևս հանդիսանում են լեռնադահուկային առողջարանային համալիրներ՝ այն տարբերությամբ, որ «Արագեյթ» համալիրի 4-սեզոնային գործունեությունը նախատեսում է շատ ավելի սպորտաձևեր, մասնավորապես՝ սահնակավարություն, դահուկավազք, բիաթլոն, սահադաշտ, դահուկներով քայլք, ամառային սահնակավարություն, արշավներ, բասկետբոլ, լեռնային հեծանվավազք, զիփլայն, գոլֆի խաղադաշտ, պարապլայներ, լեռնագնացություն, գարնանային/աշնանային դահուկավազք, ինչպես նաև միջազգային մրցումներ։

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Արագեյթ Ինվեսթմենթս» փակ բաժնետիրական ընկերությունը հիմնադրվել է 2020թ․ փետրվարի 26-ին։ Ընկերության գրանցման և գործունեության հասցեն Երևանի Տիգրան Մեծ փողոցում է։ ՓԲԸ-ի կանոնադրությունից պարզ է դառնում, որ ընկերության միակ սեփականատերը Նիկոլայ Սարկիսովն է։ 

Նա իր ավագ եղբոր՝ Սերգեյ Սարկիսովի հետ հանդիսանում է Ռուսաստանի ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկի «ՌԵՍՕ-Գարանտյայի» սեփականատերը։

Forbes-ի 2021թ․ վարկանիշում Նիկոլայ Սարկիսովն ու Սերգեյ Սարկիսովը 850-ական միլիոն դոլարով զբաղեցնում են Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակի 141-րդ և 142-րդ հորիզոնականները։ 2014 թվականի վարկանիշով՝ նրանցից յուրաքանչյուրի կարողությունը հասնում էր 1,1 միլիարդ դոլարի։

Սերգեյ Սարկիսովը 2012-2018 թվականներին եղել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, իսկ Նիկոլայ Սարկիսովը 2013-2019թթ․ զբաղեցրել է Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսի պաշտոնը։

Հիշեցնենք, որ այս տարվա ընթացքում սա Արագածոտնի մարզում լեռնային համալիր կառուցելու արդեն երկրորդ նախագիծն է։ Ավելի վաղ, Ապարանի վարչական տարածքում համալիր կառուցելու ներդրումային ծրագիր էր ներկայացրել նաև «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն, որը փոխկապակցված է Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter