HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լոռու ձախողված ծրագրից հետո Ապարանում նախատեսում են հիմնել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր

«Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն էկոնոմիկայի նախարարությանն է ներկայացրել առաջարկ՝ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում 2070 հեկտար ընդհանուր մակերեսով տարածքում ներդրումային ծրագիր իրականացնելու վերաբերյալ, ըստ որի՝ նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։

Ներդրումային ծրագրին հավանություն տալու Կառավարության համապատասխան որոշման նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Այս ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ընկերության համար առաջինը չէ։ 2018 թվականին այս ընկերությունը, որն այդ ժամանակ կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, նախատեսում էր լեռնադահուկային համալիր կառուցել։ 2018 թվականի մարտի 6-ին կառավարության որոշմամբ՝ «Մայմեխ սկի ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությանը թույլատրվել էր 584 հեկտար մակերեսով տարածքում, իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

Սակայն մեկուկես տարի անց՝ 2019թ․ հոկտեմբերի 10-ին, կառավարության մեկ այլ որոշմամբ՝ ուժը կորցրած ճանաչվեց 2018թ․ մարտի 6-ի որոշումը, քանի որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության և պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Բացի այդ, ծրագրի իրականացմանը դեմ էին հարակից Անտառամեջ գյուղի բնակիչները։ Արդյունքում, Մայմեխ լեռան լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը այդպես էլ չիրականացավ։

2021 թվականի փետրվարի 12-ից «Մայմեխ սկի ռեզորթը» վերանվանվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի»։ Էկոնոմիկայի նախարարություն ներկայացրած ներդրումային ծրագրով՝ ընկերությունը նախատեսում է Ապարան համայնքի տարածքում 2070 հեկտարի վրա ստեղծել բազմաֆունկցիոնալ լեռնային համալիր։

Ըստ նախագծի՝ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրը իրականացնելուց հետո կստեղծվի 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180 հազար դրամ աշխատավարձով։ Նախագծում ասվում է, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ն պատրաստվում է շուրջ 15 միլիարդ դրամ ներդնել միայն ճոպանուղու և սահուղիների կառուցման համար։ Եվս 15 միլիարդ դրամ կներդրվի հյուրանոցի կառուցման համար։ Ներկայացված նախագծից պարզ է դառնում, որ ընկերությունը համալիրի տարածքում նաև խաղատուն է հիմնելու։

Նախաձեռնվելու է ծրագրով նախատեսված հողատարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու և նպատակային նշանակության փոփոխման գործընթաց։

Նախագիծը հավանության արժանանալուց հետո կմշակվեն և վարչապետի աշխատակազմ կներկայացվեն նաև դրանից բխող համապատասխան որոշումների նախագծեր:

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներով՝ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017թ․ դեկտեմբերի 21-ին։ Ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է։

Screenshot_2.jpg (57 KB)

«Միկշին» ՍՊԸ-ի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է, որը Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։

Ինչպես արդեն նշեցինք, 2021 թվականի փետրվարի 12-ից «Մայմեխ սկի ռեզորթը» վերանվանվել է «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի»։ Ընկերության կանոնադրական կապիտալը 10 հազար դրամ է։ Ըստ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» 1000plus.am կայքի՝ 2017թ․ հիմնադրված ընկերությունը ընդամենը մեկ վճարում է կատարել՝ 2020թ․ հունվարին, այն էլ միայն մեկ աշխատողի համար։ 

Պետական եկամուտների կոմիտեի կայքի տվյալներով՝ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ի գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։

Screenshot_3.jpg (58 KB)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter