HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դատարկ ենք, օրերն անցնում են, բայց ինքը չկա»,-ասում է զոհված Մեսրոպ Նազարյանի մայրը

Մեսրոպ Նազարյանը զոհվել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին, Շուշիում։ Նա ծառայում էր ոստիկանության ներքին զորքերում։ 21 տարեկան էր։
Հարազատները որդու մահվան լուրն իմացել են նոյեմբերի 13-ին։ Աճյունը ստացել են Սևանի դիահերձարանից՝ նոյեմբերի 15-ին։ Հուղարկավորվել է Խոր Վիրապի գերեզմանատանը՝ նոյեմբերի 16-ին։
Մեսրոպը ռազմաճակատ էր մեկնել սեպտեմբերի 29-ին։ Սեպտեմբերի 27-ին հոր՝ Գևորգի ծննդյան օրն էր։ Տագնապ հրամանով Մեսրոպին կանչել են ոստիկանությունից։ Սեպտեմբերի 28-ին եկել ու ասել է, որ մեկնելու է ռազմաճակատ։ Մեսրոպի մայրը՝ Կարինե Ծատրյանը, ասում է՝ չէր ուզում, որ տղան գնա։ Մեսրոպն ասել է, որ պարտավոր է։ Նրան սկզբում տարել են Ջրական (Ջաբրայիլ)։

Հոկտեմբերի 26-ին Մեսրոպը հերթափոխի է եկել, 29-ին՝ վերադարձել։ Կարինեն խնդրել է որդուն էլ չգնալ, Մեսրոպն ասել է, որ տղաներն իրեն են սպասում, պիտի գնա, որ մյուսներն էլ կարողանան տուն գալ։ Նոյեմբերի 2-ին նրան տարել են Շուշի, բայց հարազատները զոհվելուց հետո են իմացել, որ Մեսրոպը Շուշիում է եղել։ 

Վերջին անգամ ընտանիքի անդամների հետ կապ է հաստատել նոյեմբերի 7-ին, ասել է, թե ամեն ինչ կարգին է իր հետ։ Հետո զանգել է քեռուն ու ասել, որ իրավիճակը սահմանին շատ ծանր է, իրենց վիճակն էլ լավ չէ։ Դրանից հետո հարազատները Մեսրոպից ոչ մի լուր չեն ունեցել։ Որդուց մի քանի օր տեղեկություն չունենալուց հետո՝ նոյեմբերի 9-ին, ընտանիքի անդամները սկսել են տարբեր տեղեր դիմել՝ ոստիկանության ներքին զորքեր, պաշտպանության նախարարություն։ 

Նոյեմբերի 13-ին ոստիկանության զորքերից նրանց հայտնել են, որ տղան զոհվել է։ 

Ծնողները հետո են իմացել, որ իրենց որդին վիրավորված է եղել։ Մեսրոպն ու ընկերը՝ Մհերը, զոհվել են կողք կողքի, մայրն ասում է, որ Մհերի եղբայրն իմացել է, որ Մեսրոպն ու Մհերը վիրավոր են: Կապվել է Մեսրոպի ծնողների հետ ու ասել, որ Մեսրոպի հետ խոսել է, երբ վիրավոր է եղել։ «Մհերի՝ իր հետ զոհված տղու եղբայրը զանգեց մեզ, ասում էր, որ երբ հարցրել է, թե ինչու՞ մեզ չի ասում վիրավորված լինելու մասին, Մեսրոպն ասել է, որ ինքը մեծ եղբայր չունի, ու՞մ ասի, չի ուզում հորն ասել»,-պատմում է մայրը։

Տղան զոհվել է հրազենային հարվածից։ Մարմնի տարբեր հատվածներում՝ ոտքին, մեջքին, վզին, կրծքավանդակին փամփուշտների տեղեր են եղել։ 

Տանը Մեսրոպի սիրած անկյունը հյուրասենյակի բազմոցն էր։ Միշտ էդտեղ էր նստում, մայրն ասում է, որ հիմա բազմոցին նստելիս տղայի ներկայությունն է զգում։ 

«Պատերն էլ գոռում են իր կարոտից, ինձ թվում է՝ շուտով գալու է, ներս է մտնելու։ Հիմա դատարկ ենք, մենակ տունը չէ՝ մենք էլ հետն ենք դատարկ, տնից փախչում ենք, տանը մնալ չենք ուզում, օրերն անցնում են, բայց ինքը չկա»,֊ասում է մայրը։

2019-ի ամռանը Մեսրոպը բանակից զորացրվել է։ Սեպտեմբերին աշխատանքի է անցել ոստիկանության ներքին զորքերում։ Զուգահեռաբար նաև խանութում էր աշխատում, 2020-ի սեպտեմբերին էլ ընդունվել էր ոստիկանության կրթահամալիր։ 

Մայրն ասում է՝ դեռ փոքրուց կարգ ու կանոն շատ էր սիրում, ոստիկանական համազգեստն էլ հաճույքով էր կրում։ Ծնողները տղայի՝ ոստիկան դառնալու որոշմանն այնքան էլ կողմնակից չեն եղել։ Մեսրոպի համար նրանք այլ ապագա էին պատկերացրել, բայց նաև չէին ուզել խանգարել իրենց որդուն։

Մեսրոպը շատ երազանքներ ուներ։ Ուզում էր վերանորոգել Արարատի մարզի Շահումյան գյուղի իրենց տունը, ամուսնանալ, աշխատանքում լավ արդյունքների հասնել։ Սիրում էր հողագործությունը, ընտանի կենդանիներ էր պահում։ Մայրն ասում է, որ որդին չէր թողնում՝ ինքը խառնվի գյուղատնտեսական աշխատաննքերին։ «Ասում էր՝ ես ու պապան կանենք, դու նստի տեղդ»:

Մեսրոպը մի քույր ունի՝ Անուշը։ Քույր ու եղբայր իրարից շատ տարբեր են։ Մեսրոպն ավելի նուրբ էր բնավորությամբ։ Խոսելիս շատ զգույշ էր, ձգտում էր այնպես անել, որ իր խոսքով ոչ մեկին չվիրավորեր։

Քույր ու եղբայր շատ էին կռվում։ «Ամբողջ տունը տակն ու վրա էին անում, քանդում ամեն ինչ, Անուշի հոգու հետ շատ էր խաղում, հիմա ասում եմ՝ երանի էլի էդ աշխուժությունը լիներ իմ տանը»,-պատմում է մայրը։

Մեսրոպենց տուն մեզ ուղեկցում էր նրա մանկության ընկերը՝ Դավիթ Թովմասյանը։ Փոքր հասակից ճանաչում էին իրար, ավելի էին մտերմացել Արարատի տարածաշրջանային պետական քոլեջում սովորելու տարիներին։ Մեսրոպը քոլեջում արդյունաբերության և տրանսպորտային ծառայությունների բաժնում էր սովորում,  Դավիթը՝սոցիալ-տնտեսագիտական և հաշվապահության։ Հոկտեմբերի  26-ին, երբ Մեսրոպը արձակուրդ էր եկել, գնացել էր Դավիթենց տուն։ Դավիթն ասում է՝ շատ բան ընկերը չէր պատմում։ Ընկճված չէր, մարտական էր տրամադրված։

Գնալու օրը զանգել էր Դավիթին։ Հետո Դավիթն իմացել է, որ ընկերը Շուշիում է։ Դավիթը Մեսրոպի մասին խոսելիս առաջինն ընդգծում է նրա բարի սիրտը։ 

«Մեսրոպն ուրիշ տեսակ տղա էր, ընկերների, ընտանիքի համար ամեն ինչի պատրաստ էր, եթե իմանար մի բանով կարող է օգնել, անպայման անելու էր, շատ մեծ սիրտ ուներ»,- ասում է Դավիթը։

 Մեսրոպը սիրած աղջիկ ուներ, որոշել էին 2020 թվականի դեկտեմբերին նշանել նրանց։ Մայրն ասում է՝ մի քիչ շտապել ու նշանադրության համար մատանի էին գնել։  Մեսրոպի ընկերուհուն թույլ չեն տվել մասնակցել նրա հուղարկավորությանը։ Կարինեն ասում է՝ չեն ուզել, որ աղջիկն իր փեսացուին զոհված տեսնի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter