
Մայրը 7 ամիս անց գտել է զոհված որդուն, ում Արցախի հերոսի կոչում են շնորհել
Մայիսի 24-ին Եռաբլուրում մայոր Դավիթ Առուշանյանի հուղարկավորությունից հետո նա արժանացել է Արցախի հերոսի կոչման:
Հանրակացարանի բացօթյա պատշգամբում մայոր Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը, մեզ նկատելով, ներս է գնում, քիչ անց բացում դուռը: Հանրակացարանի մեկ բնակարանը՝ երեք սենյակով, երեք տարբեր ընտանիքների է պատկանում: Դրանցից մեկում էլ մեծացել է մայոր Դավիթ Առուշանյանը:
Սենյակն ավելի փոքր է թվում ներսում եղած բազմաթիվ իրերի պատճառով: Բազմոցի դիմաց որդու մեծ լուսանկարն է, պահարաններին նրա մանկության խաղալիքները: Դրանցից ամեն մեկը մի պատմություն ունի: Որդու մասին հիշեցնող ամենափոքր դետալն անգամ պահել է տիկին Լիդան:
Սեպտեմբերի 29-ից մինչեւ ապրիլի վերջ, երբ այցելեցինք մայոր Առուշանյանի հարազատներին, նրանից որեւէ լուր չունեին: Դավիթը «Եղնիկներից» Մատաղիս-Թալիշ ուղղությամբ էր շարժվել: Տիկին Լիդան մեզ պատմել էր, որ որդու առաջին տանկը խփվել է, ինքն էլ կոնտուզիա է ստացել, երկրորդ տանկ է տեղափոխվել, հետո երկրորդի զինամթերքն է վերջացել, տեղափոխվել է երրորդ տանկ. «Երրորդ տանկն էլ մխրճվել է թշնամու մեջ՝ խուճապ առաջացնելով եւ նպաստելով մեր զորքերի առաջխաղացմանը: Հետը երեք հոգի են եղել, մի սպա էլ «Եղնիկներից» էր նստել, երբ տեսել էր, որ Դավիթը վիրավորվել է, նստել էր որ օգնի: Մինչեւ հիմա ոչ անձնակազմը կա, ոչ տանկը»:
Ապրիլի 29-ին «Հետքում» մեր հրապարակումից երկու օր հետո Լիդա Առուշանյանը գնացել է Արցախ՝ որդուն փնտրելու: Երկու շաբաթ մնացել է Ստեփանակերտում: Այդ ընթացքում հանդիպել է Դավիթի հրամանատարությանը (ծառայում էր Իվանյանի զորամասում), Արցախի նախագահին:
Տիկին Լիդան ասում է՝ երբ իմացավ, որ բոլոր հետքերը տանում են «Եղնիկներ», ցանկացավ հանդիպել «Եղնիկների» հրամանատար Կարեն Ջալավյանին: Երբ զանգել էր վերջինիս, մտածել էր, թե դժվար հաջողվի հանդիպել՝ հաշվի առնելով, որ հրամանատարը դիրքերում էր: Ջալավյանը, սակայն, հեռախոսազրույցի ժամանակ ասել էր, որ անձամբ կայցելի տիկին Լիդային:
«Պատմում էր, որ սկզբից տանկային շարասյունը պիտի գնար, դրանից հետո՝ ՀՄՄ-ները, Դավիթը հենց դրա մասնագետն է: Երբ տանկերը չեն գնացել, Դավիթը ջղայնացել է, ինքն է մենակ մի տանկով գնացել: Գնացել է Արեգասարի 4-րդ պոստի ուղղությամբ: Ջալավյանն այն կարծիքին է, որ Դավիթը մենակ է մնացել, ընկեր չի եղել, երբ նահանջի հրաման են տվել, ասել են՝ սպասի, որ տանկերը գան, ասել է՝ ժամանակ չկա, ու գնացել է»,- ասում է մայրը:
Այդ զրույցից ավելի ուշ Կարեն Ջալավյանը տիկին Լիդային տեղեկացրել է, որ երեք աճյուն են բերել, եւ կասկածներ ունի, որ մեկը Դավիթն է: Երեւանում ԴՆԹ անալիզի պատասխանը համընկել էր տիկին Լիդայի, ապա Դավիթի որդու հետ:
Բազմոցի վերեւում 71-ամյա կնոջ սրտի դեղերն են, ճնշման սարքը: Խնդրում եմ միասին նայել Դավիթի լուսանկարները:
«Էս ա՝ Դավոս ա, առաջին դասարան, 1996 թ.: Նկարի հետեւում էլ գրել եմ: Էս մի նկարը մեր գործարանում է արված, Դավիթին գնդի որդի էին ասում»,- կանգ ենք առնում նկարներից ամեն մեկի վրա:
Տիկին Լիդան հիշում է, որ երբ Դավիթը տարրական դասարանում էր սովորում, «Մոխրոտիկը» պետք է բեմադրեին: Դավիթին արքայազնի դեր էին տվել, բայց տուն գալով՝ մորն ասել էր, որ ուսուցչուհուն խնդրի՝ դերը փոխի, քանի որ ամաչում է: Երբ մայրը դպրոցում հանդիպել էր ուսուցչուհուն՝ փոխանցելով որդու խնդրանքը, վերջինս ասել էր. «Դավիթ ջան, դու պատրաստի արքայազն ես, ինչի՞ փոխեմ»:
«Ճիշտ ա՝ վատ ենք ապրել, բայց ես իրեն լավ եմ պահել»,- ասում է տիկին Լիդան: Մենք դեռ թերթում ենք լուսանկարները, միաժամանակ՝ նաեւ հիշողությունները Դավիթի մասին: Իսկ դրանք այնքան շատ են:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 24-ին Եռաբլուրում Դավիթ Առուշանյանի կնոջն է հանձնել հետմահու նրան շնորհված Արցախի հերոսի «Ոսկե արծիվ» շքանշանը:
«Ես չկարողացա գնալ մեդալը վերցնել, հարսն է վերցրել: Ես ջախջախված վիճակում եմ»,- ասում է մայրը:
Պատերազմի օրերին ներկայացնելով մարտի դաշտում մեր զինծառայողների արիության ու սխրանքների օրինակները՝ հոկտեմբերի 3-ին ՊՆ-ն Դավիթ Առուշանյանի մասին հայտարարեց հետեւյալը.
Ս.թ. հոկտեմբերի 2-ին մոտոհրաձգային գումարտակի հրամանատար, մայոր Դավիթ Նիկոլայի Առուշանյանը ՀՄՄ-ով մարտի է բռնվել եւ խոցել հակառակորդի 4-ից ավել զրահատեխնիկա ու մեծ քանակության կենդանի ուժ:
Հակառակորդի կողմից իր մարտական մեքենան խոցվելուց եւ իր վիրավորվելուց հետո խուճապի չի մատնվել եւ, ցուցաբերելով սառնասրտություն, դուրս է եկել խոցված ՀՄՄ-ից, մտել այլ ՀՄՄ եւ մարտը շարունակել մինչեւ վերջին արկը: Երկրորդ ՀՄՄ-ի զինամթերքը սպառվելուց հետո մայոր Դավիթ Առուշանյանը չի լքել ռազմի դաշտը, այլ մտել է երրորդ ՀՄՄ-ն եւ քաջաբար շարունակել մարտը՝ մխրճվելով հակառակորդի պաշտպանության խորքը: Մայոր Դավիթ Առուշանյանի վճռականության շնորհիվ ստորաբաժանումը կարողացել է կատարել մարտական խնդիրը:
Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
Մեկնաբանել