HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարչապետին քննադատած դպրոցի տնօրենին կանչել էին Արարատի մարզպետարան. մարզպետը չի հերքում, որ գրաքննությամբ են զբաղվում

Ապրիլին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանից հետո Արարատի մարզի Զորակ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Տիգրան Բաբախանյանը «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում քննադատական գրառում էր արել գործող իշխանության եւ վարչապետի հասցեին: Հաջորդ օրը դպրոց հասնելուց հետո մարզպետարանից զանգ էր ստացել՝ շտապ կանչել էին մարզպետարան: Դպրոցից դուրս գալուց գործընկերներին կատակով ասել էր, թե գնում է դիմում գրելու: «Մարզպետարանում ասեցին՝ ինչի՞ համար ես գրել, ի՞նչ ես արել: Ասացի՝ լավ, ի՞նչ է ձեր ուզածը, ի՞նչ է դրված սեղանին: Ասեցին՝ կա՛մ դիմում ես գրում, կա՛մ վաղը մտնում են դպրոց ստուգումների»,- պատմում է Տիգրան Բաբախանյանը:

Նա ընտրել է ազատման դիմում գրելու տարբերակը՝ ասելով, թե թույլ չի տա դպրոց մտնել ստուգումների: Ասում է՝ քանի որ արդեն տրամադրված էին իր հանդեպ, ապա ցանկացած տնօրենի պարագայում ստուգումներ անելիս ինչ-որ թերություններ հնարավոր է գտնել: Այդ դեպքում ինքը, իհարկե, կարող էր կայացված ակտը վիճարկել դատարանում, սակայն դա երկար ժամանակ պահանջող գործընթաց էր լինելու: Բաբախանյանը նշում է, որ իրեն միջնորդավորված են ասել աշխատանքից դուրս գալու մասին՝ մարզպետարանի գլխավոր քարտուղար Արթուր Մկրտչյանի անունից: Ավելացնում է, որ անձամբ չի հանդիպել մարզպետի, փոխմարզպետի կամ գլխավոր քարտուղարի հետ, չնայած մի քանի անգամ դիմել է մարզպետի հետ հանդիպման համար: «Թույլ չտվեցին, որ հանդիպեմ: Ուղղակի ուզում եմ նայել նրա աչքերի մեջ եւ հարցնել՝ ինչի՞ եք ինձ ազատում աշխատանքից, ի՞նչ եք ուզում, որ ես չանեմ՝ չմտահոգվե՞մ իմ պետության համար, իմ կարծի՞քը չունենամ»,- նկատում է «Հետքի» զրուցակիցը:

Տիգրան Բաբախանյանը 20 տարի աշխատում է կրթության ոլորտում: Կենսաբանության ուսուցիչ է: 1999-2001 թթ. աշխատել է Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղում, ապա Արարատի մարզի Այնթապ գյուղում, վերջին 10 տարիներին Զորակի դպրոցի տնօրենն էր: Այս ապրիլին՝ գրառումից եւ մարզպետարան կանչվելուց օրեր անց, տնօրենի պաշտոնից ազատման դիմում է գրել՝ մնալով որպես կենսաբանության ուսուցիչ:

Նկատում է, որ այդ քննադատական գրառումն առաջինը չէր, եւ երկրի անվտանգության մասին իր մտահոգությունները ժամանակ առ ժամանակ բարձրաձայնել է, բայց միայն ապրիլին արված գրառումից հետո են կանչել: «Հստակ գիտեմ, որ էդ գրառումը քսերոքսով մարզպետարանում է: Իբր թե կրթության հարցերով զբաղվող մեկը կա, որին դեմքով չեմ տեսել, բայց գիտեմ, որ ինքն ուղղակի նստած տնօրենների սոցցանցի էջերին է հետեւում: Ինձ նույնիսկ ասել էին, որ քո հարցը քննարկվել է ՔՊ-ի երեւանյան գրասենյակում, որ ես պիտի դուրս գամ»,- նշում է նախկին տնօրենը:

Տիգրան Բաբախանյանն ասում է, թե հիմա էլ ցանկանում են մանկավարժությունից զրկել իրեն: «Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին ստիպում են, որ ինձ աշխատանքից հանի: Նա էլ ասում է՝ ի՞նչ հիմքով: Հարցնում են՝ դասի գալի՞ս է, ասում է՝ հա, գալիս է, դասերը պարապում, գնում»,- ասում է կենսաբանության ուսուցիչը՝ ավելացնելով, որ եթե աշխատանքից ազատեն, ապա դատարանով կվերականգնի իր իրավունքները:

«Ինձ չեն կարող մանկավարժությունից հանել, ուղղակի չեն կարող։ Կարող են կյանքս խլել, գործ հարուցել եւ այլն, բայց մանկավարժությունից զրկել չեն կարող»,- նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ տնօրենի պաշտոնից հրաժարվելուց հետո հազիվ էր զսպել աշակերտներին, ծնողներին, ուսուցիչներին, որ ճանապարհը չփակեն: Իսկ երբ մարզպետարանի աշխատակիցը գնացել էր դպրոց՝ փաստաթղթերի հանձնում-ընդունում անելու, ըստ Բաբախանյանի, աշակերտները բակում չէին թողել, որ հեռանա՝ իրենց դժգոհությունը հայտնելով: Ուսուցիչներից եւ ծնողներից նաեւ մարզպետարան էին դիմել՝ ասելով, թե գործադուլ, դասադուլ կանեն, թող վերանայեն իրենց դիրքորոշումը:

Տիգրան Բաբախանյանի խոսքով՝ դպրոցը կրթության համար է, եւ ինքն արմատապես դեմ է դասադուլներին ու գործադուլներին: Ասում է, թե նույնիսկ 2018 թ. «հեղափոխության» օրերին, երբ հանրապետության շատ դպրոցներ դասադուլ էին անում՝ ճանապարհներ փակելով, իր դպրոցը կանոնավոր դասեր է արել:

«Մեր էլիտան այսօր մեր ուսուցիչներն են, դասախոսական կազմը, կրթության ոլորտի ներկայացուցիչները, որոնց հետեւից երեխաներ են գալիս: Եվ հայրենասիրությունը քարոզ անելով չէ: Երեխան պետք է տեսնի՝ մենք ինչ ենք անում: Ուսուցիչների լռելը, անտարբեր մնալը նույնն է, ինչ թուրքն անում է՝ քայլելով մտնելով մեր սահման»,- ասում է Տիգրան Բաբախանյանը:

Նշում է, որ վերջերս իր վաղեմի գործընկերներից մեկի հետ զրույցում, ով Կապանի դպրոցներից մեկի տնօրենն է, վերջինս ասել էր, թե տեղյակ են իր հետ կատարվածից, բայց վախենում են խոսել: Ըստ Տ. Բաբախանյանի՝ Արարատի մարզում, բացի իրենից, եւս երկու տնօրեն աշխատանքից ազատման դիմում է գրել:

Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանին գրավոր հարցեր էինք ուղարկել։ Հետաքրքրվել էինք, թե վերջին 2 ամսում մարզում քանի տնօրեն է ազատվել աշխատանքից եւ ինչ հիմնավորմամբ: Մարզպետը նշել է երկու հոգու մասին՝ Տ. Բաբախանյանի, ով ազատվել է սեփական դիմումի համաձայն, եւ Բաղրամյա գյուղի դպրոցի տնօրեն Ռուզաննա Թադեւոսյանի, որի վերաբերյալ մարզպետ Թեւոնյանն առնվազն տարօրինակ հիմնավորում է մեջբերել. «Նրա նկատմամբ վստահությունը կորցնելու հիմքով»: Թե մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը օրենսդրության եւ օրինականության տեսանկյունից ինչպես է ընկալում դպրոցի տնօրենին «վստահություն կորցնելու» հիմքով պաշտոնից ազատելը, դժվար է ասել:

Մեր հարցին, թե մարզպետարանն ինչու է զբաղվում դպրոցների տնօրենների սոցցանցային գրառումների գրաքննությամբ, Թեւոնյանը չի պատասխանել, ավելի ճիշտ կլինի ասել՝ չի հերքել: Այսինքն՝ Արարատի մարզպետարանը տնօրեններին գրաքննում է, բայց թե ինչ իրավունքով, Ռազմիկ Թեւոնյանը չի ասում. ենթադրում ենք՝ չի կարող ասել, որովհետեւ նման իրավունք ՀՀ օրենսդրությամբ ո՛չ նա, ո՛չ որեւէ այլ ոք չունի:

Հարցին էլ, թե արդյոք մարզպետարանը տեղյակ է, որ ճնշումներ են գործադրվում Զորակի դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի վրա՝ ստիպելով աշխատանքից ազատել կենսաբանության ուսուցիչ Տիգրան Բաբախանյանին, մարզպետ Թեւոնյանը տվել է խուսափողական պատասխան, թե իբր Տիգրան Բաբախանյանին աշխատանքից ազատելու հարցը գտնվում է տնօրենի պաշտոնակատարի իրավասության շրջանակներում։

Հ.Գ. Հրավիրում ենք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ուշադրությունն այս թեմայի վրա:

Առաջին լուսանկարում՝ Տիգրան Բաբախանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter