HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Խոակին Կապառոս․ «Մխիթարյանը հիանալի ֆուտբոլիստ է և շատ կարևոր՝ հավաքականի համար»

Հենրիխ Մխիթարյանը Հայաստանի ազգային հավաքականի համար շատ կարևոր ֆուտբոլիստ է։ Այսպիսի հայտարարություն արեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ Խորվաթիայի ընտրանու դեմ հունիսի 1-ին կայանալիք ընկերական հանդիպումից առաջ կայացած  նախախաղային ասուլիսին։ 

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրավեր չի ստացել՝ մասնակցելու Խորվաթիայի և Շվեդիայի դեմ ընկերական խաղերին։

Իսպանացի մասնագետը շեշտեց, որ արդեն իսկ մեկնաբանել է Մխիթարյանին հավաքական չհրավիրելու որոշումը, սակայն մեկ անգամ ևս ավելի մանրամասն կպարզաբանի։ Կապառոսը նշեց, որ առաջիկա ընկերական խաղերում հնարավորություն է տալու իրենց դրսևորել երիտասարդ խաղացողներին, այդ իսկ պատճառով մի քանի խաղացողներ դուրս են մնացել հայտացուցակից։ Միևնույն ժամանակ Կապառոսը հույս հայտնեց, որ Մխիթարյանը կօգնի թիմին՝ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի՝ սեպտեմբերին կայանալիք խաղերի ժամանակ։

«Հենոն հրաշալի ֆուտբոլիստ է և շատ կարևոր մեր կոլեկտիվի համար։ Վստահ եմ, որ սեպտեմբերին կայանալիք խաղերին Մխիթարյանը մեզ կօգնի, քանի որ մեզ շատ հետաքրքիր և հաճելի մարտահրավեր է սպասվում, որին մոտենում ենք մեծ խանդավառությամբ»,- ասաց Խոակին Կապառոսը՝ ընդգծելով, որ իր 40 տարվա մարզչական կարիերայի ընթացքում որևէ մեկը չի կարողացել ազդել իր որոշումների վրա կազմի ընտրության հարցում, և եթե մի օր այդպիսի բան լինի, ապա ինքը կվերադառնա տուն և այլևս չի մարզի հավաքականը։ 

Ազգային ընտրանու հրավեր չստանալու փաստը Հենրիխ Մխիթարյանն անարձագանք չէր թողել։ Ֆեյսբուքյան իր էջում Մխիթարյանը գրառում էր արել՝ զարմանք հայտնելով կատարվածի վերաբերյալ։

«Ի զարմանս ինձ՝ Հայաստանի ազգային հավաքականի մարզչական շտաբն ինձ տեղեկացրել է, որ ինչ-որ պատճառներով ես չեմ հրավիրվում հավաքական՝ առաջիկա միջազգային հանդիպումներին մասնակցելու համար։ Բերված պաշտոնական պատճառները չեն բավարարում ինձ։ Այնուամենայնիվ, ես կանգնած եմ տղաների կողքին և հաջողություն եմ մաղթում նրանց առաջիկա խաղերում»,- գրել էր «Ռոմայի» 32-ամյա կիսապաշտպանը։

Հավելենք, որ հունիսի 1-ին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 20։00-ին) Հայաստանի ազգային հավաքականը Վելիկա Գորիցա քաղաքի մարզադաշտում ընկերական հանդիպում կանցկացնի Խորվաթիայի հավաքականի դեմ, իսկ հունիսի 5-ին (մեկնարկը՝ Երևանի ժամանակով 22։45-ին) Ստոկհոլմի «Ֆրենդս Արենա» մարզադաշտում կհյուրընկալվի Շվեդիայի ազգային ընտրանուն։

Լուսանկարը՝ ՀՖՖ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter