HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Իմքայլական Հայկ Սարգսյանը խլել է լրագրողի հեռախոսը ու ջնջել հարցազրույցի տեսագրությունը

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հերթական անգամ հայտնվել է միջադեպի առանցքում. նա բռնի կերպով խլել է «Հրապարակ» օրաթերթի լրագրող Անուշ Դաշտենցի աշխատանքային գործիքը` հեռախոսը և վերադարձրել միայն ժամեր անց:

Դաշտենցը հունիսի 3-ի երեկոյան՝ տուն գնալիս, նկատել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության «Կազիրյոկի» մոտ տեղակայված նախընտրական շտաբի տարածքը մարդաշատ է, այնտեղ է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Վերջինս մոտեցել է, ներկայացել, որ լրագրող է և հարց ուղղել խաղաղապահ զորքերի հրամանատար Ռուստամ Մուրադովի ռուսաստանյան բանակցություններից: Հարցը լսելուն պես Սարգսյանը վրդովվել է, բռնի կերպով խլել լրագրողի հեռախոսը ու փորձել ջնջել տեսագրությունը, սակայն չկարողանալով ապակոդավորել այն՝ նստել է իր ավտոմեքենան և հեռացել: Երբ Անուշ Դաշտենցն ասել է, որ ոստիկանություն կդիմի, շտաբի մոտ հավաքված անձինք ասել են` բայց ո՞վ է ինչ տեսել որ: Վազել է ավտոմեքենայի հետևից, պահանջել հեռախոսը, սակայն Սարգսյանն ասել է՝ մինչև չսովորես քեզ նորմալ լրագրողի պես պահել, չեմ տալու, ասում է մեր զրուցակիցը` հավելելով, որ երկրորդ անգամ է առնչվում Սարգսյանի հետ, խորհրդարանական աշխատանքը չի լուսաբանում, այսինքն՝ պատգամավորը չէր ճանաչել իրեն:

Լրագրողը, սակայն, վստահ է, որ այդ տարածքում կան տեսախցիկներ, ուստի պահանջելու է միջադեպի տեսագրությունը: Միջադեպից հետո Դաշտենցը զանգահարել է ՔՊ-ի համամասնական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներից մեկին` խնդրելով միջնորդել հեռախոսը վերցնելու համար, վերջինս իր օգնականի միջոցով փոխանցել է հեռախոսը: Հեռախոսը վերադարձվել է ապակոդավորված և հարցազրույցի տեսագրությունը ջնջված: Ոստիկանությունից այսօր զանգահարել են լրագրողին և հրավիրել բաժին: Վաղը վերջինս հաղորդում կներկայացնի ոստիկանությունում` պահանջելով առգրավել այդ տարածքի տեսախցիկների տեսագրությունը, որտեղ, նրա համոզմամբ, միջադեպը ֆիքսված կլինի: Ոստիկանությունից մեզ հայտնեցին, որ լրագրողի կողմից հաղորդում ներկայացնելուց հետո ընթացքի մասին կտեղեկացնեն:

Պատգամավոր Հայկ Սարգսյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ իրականում միջադեպն այլ կերպ է եղել: Երեկոյան ոչ աշխատանքային ժամի Երևանի կենտրոնում շրջել է ընկերների հետ ու նկատել, որ իրեն նկարահանում են:

«Մոտենում է ինձ, նկարելով ու պտտվելով՝ նկարում ինձ ու ընկերներիս, որը ոչ ինձ, ոչ շրջապատիս հաճելի չէր: Ես ասում եմ` խնդրում եմ ինձ մի նկարեք, ես աշխատանքի տեղում չեմ, իրավունք ունեմ շրջել քաղաքում, ու որևէ մեկը չի կարող ազատությունս սահմանափակել: Ես, բացի պատգամավոր լինելուց, առաջին հերթին քաղաքացի եմ, բայց նա շարունակում է նկարել»,- ասաց օրենսդիրը` հավելելով, որ վերցրել է հեռախոսը, ջնջել տեսագրությունը և գործընկերներից մեկի միջոցով հեռախոսը փոխանցել: Թե ինչ իրավունքով է պատգամավորը լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտել և ջնջել տեսագրությունը և արդյոք գիտի, որ դա քրեորեն պատժելի արարք է, Սարգսյանը որևէ հարցի չպատասխանեց ու շտապեց իր աշխատասենյակ:

Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի համաձայն` լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելը պաշտոնատար անձի կողմից քրեորեն հետապնդելի արարք է:

Դեռևս տարեսկզբին Հայկ Սարգսյանի և Yerevan.today-ի լրագրող Սյուզի Բադոյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, երբ պատգամավորը հրել էր լրագրողին: Այս դեպքից հետո ԱԺ աշխատակազմը լրագրողի հավատարմագրումը հաջորդ նստաշրջանին չէր հաստատել, ինչը խմբագրությունը կապում էր այդ միջադեպի հետ, սակայն հավատարմագրումը դատական կարգով հաստատվեց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter