Թեժ բանավեճ խորհրդարանում՝ իշխանության ու ընդդիմության միջեւ. թեման Ռոբերտ Քոչարյանն էր
Խորհրդարանի նիստն ինչպես առավոտյան, այնպես էլ կեսօրին շարունակվեց բանավեճով: Առավոտյան «Իմ քայլը» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը, դիմելով նախկին գործընկերոջը՝ այժմ «Հայաստան» դաշինքի ցուցակի պատգամավորի թեկնածու Աննա Գրիգորյանին, խորհուրդ տվեց դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին գնալ թերապևտի մոտ` վախը չափելու և նախընտրական բանավեճի մասնակցելու համար, որի առաջարկն արել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Վահագն Ալեքսանյանի ելույթի ժամանակ, չնայած Աննա Գրիգորյանը դահլիճում էր և կարող էր վարման կարգով արձագանքել, քանի որ իր անունը հնչել էր, սակայն ելույթով հանդես եկավ մի քանի ժամ անց:
«Այսօր իշխանական պատգամավոներից մեկը, ում լայն հանրությունը ճանաչում է բացառապես այն պատճառով, որ գործընկերներին ուսապարկ էր անվանել, մոտենում է ամբիոնին ու ասում, որ չի վախենում Ռոբերտ Քոչարյանից։ Դրան ի պատասխան՝ հնչում են ծափահարություններ չվախենալու կապակացությամբ: Շատ լավ է, շնորհավորում եմ»,-ասաց Գրիգորյանը:
Պատգամավորը հարց հնչեցրեց, թե ուր էին պատերազմի ժամանակ քաղաքական մեծամասնությա պատգամավորները, նոյեմբերի 9-ից հետո ո՞ր բունկերում էին: Վերջինս հայտարարեց` Ռոբերտ Քոչարյանը չի պատրաստվում հեռուստաբանավեճի մասնակցել` ասելով, թե նա չի կարող բանավիճել մի իշխանության հետ, ում կառավարման օրոք հանձնվել է Արցախի 75%-ը, ում կառավարման հետևանքով հինգ հազար զոհ, տասը հազարից ավելի վիրավորներ ունենք, և մի իշխանության, որը թաքցնում է, թե քանի գերի, զոհ ու անհետ կորած ունենք:
Աննա Գրիգորյանի ելույթից հետո խոսեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արփինե Դավոյանը։ Նրա խոսքով՝ Աննա Գրիգորյանը հաստատեց, որ դաշինքի առաջնորդը չի պատրաստվում մանսակցել որևէ բանավեճի: Ըստ Դավոյանի` պատգամավորի նշած պատճառաբանությունները որևէ արժանահավատություն չունեն:
«Որովհետև, երբ ձեր դաշինքի առաջնորդը երկրի ղեկավարն էր, այս դահլիճում տեղի է ունեցել ոճրագործություն, ու նա ասում էր, որ դա ուչաստկովիի գործ է: Ու դուք դեռ երես ունեք խոսել Արցախը հանձնելու, դավաճանանության մասին: «Իմ քայլից» որևէ մեկը չի վախենում, ով վախեցել է, իր տեղը գտել է, և դա այնքան էլ մեծ կորուստ չէր մեզ համար»,-ասաց Դավոյանը:
Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` ասելով, որ նիստերի դահլիճում այդքան երկար վախի թեման քննարկվում է այն պատճառով, քանի որ ընդիմադիր թեկնածուներից մեկն ասոցացվում է մահվան հետ:
«Որովհետև Հոկտեմբերի 27 է եղել, երբ ինքը եղել է երկրի անվանգության երաշխավորը, ու հլը պատմության ընթացում կպարզենք՝ արդյոք անվտանգության երաշխավոր չլինելն իր միա՞կ մասնակցությունն է եղել այդ ամենում, թե ոչ, որովհետև իր պաշտոնավարման տարիներին եղել է Մարտի 1, Երևանի փողոցներում գնդակահարվել է 10 մարդ, մարդու գլուխը զուգարանում էնքան են խփել լվացարանին, որ մահացել է, դրա համար է ասոցացվում մահվան հետ: Մարդիկ վախեցել են իր պաշտոնավարման օրոք, ու մեծամասնությունն էստեղ նստած է»,-ասաց Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը խորհուրդ տվեց Ռոբերտ Քոչարյանին մրցակցել Սերժ Սարգսյանի հետ, ապա անդրադարձավ Քոչարյանի այն դիտարկմանը, թե «Քաղաքացիական պայմանագիր»-ը կադրեր չունի: Սիմոնյանը հիշեցրեց, որ Աննա Գրիգորյանը իրենց կադրն է, ապա ընդգծեց` նույնիսկ անհաջող կադրը: Ըստ Սիմոնյանի կանխատեսումների` «Հայաստան» դաշինքը երկար կյանք ունենալ չի կարող:
«Ամսի 21-ին լույսը բացվելու է, ու էդ փուչիկից ոչ մի բան չի մնալու… Եկեք բանավեճի ու պատասխանեք` ո՞վ է դուրս թողել Արցախը բանակցային պրոցեսից: Ինչքան էլ փիարշիկների վարձեք ու մարդասպանության, արյան հետ ասոցացվող մարդու մաքրամաքուր կերպար ներկայացնեք: Նա փորձելու է 10-հոգանոց ֆրակցիա ձևավորել, որ հետագա դատավարությունների ժամանակ այս ամենը ներկայացնի որպես քաղաքական հետադնում։ Ձեր զրուցակիցը Սերժ Սարգսյանն է»,-եզրափակեց նա:
Քաղաքական մեծամասնության մեկ այլ պատգամավոր` Արուսյակ Ջուլհակյանն էլ ընդգծեց` որոշ շրջանակներ հիշել են ժողովրդի գոյության մասին, հիշել են, որ ՀՀ-ն ունի ժողովուրդ, և որ ինքնիշխանության ողնաշարը Հայաստանի ժողովուրդն է:
«Ժողովրդի ցասումից են խոսում այս մարդիկ, հիշել են ժողովրդին այն բանից հետո, երբ ժողովուրդը 2018-ին ցույց տվեց իրենց իրական տեղը, իսկ մինչ այդ ունեցել ենք կեղծված ընտրություններ, ունեցել ենք 2003 թվական, 2004-ի ջարդեր, այդ ժամանակ ժողովրդին չէին հիշում: Մենք ունեցել ենք ունեզրկված քաղաքացիներ, կենտրոն, որտեղից մեկ օրում դուրս են շպրտվել ՀՀ քաղաքացիները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից, մեկ օրում դարձել են անօթևան»,-ասաց պատգամավորը:
Զուլհակյանն անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի այն պնդումներին, թե իր կառավարման տարիներին տնտեսական աննախադեպ բարձր աճ է գրանցվել` ընդգծելով, որ այդ «աճը» այժմ պատճառ է դառնում, որ ունեզրկված քաղաքացիներին ՄԻԵԴ-ում հաղթած գործերով հարկատուների հաշվին փոխհատուցումներ տրվեն:
Վահագն Ալեքսանյանն էլ արձագանքեց Աննա Գրիգորյանի այն հարցին, թե ուր էին իրենք նոյեմբերի 9-ից հետո:
«Տիկին Գրիգորյանը լավ կանի ասի` արդյոք ամուսնու եղբայրը, որը մեկն էր կառավարություն գրոհողներից, ասի` ինքն է՞լ է, արդյոք, Մարտիրոս Սարյանի նկար գողացողներից մեկը, ծախեցի՞ն այն, թե ոչ»:
Ալեքսանյանի ներկայացմամբ` Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչն ԱԺ դահլիճում քմծիծաղով ասում է` Քոչարյանից չեք վախենում:
«Էս դահլիճի պատերը դեռ ներծծված են Հոկտեմբերի 27-ի արյամբ, որը տեղի է ունեցել իր նախագահության օրոք, իսկ Հոկտեմբերի 27-ը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ անվտանգության խորհրդի նիստում Կարեն Դեմիրճյանն ու Վազգեն Սարգսյանը դեմ են քվեարկել Մեղրին հանձնելու Քոչարյանի առաջարկին»,-ասաց նա:
Այս անգամ էլ Ալեքսանյանը խորհուրդ տվեց «Հայր մերը» սովորեցնել Ռոբերտ Քոչարյանին, որպեսզի նա աղոթի ու մասնակցի հեռուստաբանավեճի:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, լսելով երկու կողմերի կշտամբանքները, եկավ այն եզրակացության, որ երկուսի իշխանության գալն էլ կործանարար է լինելու: Նա անգամ առաջարկեց ՔՊ-ին ինքնաբացարկի դիմում ներկայացնել` վկայակոչելով Քոչարյանի այն խոսքերը, որ այս իշխանությունն իր ոչ մի խոստում չի իրականացրել, այդ թվում` իրեն դատապարտելու: Մարուքյանն ասաց` զարմանքով լսում էր իշխանության ներկայացուցչի այն խոսքերը, որ Քոչարյանը խորհրդարանում ներկայացուցիչ ունի, ապա հիշեց, որ վերջինիս խորհրդարան է բերել ՔՊ-ն:
Մարուքյանը հիշեցրեց` մինչ նախկին ու ներկա իշխանությունները միմյանց հետ պատերազմում են, թշնամին հաստատվում է մեր սահմաններում, եւ կոչ արեց քաղաքացիներին մերժել թե' նախկին, թե' գործող իշխանություններին` պնդելով, թե իրենք այլընտրանք են:
Մեկնաբանել