HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը պնդում է` Քոչարյանը ոչնչացրել է առաջին պատերազմի քաղաքական ու դիվանագիտական հաղթանակը

Հիմա մեր պատասխանատվությունն ավելին է, քան 2018-ին: Այն ժամանակ ամբողջ Հայաստանն էր մեր դիրքորոշումը պաշտպանում, իսկ այսօր մեր կողքին կանգնած ամեն մարդու դիրքորոշում տասնապատիկ ավելի մեծ պատասխանատվություն է:

Նման միտք հայտնեց Աբովյանում բնակիչների հետ հանդիպմանը վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Ըստ Փաշինյանի` այժմ իր թիմի պարտավորությունը շատ ավելին է, քանի որ իրավունք չունեն որևէ հարցում ընդհանրապես սխալվելու, այլապես չեն կարող մարդկանց աչքերի մեջ նայել:

«Մեր յուրաքանչյուր նահատակի առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ որդու առաջ, Հանրապետության բոլոր երեխաների առաջ նույնպիսի պարտավորություն ունեմ, ինչպես իմ Արփիի առաջ, բայց հասկանում եմ, որ էդ պարտավորությունները կատարել հեշտ չէ, միայն սիրո ու ցանկության շրջանակում չէ, գերմարդկային ջանքեր ու ընդունակություն է մեզնից պահանջվում: Եկել ենք ասելու, որ էդ ջանքերը գործադրելու ենք, դուք մեզ տալու եք ուժ, էս հանդիպումները ավելի շատ մեզ են պետք, քան` ձեզ, որ ձեզնից ստանանք էդ մանդատը, ուժը էներգիան, թավշյա մանդատը պողպատյա մանդատով փոխարինելու լիազորությունը»,-ասաց նա:

Փաշինյանի խոսքով` արցախյան երկրորդ պատերազմից հետո երկրում ֆունդամենտալ հարցն այն է, թե ինչ ճակատագիր ունեցավ Ղարաբաղի հարցը: Նա հիշեցրեց արցախյան առաջին պատերազմի ավարտից հետո 1994 թվականին կնքված  զինադադարի պայմանագիրը, Փաշինյանն այն կարևոր քաղաքական ու դիվանագիտական արդյունք որակեց` ընդգծելով, որ պայմանագրի կողմերն էին Հայաստանը, Արցախն ու Ադրբեջանը, և սրանով ԼՂ-ն դառնում է միջազգային իրավունքի սուբյեկտ: Սակայն 1996 թվականի վերջին Լիսաբոնի գագաթաժողովում նախագիծ է դրվել շրջանառության, ըստ որի՝  ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում:

Ըստ Փաշինյանի` միջազգային հանրության՝ կոնֆլիկտի լուծման դիրքորոշումը հենց դա է եղել։ Փաստաթուղթը չի ընդունվել, սակայն հետագայում դարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահի հայտարարությունը: Մինչ 1997 թվականի ապրիլ եռակողմ` Հայաստան-Արցախ-Ադրբեջան ձևաչափով է բանակցությունները շարունակվել, ու Արցախը շարունակել է կողմ մնալ: 1997-ին Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետ է նշանակել Ռոբերտ Քոչարյանին, մեկ տարի անց նա դարձել է նախագահ:

«Եւ առաջին բանը, որ տեղի է ունենում այն է, որ ԼՂ-ն դուրս է թողնվում բանակցություններից: Սա պետք է արժանանա ճշգրիտ գնահատականի, սա նշանակում է, որ հաղթանակի ամբողջ քաղաքական արդյունքը ոչնչանում է: 1998-ի մամուլը եթե բացեք, այդ թվում նաև իմ ղեկավարած «Հայկական ժամանակը», կտեսեք, որ դա որակվում է որպես մեծագույն ական բանակցային գործընթացի տակ»,-ասաց նա:

Փաշինյանը հիշեցրեց, որ վերջին եռակողմ հանդիպումը եղել է 1997-ի ապրիլին` Մոսկվայում, իսկ Ռոբերտ Քոչարյանի ընտրվելուց հետո ոչ մի նման հանդիպում չի եղել: Անդրադառնալով երկրորդ նախագահի կողմնակիցների այն պնդումներին, թե Քոչարյանը չէ բանակցություններից դուրս թողել Ղարաբաղը, ընթերցեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի նախկին համանախագահ Բեռնար Ֆասիեի 2009 թվականի հայտարարությունը, ըստ որի՝ Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ժամանակին դադարեցվել է հայկական կողմի որոշմամբ:

«Կայացվել է որոշում, որով պատերազմի արդյունքները ոչնչացվել են»,-պնդեց Փաշինյանը: Վարչապետի պաշտոնակատարը ընթերցեց նաև 2004-ին արված հրապարակումներից հատված, որտեղ Քոչարյանն ասել է, որ տպավորություն էր ստեղծվել, թե Հայաստանը պատրաստ է կարգավորման ցանկացած ձևի, բայց խնդիրը Ղարաբաղի ղեկավարությունն  է:

«Հարց էր առաջանում՝ միթե Հայաստանն ի վիճակի չէ իրենից Ղարաբաղի ակնհայտ կախվածության պայմաններում ճնշում գործադրել ու ստիպել համաձայնել այս կամ դիրքորոշման հետ: Ես առաջարկել եմ փոխել այդ տեսակետը և փորձել Հայաստանի ռեսուրսն օգտագործել խնդրի կարգավորման վերաբերյալ սեփական դիրքորորշումն ու մոտեցումները մշակելու համար»,-ընթեցրեց Քոչարյանի խոսքերը Փաշինյանը:

Ըստ նրա` 1999-ին ի հայտ է եկել Մեղրիի տարբերակը, ըստ որի՝ Հայաստանը Մեղրին տալիս է Ադրբեջանին, փոխարենը` ստանում ամբողջ Ղարաբաղը: Բանակցային սեղանին հայտնվում է փաստաթուղթ, որից Փաշինյանը մեջբերումներ արեց.

«Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԼՂԻՄ նախկին տարածքը, Շուշի շրջանն ու Լաչինի շրջանը (1988-ի սահմաններով), փոխանցվում են ՀՀ-ին, համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո Մեղրիի շրջանը 1988-ի սահմաններով, փոխանցվում է Ադրբեջանին: Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո Հայաստանը սկսում է իրականացնել իր զինված ուժերի դուրսբերումը ադրբեջանական գրավյալ բոլոր տարածքներից, ներառյալ` Աղդամի, Ֆիզուլիի, Զեբրայիլի, Կուբաթլուի, Շահումյանի, Քելբաջարի, Զանգելանի և Ղազախի շրջաններից»,-ընթեցրեց նա:

Փաշինյանն անդրադարձավ նաև բանակում բարձրաստիճան պաշտոնյաների իր նշանակումներին՝ ասելով, որ չէր կարող արտերկրից գեներալ հրավիրել, ստիպված էր եղած զինվորականների շրջանում ընտրություն կատարել: Ըստ նրա` մինչ ԶՈՒ գլխավոր շտաբի պետին նշանակելը, բարձրաստիճան զինվորականների հետ խորհրդակցել է, և բոլորն են պնդել են, որ երկու մարդ կա, որոնք պատրաստ են լինել զինված ուժերի գլխավոր շտաբ:

Փաշինյանը, խոսելով ԶՈՒ նախկին շտաբի պետ Օնիկ Գասպարյանի մասին` պնդեց, որ վերջինս դեռ պետք է պատասխան տա Շուշիի օպերացիայի համար:

«Դատարանում պետք է բացատրի, թե Շուշի օգնության հասնող խումբը ինչի է երկու օր ուշացումով տեղ հասել»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին սպասվում են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, առաջադրվել է 22 կուսակցություն, 4 դաշինք: Ընտրություններին մասնակցում են Հայաստանի բոլոր նախկին ու ներկա ղեկավարները` առաջին, երկրորդ ու երրորդ նախագահները և վարչապետի պաշտոնակատարը: Քարոզարշավը պաշտոնապես մեկնարկելու է հունիսի 7-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter