
Ի՞նչ է հայտարարագրել «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համարը Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է: Նա Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել գույքի ու եկամուտների հայտարարագիր:
Ըստ հայտարարագրի՝ Ռոբերտ Քոչարյանը հաշվետու ժամանակահատվածում (2020-2021թ. մայիսի 1) ունեցել է երկու անշարժ գույք. մոտ 196 քմ մակերեսով բնակարան Ստեփանակերտ քաղաքում և 1716 քմ մակերեսով բնակելի տուն Երևան քաղաքի Իսկավովի պողոտայի հարևանությամբ:
Թեկնածուն ավտոմեքենա չունի: Չի հայտարարագրել նաև 8 մլն դրամը կամ դրան համարժեք արտարժույթը գերազանցող որևէ գույք:
Ռոբերտ Քոչարյանը հաշվետու ժամանակահատվածում երեք աղբյուրից է եկամուտ ստացել՝ 28 մլն 915 հազար դրամ՝ արժեկտրոնից (չի նշել վճարողի տվյալները), 78 հազ. 155 ԱՄՆ դոլարի եկամուտ ստացել է ներդրած ավանդից, իսկ 199 հազ. 300 ԱՄՆ դոլար էլ՝ «Սիստեմա» ԲՖԿ-ից:
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանը նշված ժամանակահատվածում հանդիսացել է «Սիստեմա» ԲՖԿ-ի անկախ տնօրեն: Այդ ընկերությունում ունի 0,0306% բաժնետոմս:
Թեկնածուն հայտարարագրել է նաև դրամական միջոցներ. 980 մլն դրամ և 1 մլն 927 հազար ԱՄՆ դոլար:
Մեկնաբանել