HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

Կամավորականները կառավարության փոխհատուցումներից չեն կարողանում օգտվել

Աշոտ Քալաշյանը Արցախյան 44-օրյա պատերազմի կամավորականներից է։ Ռազմական գործողություններին մասնակցել է առաջին իսկ օրերից, հարավային՝ Կովսականի (Զանգելան) ուղղությամբ։
Նա ընտանիքի հետ ապրում է Մեղրիում։ Աշոտի տղան սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ Քանի որ Աշոտը պատերազմին մասնակցել է ոչ թե ՄՈԲ-ի կազմում, այլ որպես կամավոր, նրա տղան չի կարողանում օգտվել կառավարության կողմից տրամադրվող ուսման վարձի փոխատուցման հնարավորությունից։ Պատճառն այն է, որ կամավորականների զինգրքույկներում չի նշվում` մարտական գործողությունների մասնակից:

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի որոշմամբ պատերազմի ընթացքում մարտական գործողություններին մասնակցած անձանց ուսանող զավակների, ուսանողների և ուսանող ամուսնու ուսման վարձերը փոխհատուցվում են։ Նախատեսված է 100 %-ով փոխհատուցել 1-ին կիսամյակի համար սահմանված ուսման վարձը:

Մարտական գործողություններին մասնակցությունը զինված ուժերի կազմում հավաստվում է Պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության կամ ծառայության՝ քաղաքացու զինվորական հաշվառման վայրի տարածքային ստորաբաժանման կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով կամ զինվորական հաշվառման գրքույկում համապատասխան նշմամբ, իսկ այլ զորքերի կազմում՝ համապատասխան լիազոր պետական մարմնի կողմից տրամադրված տեղեկանքի միջոցով՝ դիմում ներկայացնելուց հետո երեքշաբաթյա ժամկետում:

Կամավորականներին չեն տրամադրում տեղեկանք առ այն, որ նրանք մարտական գործողությունների մասնակից են, նրանց զինգրքույկներում ևս այդ մասին նշված չէ։ Այդ պատճառով էլ կամավորականներն ու նրանց ընտանիքների անդմաները չեն կարողանում օգտվել կառավարության փոխհատուցումից։

Աշոտը բազմիցս փորձել է հարցի լուծումը գտնել տարբեր մարմիններում, բայց այն պատշաճ արձագանք չի ստացել։ Պաշտպանության նախարարությունից Աշոտին հայտնել են, որ իրենք չունեն կամավորականների ցուցակները, մինչդեռ տեղական ինքնակառավարման մարմիններն այդ ցուցակներն ուղարկել են Պաշտպանության նախարարություն։
«Հարցը գումարը չի, ուղղակի հետաքրքիր է այն խտրականությունը, որը դրվում է ժամկետայինների, պայմանագրայինների, ՄՈԲ-ի ու կամավորականների միջեւ, բոլորս էլ ռազմական գործողությունների մասնակիցներ ենք, ի՞նչ կապ ունի, թե ով ինչ կարգավիճակով է կռվել»,-ասում է նա։

Աշոտը ֆեյսբուք սոցիալական ցանցով հաղորդագրություն էր գրել փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանին, վերջինս վերցրել էր Աշոտի հեռախոսահամարը։ Տիգրան Ավինյանին ուղղված նամակից հետո Աշոտի հետ կապ էին հաստատել։ Աշոտին զանգահարողը ներկայացել է որպես գնդապետ Համբարձումյան Հանրապետական զինկոմիսարիատից, ասել է, որ նրա դիմումին ընթացք կտրվի, բայց որոշ ժամանակ անց սկսել է չպատասխանել Աշոտի զանգերին։  

2021-ի ապրիլի սկզբին Աշոտ Քալաշյանը դիմել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանին։ Վերջինս գրավոր հարցմամբ դիմել է պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին։ Հարցմանն ի պատասխան պաշտպանության նախարարը հայտնել է, որ հարցում է կատարվել ՀՀ ԶՈՒ ԳՇ Մեղրիի, Կապանի, Քաջարանի, Գորիսի, Տեղ և Տաթև համայնքներում կազմավորված ինքնապաշտպանական ջոկատների մարտական գործողությունների մասնակցության վերաբերյալ տեղեկություն ստանալու համար, որտեղից ստացված պատասխանների հիման վրա կտրամադրվեն տեղեկանքները։

«2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը տեղի ունեցած մարտական գործողություններին մասնակցած և գործողությունների ավարտից հետո մարտական հերթապահության ընդգրկված զինծառայողների, զորահավաքային զորակոչով զորակոչված անձնակազմի զինգրքույկներում և հաշվառման փաստաթղթերում լրացումները կատարվում են զորամասերի կամ զորամասերից անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում՝ ՀՀՊՆ ԶՈւ և ԶՀԾ տարածքային ստորաբաժանումների կողմից»,-նշված է նախարարին ուղղված հարցման պատասխանում։

Աշոտը մասնակցել է նաև Արցախյան առաջին պատերազմին։ 44-օրյա պատերազմում ստացել է բազմաբեկորային վնասվածք։ Ասում է, որ իր համար կարևոր չէ փոխհատուցվող վարձավճարը, ինքը տղայի ուսման վարձն արդեն վճարել է։ 

«Իմ ֆինանասկան վիճակն ինձ ներում է ուսման վարձ վճարել, բայց վստահ եմ, որ շատ մարդկանց համար փոխհատուցումը մեծ օգնություն կլիներ, բացի այդ` ես ընկերներիս խոստացել էի բարձրաձայնել սրա մասին, մինչև վերջ գնալ, խտրական վերաբերմունք է, շատ կամավորականներ էլ մյուսների նման զոհվել են, քանի որ, եթե զինգրքույկում ոչինչ չի նշվում, այսօր ուսման վճարի փոխհատուցումն է, վաղը կարող է ուրիշ ավելի կարևոր հարց լինել, որտեղ կամավորականների մասին էլի ոչ ոք չի հիշի»,-ասում է նա։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter