HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Յ․ Խաչատուրով․ «Արցախի Պաշտպանության բանակը լիակատար մարտական պատրաստության չէր բերվել»

Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակը 2020թ․ պատերազմի ընթացքում լիակատար մարտական պատրաստության չի բերվել։ Գորիսում «Հայաստան» դաշինքի հանրահավաքի ժամանակ այսպիսի հայտարարություն արեց զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը՝ արձագանքելով այն պնդումներին, թե 44-օրյա պատերազմում ի սկզբանե հնարավոր չէր հաղթել։

«Կոպիտ սխալներն են հանգեցրել պարտության։ Գլխավոր սխալը՝ Պաշտպանության բանակը չէր բերվել մարտական պատրաստության լիակատար աստիճանի։ Եթե այդպես լիներ, եթե զորքերը զբաղեցնեին իրենց բնագծերը, զորանոցներում զորքեր չմնային, ավտոպարկերում զինտեխնիկա չմնար, ապա պատերազմի սկիզբը լրիվ այլ կլիներ։ Եվ այդ հակահարվածը Լելե-Թեփեի ուղղությամբ։ Դա ոչ մեկին պետք չէր, դա անպատրաստ հակահարված էր։ Առաջին կորպուսը միանգամից մարտի նետեցին, չնայած որ պետք է պահեին թիկունքում»,- նշեց Յուրի Խաչատուրովը։

Գեներալ-գնդապետի խոսքով՝ երեք տարվա ընթացքում նույնիսկ թուլացած բանակը կարող էր պատերազում հաղթել կամ գոնե վատագույն դեպքում կարող էր Ադրբեջանի զինված ուժերին կանգնեցնել հայկական սահմաններից շատ ավելի հեռու, ոչ թե Սյունիքի մարզի մոտ։ Խաչատուրովի կարծիքով՝ այն մարդիկ որոնք պետք է գան իշխանության (նկատի ունի «Հայաստան» դաշինքը, խմբ․), բոլորից շատ պատերազմ չեն ուզում, քանի որ նրանք գիտեն, թե ինչ է պատերազմը, քանի որ նրանք կորցրել են իրենց ընկերներին պատերազմի ընթացքում։

Իր ելույթի վերջում Յուրի Խաչատուրովը վստահություն հայտնեց, որ «Հայաստան» դաշինքը կհաղթի ընտրություններում և իշխանությունը կփոխվի։

«Հայաստանն ապագա ունի։ Սակայն իշխանափոխությունից հետո պետք չէ շատ շտապել, պետք չէ բարձր բղավել։ Պետք է զինվել համբերությամբ և ջանասիրաբար աշխատել ու աստիճանաբար դուրս գալ այս ծանր իրավիճակից»,- եզրափակեց Յուրի Խաչատուրովը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter