HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Մենք ուզու՞մ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել»

«Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ գալիք ընտրությունները անձերի մեջ չեն լինելու, և իրենք չեն ցանկանում իշխանության գալ, միայն գործող իշխանություններին հեռացնելու նպատակով։ Երկրորդ նախագահն ասում է, որ այս ընտրություններն ունեն մի շարք առանձնահատկություններ, որոնցով այն տարբերվում է նախորդ ընտրություններից։ Գորիսում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Ռոբերտ Քոչարյանը նշեց այդ առանձնահատկությունները։

«Մենք ուզու՞մ ենք ունենալ անվտանգ երկիր, թե՞ ուզում ենք շարունակել ծնկաչոք ապրել։ Մենք ուզու՞մ ենք ունենալ թռիչքաձև տնտեսություն, թե՞ ուզում ենք, որ շարունակի աճել գործազրկությունը, աղքատությունը, արտագաղթը։ Մենք ուզու՞մ ենք ներքին համերաշխություն, կայունություն, թե՞ ուզում ենք շարունակել ատելության մթնոլորտը ներսում։ Այս երկընտրանքի առջև է կանգնած երկիրը, և ընտրությունը հենց դրա մասին է, ոչ թե անձերի ու քաղաքական միավորների»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանն առաջարկեց քաղաքացիներին վերցնել թուղթ ու գրիչ և գրել Հայաստանի երեք գլխավոր խնդիրները։ Երկրորդ նախագահը համոզված է, որ քաղաքացիները հենց իր նշած կետերը կգրեն։ Քոչարյանն ասում է՝ թող քաղաքացիներն իրենք իրենց հարց տան՝ գործող իշխանությունները կարո՞ղ են լուծում տալ այդ հարցերին։ Քոչարյանը համոզված է, որ ոչ, քանի որ, նրա կարծիքով, հենց գործող իշխանություններն են այդ խնդիրներն առաջացրել երկրում։

«Իրենք են պատասխանատու հազարավոր զոհերի համար, կորցրած տարածքների համար և իրենք են պատասխանատու բանակի այսօրվա վիճակի համար։ Իրենք են պատասխանատու գործազրկության և ահռելի թվերի հասած արտագաղթի համար և ներդրումները զրոյի հասցնելու համար»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Ռոբերտ Քոչարյանն ասում է, որ հենց իրենց դաշինքն է այն քաղաքական ուժը, որն ունի բավարար գիտելիքներ, փորձ, կամային հատկանիշներ և վճռականություն երկիրն այս վիճակից հանելու համար, և հենց դրա համար է «Հայաստան» դաշինքը մասնակցում ընտրություններին։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինիքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter