HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Իշխան Սաղաթելյան. «Փաշինյանը պետք է պատասխան տա Շուշիի և Հադրութի համար»

Հայաստանում պտտվում է ամոթի, խայտառակության, պարտության ուրվականը, և հունիսի 20-ին պետք է փակել այդ խայտառակ էջը և հայ ժողովրդի համար բացել նոր, հզոր, ուժեղ Հայաստանի էջ։ Այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի երկրորդ համար, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Այս օրերին Հայաստանի իշխանության ղեկին հայտնված Քաջ Նազարը (նկատի ունի Նիկոլ Փաշինյանին, խմբ․) պտտվում է գյուղերով ու քաղաքներով և անընդհատ մի միտք է արտահայտում՝ եթե ժողովուրդը ցանկանա իրեն գնդակահարել, ինքը պատրաստ է դրան։ Իհարկե, ինքը արժանի է դրան, սակայն նա չի հասկանում, որ մենք ջունգլիներում չենք ապրում, և մեր երկրում անարխիա (ամենաթողություն, խմբ․) չի լինելու։

Մեր երկրում լինելու է արդարադատություն, և ինքն ու մնացած բոլոր պատասխանատուները գնդակահարությամբ չեն ազատվելու։ Նրանք դեռ պետք է պատասխան տան շուռնուխեցի Արարատին իր տունը կորցնելու համար, պետք է պատասխան տան Արցախի 10 հազար քառակուսի կիլոմետրը կորցնելու համար, պետք է պատասխան տան Շուշիի ու Հադրութի համար, պետք է պատասխան մեր 5000 զոհերի համար»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ ընդգծելով՝ բոլորը պետք է պատասխան տան իրենց արածների համար, որպեսզի Հայաստանում այլևս դավաճանություն չլինի։

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչը նշեց, որ «Հայաստան» դաշինքը փորձում է այս ընթացքում ընտրություններին բովանդակություն տալ, խոսում են երկրի զարգացումից, հնչեցնում են կոնկրետ թվեր և ցուցանիշներ, ասում են, որ մեկ տարվա ընթացքում լուծելու են բանակի վերակազմակերպման հարցը, իսկ երեք տարվա ընթացքում բանակի սպառազինության հարցը, ասում են, որ փոխելու են կառավարության կառուցվածքը, վերականգնելու են գյուղատնտեսության և մշակույթի նախարարությունը, նշում են առողջապահության, կրթության և սոցիալական ոլորտներում իրենց ծրագրերը, և հակառակ այս ամենին գործող իշխանությունները, ըստ Իշխան Սաղաթելյանի, իր հավաքների ժամանակ ոչ մի բովանդակային խոսքով հանդես չի գալիս և շարունակ մեղադրում է նախկին իշխանություններին։ «Հայաստան» դաշինքի երկրորդ համարը շեշտեց, որ իրենք չեն արձագանքելու մեղադրանքներին, այլ միայն խոսելու են Հայաստանից ու Հայաստանի ապագայից։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter