
Հայաստանում առևտուրն ու ծառայությունները ամենաշատն են զսպում տնտեսական աճը
2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ, Հայաստանում գրանցվել է 3.3% տնտեսական անկում։ Տնտեսական աճն առավել զսպող ոլորտները առևտուրն ու ծառայություններն են: Այս մասին են վկայում Վիճակագրական կոմիտեի (ՀՀ ՎԿ) հրապարակած տվյալները:
Այս տարվա հունվար-մարտին Հայաստանի համախառն ներքին արդյունքն ընթացիկ գներով կազմել է 1 տրլն 284 մլրդ դրամ: Այստեղ ամենամեծ կշիռն ունեն առևտուրն ու ծառայությունները` 59.5%-ը: Արդյունաբերության կշիռը 22.7% է: Իսկ գյուղատնտեսությունն (4.6%) ու շինարարությունն (3.5%) ավելի ցածր դիրքերում են: ՀՆԱ-ի կառուցվածքում մնացածը արտադրանքի հարկերն են:
Առևտրի և ծառայությունների ոլորտում 3.4% անկում է գրանցվել
ՀՆԱ-ում ամենամեծ մասնաբաժին ունեցող առևտրի և ծառայությունների ծավալը միասին այս տարվա առաջին եռամսյակում ընթացիկ գներով կազմել է մոտ 765 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ 3.4% անկում է գրանցվել:
Մասնավորապես, միայն առևտրի ոլորտում 4.5% անկում ունենք:
Իսկ ծառայություններից ամենախորը անկումը մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում է՝ 33.8% անկում: Հիշեցնենք, որ այս ոլորտի ներքո են խաղատներն ու բուքմեյքերական ծառայությունները:
Ծառայություններից տեսանելի անկում է գրանցվել նաև փոխադրումների և պահեստային տնտեսության ոլորտում՝ 27%:
Աճ է գրանցվել միայն մի քանի ենթաոլորտներում, ինչպես տեղեկատվության և կապի (13.4%), որը ներառում է ինտերնետի ու բջջային կապի մատակարարումը, առողջապահության ոլորտում (7%), պետական կառավարման ու պարտադիր սոցիալական ապահովության ոլորտում (15.6%) և այլն:
Հանքարդյունաբերությունը երկնիշ տեմպով աճում է, մշակող արդյունաբերությունը՝ կրճատվում
Նկատելի է, որ հանքարդյունաբերությունը առանձնապես կամ այնքանով չի տուժել վերջին մեկ տարում, ինչպես մշակող արդյունաբերությունն ու մյուս ոլորտները: Այս տարվա առաջին եռամսյակում հանքարդյունաբերության ոլորտում գրանցվել է 11.1% աճ:
Մինչդեռ մշակող արդյունաբերության ծավալները կրճատվել են 15.5%-ով:
Որոշակի դրական զարգացումներ են նկատվել շինարարության ու գյուղատնտեսության ոլորտներում: Առաջին եռամսյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է ՀՆԱ-ի 1.5% աճ, շինարարության ոլորտում՝ 3.8%:
3.3% տնտեսական անկումը մեծապես պայմանավորված է առևտրի ու ծառայությունների անկմամբ
Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ի 3.3% անկումը հիմնականում պայմանավորված է առևտրի ու ծառայությունների ծավալների կրճատմամբ:
Ըստ վիճակագրական կոմիտեի հաշվարկների՝ 3.3% անկման 1.99 տոկոսային կետը «ապահովել են» առևտուրն ու ծառայությունները: Արդյունաբերությունը աճը զսպել է 0.76 տոկոսային կետով:
Փոխարենը գյուղատնտեսությունն ու շինարարությունը փոքր չափով դրական նպաստում են ունեցել: Մասնավորապես, գյուղատնտեսության նպաստման չափը 0.06 տոկոսային կետ է, շինարարությանը՝ 0.13: Արտադրանքի հարկերի կրճատումը ևս բացասաբար է ազդել տնտեսական միտումների վրա (նպաստման չափը՝ -0.56, ևս -0.21 չափով էլ հաշվարկվել են ֆինանսական միջնորդության անուղղակիորեն չափվող ծառայությունները):
Հիշեցնենք, որ Վիճկոմիտեն ամեն ամիս հրապարակում է տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ), սակայն այն տարբերվում է տնտեսական աճի՝ ՀՆԱ-ի ցուցանիշից, որը հրապարակվում է միայն եռամսյակային պարբերականությամբ: Թե՛ ՏԱՑ-ը, թե՛ ՀՆԱ-ն ցույց են տալիս տնտեսության աճի կամ անկման տեմպերը, սովորաբար մոտ ցուցանիշներ են լինում, սակայն հաշվարկվում են տարբեր եղանակներով:
Մեկնաբանել