HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Ղուկասյան

Փաշինյանը զգուշացրեց` ընտրություններից հետո քաղաքական վենդետաներ է իրականացնելու

Խորհրդարանական ընտրություններից հետո պետական կառավարման համակարգում կադրային ջարդեր են լինելու:

Այս մասին Արագածոտնի մարզի Թալին համայնքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանը հիշեցրեց, որ 2018-ի իշխանափոխությունից առաջ վստահեցրել էր, որ կադրային ջարդեր չեն լինելու և իրագործեց իր խոստումը, այժմ հայտարարում է` կադրային ջարդի են ենթարկվելու այն պաշտոնյաները, ովքեր 2018-ից հետո «ծվարել են ժողովրդի իշխանության միջանցքներում և կատարել են տրոյական ձիու դերակատարում»:

«Այո, տվեք կադրային ջարդն անելու այդ մանդատը, և մենք բոլոր տրոյական ձիերին դուրս կշպրտենք Հայաստանի պետական կառավարման համակարգից: Էսօր տարբեր հավաքներից ուղարկում են լուսանկարներ, որտեղ մարդիկ կանգնած են ծուռ վզերով, ժողովրդական խոսքով` ոնց որ թոկը վիզը գցած տարած լինեն: Ակնհայտ է, որ որոշ հիմնարկների ղեկավարներ, որոշ համայնքների ղեկավարներ իրենց վարչական լծակները օգտագործելով, մարդկանց տանում են հավաքների»,- ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ մարդկանց հարկադրաբար նախընտրական հավաքներին տանելը քրեական պատասխանատվություն է ենթադրում և ավելացրեց, որ նման դեպքերով իրավապահները կզբաղվեն, սակայն մանրամասնեց, թե ինքն ինչ է մտադիր իրականացնել:

«Ես հիմա ուղիղ և հստակ ասում եմ` ընտրություններից հետո լինելու են վենդետաներ էն համայնքների ղեկավարների նկատմամբ, ովքեր ժողովրդին փորձում են ենթարկել հարկադրանքի, էն հիմնարկների, ինձ չի հետաքրքրում մասնավոր կլինի, թե հանրային կլինի, ղեկավարների նկատմամբ, որ իրենց աշխատողներին հարկադրանքի են ենթարկում, իրենք ենթարկվելու են ամենադաժան, բայց քաղաքական վենդետաների»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը:

Փաշինյանն ընդգծեց` խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, այլ` քաղաքական ու քաղաքացիական վենդետաների:

«Էդ համայնքների ղեկավարները կարճ ասած ռադ են լինելու, և լինելու են արտահերթ ընտրություններ: Զգուշացնում եմ` հանկարծ չփորձեք թփրտալ»,- ասաց նա:

Փաշինյանը, դիմելով ներկաներին, կոչ արեց քվեարկել ՔՊ-ի օգտին` այդ կերպ փոխարինել թավշյա մանդատը պողպատյա մանդատով, ինչից հետո վստահեցրեց` ականատես կլինեն պետական կառավարման համակարգում «ստահակների» կադրային ջարդին և քաղաքական վենդետաների:

«Եւ ուրեմն` պատրաստվեք քաղաքացիական վրեժի, պատրաստվեք քաղաքացիական վենդետաների»,- ասաց նա:

Մեկնաբանություններ (1)

Andy Smith
You idiot,

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter