HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Լավրով․ «Մինսկի խումբը այս փուլում պետք է բարձրաձայնի ոչ թե Ղարաբաղի կարգավիճակի հարցը, այլ աջակցի վստահության ամրապնդմանը»

Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը պետք է համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ), բայց այժմ պետք է շեշտադրում անել ոչ թե դրա վրա, այլ՝ տարածաշրջանում խաղաղ կյանքի։ Այս մասին Примаковские чтения ֆորումի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար (ՌԴ ԱԳՆ) Սերգեյ Լավրովը։

«Ես հասկանում եմ, որ հիմա շատերը խոսում են այն մասին, թե չլուծված է մնացել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը։ Դա պետք է վերջնական համաձայնեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համաձայնությամբ, որոնք այս փուլում, հավանաբար, պետք է ոչ թե բարձրացնեն կարգավիճակի հարցը, այլ աջակցեն տարածաշրջանում վստահության ամրապնդմանը, հումանիտար հարցերի լուծմանը, որպեսզի հայերն ու ադրբեջանցիները նորից սկսեն իրար հետ ապրել անվտանգության և տնտեսական բարգավաճման պայմաններում։ Եվ այդ ժամանակ, ես ձեզ վստահեցնում եմ, երկու-երեք տարի անց, եթե մենք այդպիսի կյանք հաստատենք, կարգավիճակի բոլոր հարցերը ավելի հեշտ կլուծվեն»,- ասել է ՌԴ արտգործնախարարը։

Լավրովի կարծիքով՝ հակամարտության մասնակիցների և հարևան երկրների մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները հաճախ հիմնված են լինում հույզերի վրա։ Լավրովը կոչ է արել բոլոր կողմերին չլարել իրավիճակը և նպաստել տարածաշրջանում կայունության և բնականոն կյանքի հաստատմանը։ Նա ընդգծում է, որ Ռուսաստանի Դաշնությունը հենց այդ քաղաքականությունն է որդեգրել։ Անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբին՝ Լավրովը նշել է, թե խմբի գործունեությունը հենց այդ առաջադրանքի կատարմանն է միտված։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ եռակողմ քննարկումներում հաշվի են առնվում նաև Թուրքիայի և Իրանի շահերը, հակառակ դեպքում՝ բոլոր ապաշրջափակումները առավելագույն ազդեցություն չեն ունենա։

Հիշեցնենք, որ եռակողմ աշխատանքային խմբում Հայաստանը ներկայացնող համանախագահ, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակը հայտնել էր, որ աշխատանքային խմբի գործունեությունը չի շարունակվում՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային լարվածությունը։

Լուսանկարը՝ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter