HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Բանակցություններով պետք է փորձենք վերականգնել նախկին ԼՂԻՄ-ի տարածքը»

Գործող իշխանությունների սխալների պատճառով Արցախի հարցը, ըստ էության, ժողովուրդների ինքնորոշման տիրույթից տեղափոխվել է տարածքային ամբողջականության տիրույթ։ Այսպիսի հայտարարություն արեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Չարենցավանում նախընտրական հանդիպման ժամանակ։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ այս սխալով Ադրբեջանին լեգիտիմ իրավունք տրվեց հարցը ուժային տարբերակով լուծելու համար, և հենց այդ պատճառով էլ, ըստ Քոչարյանի, ոչ մի երկիր չդատապարտեց պատերազմը սկսած երկրին, ինչը հայկական դիվանագիտության ձախողումն էր։ «Հայաստան» դաշինքի առաջնորդն ասում է, որ փորձելու են ազգերի ինքնորոշման տիրույթ վերադարձնել Արցախի հարցը։ 

«Բանակցային գործընթացով նախկին ԼՂԻՄ-ի (Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ) տարածքը, որը ինքնորոշման տիրույթում է, պետք է փորձենք վերականգնել։ Սա է մեր նպատակը։ Հեշտ չի լինելու, ծանր ճանապարհ է, շատ խորը գիտելիքներ և հմտություն է պահանջելու մեր դիվանագետներից։ Եվ ասեմ, մեր դիվանագետները չեն սխալ, դիվանագիտական անձնակազմը բավական լավն է, նույն մարդիկ են, ուղղակի վերնախավում մեկին նստացրել են, որը մեկ մարդու հրահանգ էր կատարում»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Ծնունդով թալիշեցի (Թալիշ՝ Ադրբեջանի զինուժի կողմից օկուպացված գյուղ Մարտակերտի շրջանում) քաղաքացիներից մեկը հետաքրքրվեց Քոչարյանից, թե իշխանության գալու դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ թալիշեցիները կկարողանան վերադառնալ իրենց ծննդավայր, ինչին ի պատասխան՝ երկրորդ նախագահն ասաց, որ հարյուր տոկոսանոց երաշխիք չկա։ 

«Երբ որ ասում ենք, ԼՂԻՄ-ի տարածքի վերականգնում, այդ տարածքի մեջ է մտնում նաև Թալիշը։ Պետք է ամեն ինչ անենք, որ այդ սահմաններով վերականգնենք ԼՂԻՄ-ի սուվերենությունը»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը վարչատարածքային միավոր էր Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության կազմում։ ԼՂԻՄ-ը՝ որպես միավոր գոյություն է ունեցել 1923-1991 թվականներին։ Այն ընդգրկել է Ասկերանի, Հադրութի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններն ու քաղաք Ստեփանակերտը։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախն իր անկախությունը հռչակեց՝ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter