HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Երեխաներին տրամադրվող ամբողջ դեղորայքը պետք է պետպատվերով լինի»

Տարբեր հիվանդություններ ունեցող երեխաների համար նախատեսված դեղորայքը պետք է ամբողջությամբ իրականացնել պետպատվերի շրջանակներում։ Այսպիսի համոզմունք հայտնեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանավանում նախընտրական հանդիպման ժամանակ՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի այն դիտարկմանը, որ պետպատվերի շրջանակում տրամադվող դեղորայքի ցանկը սահմանափակ է և կարիք կա այն ընդլայնելու։

Քոչարյանը զարմանք հայտնեց՝ լսելով, որ պետությունն իր վրա ամբողջությամբ չի վերցրել հիվանդություն ունեցող երեխաներին դեղորայքով ապահովելու հարցը։ Երկրորդ նախագահը շեշտեց, որ դա առաջնային լուծման հարց է, և խոստացավ իշխանության գալու դեպքում անպայման լուծել այդ հարցը, հատկապես եթե խոսքը անապահով ընտանիքների մասին է։ 

Քաղաքացու բարձրացրած երկրորդ հարցը վերաբերում էր ՀՀ զինված ուժերի սպաների բնակարանային ապահովմանը։ Արձագանքելով մտահոգությանը՝ «Հայաստան» դաշինքի առաջնորդը նշեց, որ երբ ինքը ստանձնել է երկրի ղեկը, սպայի աշխատավարձը եղել է 68 հազար դրամ, իսկ երբ թողել է պաշտոնը՝ 400 հազար դրամ, դոլարի փոխարժեքն էլ՝ 310-320 դրամ։ Ռոբերտ Քոչարյանը չի կարծում, որ այսօր սպան կարող է հիփոթեքային վարկով լուծել իր բնակարանի հարցը, և այստեղ պետք է պետությունն իր գործառույթը կատարի։

«Երևի գիտեք, թե մենք ինչքան շինարարություն ենք արել և բնակարաններ տրամադրել սպայական կազմին։ Հիմա, թե ինչի է կանգնել այդ պրոցեսը, չեմ կարող ասել։ Եթե մարդը ծառայել է, ապա ծառայությունից դուրս գնալուց պետք է բնակարան ստանա։ Սա անպայման կդարձնենք օրենքի պահանջ, եթե այդ խնդիրը հիմա կա։ Գիտեմ, որ քննարկում էինք սերտիֆիկատների ծրագիրը, բայց հանդիպումներից մեկի ժամանակ ասացին, որ սերտիֆիկատի գումարն այնքան ցածր է, որ ոչ մի բան չի կարողանում գնել։ Դրա համար սերտիֆիկատի գումարն այնպիսին պետք է լինի, որ մարդ ի վիճակի լինի բնակարան գնել։ Այդպիսի հարց եղել է, այդպիսի խոստում տվել ենք, և անպայման անելու ենք»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հունիսի 12-ին՝ քարոզարշավի 6-րդ օրը, Լոռու մարզում է։ Մինչև Ստեփանավանը, դաշինքի ներկայացուցիչները եղել են Սպիտակում, հանդիպումներ են նախատեսված նաև Տաշիրում, Վանաձորում և Ալավերդիում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter