HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

ՊՆ-ն հայտնում է Տեղ համայնքի վարելահողերում շրջափակման մեջ հայտնված ոչ թե 5, այլ 2 գյուղացու մասին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի վարելահողերում, ըստ Պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրության, շրջափակման մեջ է հայտնվել ոչ թե 5, այլ 2 բնակիչ։ Ըստ ՊՆ-ի, գյուղացիները հատել էին սահմանը՝ հայտնվելով ադրբեջանական տարածքում։

Կեսգիշերն անց գրել էինք, որ հունիսի 12-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի  վարելահողերում ադրբեջանական բանակի ստորաբաժանումը շրջափակել է 5 գյուղացու, վերցրել 3 մեքենա, 2 կոմբայն։ Գյուղացիները գնացել էին իրենց վարելահողերում աշխատանքներ կատարելու, երբ ադրբեջանցիները մոտ 100 հոգանոց խմբով շրջափակել են նրանց։ Բանակցություններից հետո գյուղացիներին բաց են թողել, իսկ առգրավված տեխնիկան՝ վերադարձրել։

«Հետք»-ի թղթակից Հակոբ Պողոսյանը, որ ամբողջ ընթացքում եղել է այնտեղ, ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ շրջափակման մեջ գտնվողները 5-ն են եղել, որոնք իրենց վարելահողերում գյուղատնտեսական աշխատանքներ էին կատարում։ «Սկզբում 2 հոգու են շրջափակել, հետո՝ ևս 3-ին, շփոթված ու մոլորված լինել չէին կարող, քանի որ դրանք իրենց հողերն են»,-նշեց մեր թղթակիցը։ Մինչդեռ Պաշտպանության նախարարությունը հաղորդել է 2 հոգու մասին։

Պարզաբանում ստանալու համար կապ ենք հաստատել Պաշտպանության նախարարության հետ։ ՊՆ-ից մեզ հայտնեցին, որ, ըստ իրենց տեղեկությունների, որը հաղորդել են այնտեղ գտնվող զինվորականները, շրջափակման մեջ գտնվողները 2 հոգի են եղել։ Ըստ ադրբեջանցիների՝ GPS-ով տվյալ տարածքը պատկանում է իրենց, ու միայն երկարատև բանակցություններից հետո են համաձայնել բաց թողնել գյուղացիներին։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի Հանրային կապերի բաժնի պատասխանատու Նունե Հովսեփյանը նշեց, որ դեռևս ոչինչ ասել չեն կարող այս միջադեպի վերաբերյալ, փաստեր են հավաքում։ 

Լուսանկարը՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter