HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

ՊՎԾ-ն ստուգումներ է իրականացնում Էկոնոմիկայի նախարարության ՊՈԱԿ-ում

Պետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական գործառույթներ է իրականացնում Էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Այս մասին «Հետք»-ի գրավոր հացմանն ի պատասխան հայտնել է Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյանը։

Ստուգումների համար հիմք է հանդիսացել «Հետք»-ի հրապարակումը և էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գրությունը՝ ուղղված ՊՎԾ-ին։

Մայիսի 7-ին գրել էինք «Էկոնոմիկայի փոխնախարարի ընկերներն ու այլ պաշտոնյաների կանայք՝ մեկ ՊՈԱԿ-ում» վերտառությամբ մի հոդված, որտեղ փաստել էինք, որ փոխնախարար Տիգրան Գաբրիելյանի հետ փոխկապակցված անձինք մի շարք պաշտոններ էին ստացել «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում։ 

Պետական վերահսկողական ծառայության գլխավոր քարտուղար Անի Բաղդասարյանը հայտնել է․ «ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայությամբ գործող «Գյուղատնտեսության ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում «Պետական վերահսկողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ իրականացվում են անհրաժեշտ վերահսկողական գործառույթներ: Այն սկսվել է 2021 թվականի մայիսի 26-ից և ներկայում գտնվում է ընթացքի մեջ: Կախված աշխատանքների ծավալից՝ առայժմ հնարավոր չէ նշել դրանց ավարտի մասին հստակ ժամկետներ»։

Բացի այդ մենք գրել էինք նաև էկոնոմիկայի նախարարության վարչություններից մեկի աշխատակիցների մասին, որոնց համար պաշտոնում նշանակելու նպատակով ներքին մրցույթներ էին կազմակերպվել։ Ըստ ՊՎԾ-ի գլխավոր քարտուղարի՝ նշված հրապարակման մասով ՀՀ պետական վերահսկողական ծառայությունում իրականացվում է նյութերի ուսումնասիրություն, որից հետո, ռիսկերի հայտնաբերման դեպքում, կիրականացվեն համապատասխան վերահսկողական միջոցառումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter