HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Ամեն ինչ անելու ենք ատոմակայանի կյանքը երկարացնելու համար»

«Հայաստան» դաշինքը իշխանության գալու դեպքում անելու է ամեն ինչ ատոմակայանի կյանքը երկարացնելու համար։ Այս մասին Մեծամորում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը` պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, որը վերաբերում էր էներգետիկայի ոլորտին։

Խոսելով ատոմակայանի նոր էներգաբկոլի հնարավոր կառուցման մասին՝ Քոչարյանը շեշտեց, որ ոչ մի մասնավոր ներդրող գումար չի ներդնի, եթե պայմանագիր չլինի այն մասին, թե ով է գնելու նոր էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան։ Ըստ «Հայաստան» դաշինքի առաջնորդի՝ նոր էներգաբլոկի կառուցումը կարող է օրակարգ մտնել, եթե հաջողվի արտադրված հոսանքը վաճառել նաև Հայաստանից դուրս։

«Ես գիտեմ, որ 7-8 տարի առաջ փորձել են պարոն Էռնեկյանին (Էդուարդո Էռնեկյան, արգենտինահայ գործարար, խմբ․) ներգրավել նոր բլոկ կառուցելու գործին, բայց ոչ մեկը չէր երաշխավորում, որ այդքան հոսանք կգնվի։ Իսկ սա նշանակում է, որ գործը խոսակցություններից այն կողմ չի գնալու։ Մենք պետք է դառնանք գեներացիայի հարթակ և այդ դեպքում կարող ենք նման պայմանագրեր ունենալ՝ մի մասը ներսից, մի մասը դրսից, և արդեն այդ պայմանագրերի հիման վրա կառուցել բլոկը։ Բլոկ կառուցելը խնդիր չէ և փողը գտնելը խնդիր չէ, եթե դու ունես հոսանքի վաճառքի տեղ»,- ասաց երկրորդ նախագահը։

Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ հիմա առավել շատ ուշադրություն պետք է դարձնել ատոմակայանի անվտանգ շահագործմանը և հասկանալ, թե քանի տարով է հնարավոր երկարացնել ատոմակայնի կյանքը, և միայն դրանից հետո որոշել՝ արժի՞ նոր էներգաբլոկ կառուցել, թե՞ ոչ։ Եզրափակելով խոսքը՝ Քոչարյանը նշեց․ «Ռուսաստանի, Ռոսատոմի (Ռուսաստանի ատոմային էներգիայի գործակալությունը, խմբ․) հետ պայմանավորվելը ընդհանրապես խնդիր չէ, շատ արագ, ուղղակի պրոբլեմ չի լինելու»։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 8-րդ օրը, Արմավիրի մարզում է։ Նախքան Մեծամորը՝ դաշինքի ներկայացուցիչները հանրահավաք են անցկացրել Էջմիածնում։ Քաղաքացիների հետ հանդիպումներ են նախատեսված նաև Քարակերտում և մարզկենտրոն Արմավիրում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter