HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Ամեն ինչ պետք է անենք զորահանդեսի օրը մոտեցնելու համար»

Բավական դժվար ճանապարհ է սպասվում «պարտության սինդրոմը» հաղթահարելու համար։ Այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը՝ Արարատի մարզի Ավշար համայնքում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ Քոչարյանը շեշտեց, որ 30 տարի շարունակ Հայաստանը, իր ներքին խնդիրներով հանդերձ, ապրել է որպես հաղթանակած պետություն, այդ պատճառով այժմ շատ դժվար է համակերպվել պարտվածի կարգավիճակին։

Այս իրավիճակը հաղթահարելու համար, ըստ երկրորդ նախագահի, առաջին հերթին պետք է վերականգնել երկրի պաշտպանվածությունը, պետք է ավելի ժամանակակից և մարտունակ բանակ ստեղծել, և նրա խոսքով՝ սա է լինելու այն գրավականը, որը հնարավորություն է տալու հաղթողի զգացողություն ունենալ։

«Չեմ կարող հիմա հստակ ժամկետ ասել, բայց այսօր, երբ շփվում էի ձեր գյուղապետի հետ, հետաքրքիր մի հարց եղավ՝ մենք մեր զորահանդեսը ե՞րբ ենք ի վիճակի լինելու անցկացնել։ Դժվար հարց է, չէ՞։ Մի հարց է, երբ պառադներ ես անում հաղթանակից հետո, մի ուրիշ հարց է, երբ պառադ ես անում պարտության դեպքում։ Ամեն ինչ պետք է անենք այդ օրը մոտեցնելու համար, և ես վստահ եմ, որ դա ի վիճակի ենք անել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով՝ զոհվածների հարազատների դեպքում չափազանց ծանր է այդ հոգեբանական հարվածը հաղթահարել, որովհետև ըստ Քոչարյանի, հաղթանակի դեպքում նրանք հասկանում էին, թե ինչի համար են զոհվել իրենց զավակները, իսկ պարտության դեպքում չափազանց ծանր է այդ գիտակցումը։ Եզրափակելով խոսքը՝ Քոչարյանը նշեց, թե իր գլխավորած դաշինքը գալիս է իշխանության այս հոգեբանական խնդիրները հաղթահարելու համար։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 9-րդ օրը, Արարատի մարզում է։ Նախքան Ավշարը՝ դաշինքի ներկայացուցիչները հանդիպում են ունեցել Մասիսում։ Քաղաքացիների հետ հանդիպումներ են նախատեսված նաև Արարատում, Վեդիում և մարզկենտրոն Արտաշատում։

Լուսանկարը՝ «Հայաստան» դաշինքի ՖԲ էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter