
Տիգրան Արզաքանցյան. «Մեր կուսակցությունն ինձ կընտրի մեր նոր երկրի վարչապետ»
Տիգրան Արզաքանցյանը, ով հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին գլխավորում էր «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության առաջին համարը, սակայն նրա գրանցումը ԿԸՀ որոշմամբ անվավեր ճանաչվեց, շարունակում է կուսակցության օգտին քարոզչությունը:
Արզաքանցյանն իրեն առաջին համար է պատկերացնում և ընտրողներին կոչ է անում այդ սկզբունքով ընտրության գնալ:
Տիգրան Արզաքանցյանը և «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու Նարինե Դիլբարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի ուղիղ եթերում իրենց վրդովմունքը հայտնեցին վարչական դատարանի կայացրած վճռի վերաբերյալ: Երեկ՝ հունիսի 14-ին, դատարանը մերժել է Արզաքանցյանի հայցը՝ ԿԸՀ-ի որոշումն անվավեր ճանաչելու պահանջով:
Հիշեցնենք, որ Տիգրան Արզաքանցյանը 25.05.2021թ.-ին Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն է ներկայացրել «Մոսկվայի տեղեկատվական տեխնոլոգիական համալսարան-Մոսկվայի ճարտարապետական շինարարական ինստիտուտ» ոչ առևտրային կազմակերպության 19.05.2021թ. տեղեկանքը:
Ըստ դրա՝ սկսած 24.02.2018թ. մինչև 14.06.2019թ. ընկած ժամանակահատվածում Արզաքանցյանն ուսանել է բակալավրիատի «Պետական և մունիցիպալ կառավարում» կրթական ծրագրով: Տեղեկանքը եղել է առանց համարի, ամսիս-ամսաթվի:
Տեղեկանքի հիման վրա գրանցել են Արզաքանցյանի թեկնածությունը, սակայն պարզվել է, որ այդ տեղեկանքը չի տրամադրվել Մոսկվայի համալսարանի ռեկտորատի կողմից, իսկ Արզաքանցյանն էլ ուսանել է ոչ թե 2018-2019թթ-ին, այլ՝ 01.10.2011թ.-ից մինչև 30.09.2017թ.: Այնուհետև հեռացվել է համալսարանից պայմանագրային պարտավորությունները չկատարելու պատճառաբանությամբ:
Քանի որ չի ապահովվել 4 տարի անընդմեջ Հայաստանում ապրելու օրենքի պահանջը, ԿԸՀ-ն անվավեր է ճանաչել Արզաքանցյանի գրանցումը: Իսկ վարչական դատարանը ԿԸՀ-ի որոշումը թողել է ուժի մէջ՝ մերժելով Արզաքանցյանի պահանջը:
«Մարդիկ ցուցանիշները ստուգել են, տեսել են, որ Արզաքանցյան Տիգրանի ճանաչումն ավելի է բարձրացել, սկսել են տարբեր «որոշումներ կատարել», որպեսզի ինձ հեռու պահել քաղաքականությունից»,- ասում է Տիգրան Արզաքանցյանը:
Նրա խոսքով՝ մտել է քաղաքականության մեջ հանուն մեր հայրենիքի, հայրենիքի հզորության, հանուն իր հայրենասիրության:
«Ժողովուրդ ջան, ասեմ, որ իմանաք, եթե տեսնեի, որ ամեն ինչ ծաղկում է գարնան նման, լավ գնում է առաջ, ես ոչ մի խնդիր չունեի, որ վերադառնայի քաղաքականություն: Ես աշխատում էի, հետևում էի քաղաքականությանը»,-հավելեց Տ. Արզաքանցյանը:
Նրա խոսքերով՝ պայքարում են գալ իշխանության, որպեսզի բարելավեն բոլորի կյանքը: Նշեց, թե ունի լավ կապեր Ռուսաստանում, այլ երկրներում, մեծ փորձ ունի բանակցությունների ասպարեզում: Արզաքանցյանն ասում է, որ իր խնդրանքով ընկերները հարյուրավոր միլիոն դոլարների ներդրումներ են կատարել հայրենիքում և կշարունակեն այդ ներդրումները կատարել:
«Հույսներս, հավատներս չկորցնենք ոչ մի ձևի: Մեր կուսակցությունը, ոնց ինձ ընտրել է ցուցակում համար առաջինը, ես համար առաջինն էլ լինելու եմ: Ձեր ձայների հիման վրա հաղթելու ենք, նոր Հայաստան կառուցելու ենք: Մեր կուսակցությունն ինձ կընտրի մեր նոր երկրի վարչապետ, իրար հետ համատեղ կազմակերպենք բոլոր աշխատանքները»,-նշեց Արցաքանցյանը:
Նախկին թեկնածուի խոսքերով՝ մեր ապագան մեր երեխաներն են, հետևաբար այսօր իրավունք չունենք իշխանությունը թողնել հների կամ այսօրվա ձախողված իշխանությունների հույսին:
Նարինե Դիլբարյանն էլ անդրադառնալով վարչական դատարանի վճռին, նշեց, թե «Հայաստանի Դեմոկրատական» կուսակցության առաջին համարին և վարչապետի թեկնածուին օրերի հաշվարկի ինչ-ինչ խնդիրներով փորձում են թույլ չտալ մասնակցել ընտրարշավին: Սակայն, իրենք այդ ամենից չեն վհատվելու:
«Վճռականությամբ ձեզ ասում եմ՝ պայքարն ուժեղների համար է, պայքարը շարունակվում է»,- ասաց Նարինե Դիլբարյանը։
Լուսանկարը՝ Տիգրան Արզաքանցյանի ՖԲ էջից
Մեկնաբանել