
ՔՊ-ն 1000 դոլար է խոստանում` ընտրակաշառքը փաստող յուրաքանչյուր տեսանյութի համար
«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող յուրաքանչյուր տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարին համարժեք 500 հազար դրամ ֆինանսական պարգև:
Այս մասին Ջերմուկում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար, ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով` նման դրամական պարգև կարող են ակնկալել նաև պետական և ոչ պետական հիմնարկների այն աշխատակիցները ևս, ովքեր կնկարեն այդ հիմնակի ղեկավարության կողմից քաղաքացիների ընտրական կամքի վրա ազդելու փորձեր:
Ըստ Փաշինյանի՝ այս պահի դրությամբ 5 անձ կալանավորված է ընտրակաշառքի մեղադրանքով, 10 անձի նկատմամբ քննիչները այլ խափանման միջոց են ընտրել, 40 հոգի կասկածյալի կարգավիճակում է:
Փաշինյանը նաև հայտնեց, որ «Գազպրոմ-Արմենիա» ընկերության աշխատակիցներից ահազանգեր է ստանում, որ աշխատակիցներին պարտադրում են ինչ-որ հանրահավաքների գնալ:
«Ես հույս ունեմ` էս փաստերը չեն հաստատվի, եթե հաստատվեց ծանր հետևանքներ է ունենալու: Ինչպես «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» դեպքում էի ասում, այնպես էլ «Գազպրոմ-Արմենիայի» համար, ցանկացած աշխատող, ով այդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ն առնվազն աշխատանքից ազատվելու է»,-ասաց Փաշինյանը` հիշեցնելով նաև քրեական պատասխանատվության մասին:
Լուսանկարը` ՔՊ ֆեյսբուք էջից:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել