HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը կվերադարձնեն դեսպաններին. Բայդեն-Պուտին ժնևյան հանդիպման արդյունքները

Շվեյցարիայի Ժնև քաղաքում ավարտվել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որին հաջորդել են երկու երկրների նախագահների առանձին մամլո ասուլիսները։ Հանդիպումը տևել է նախատեսվածից ավելի կարճ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պայմանավորվել են վերադարձնել դեսպաններին։ «Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցը լուծված է»,- նշել է Պուտինը՝ ճշտելով, որ նրանք առաջիկայում կվերադառնան իրենց աշխատանքին։ Պուտինի խոսքերով՝ դեսպանների վերադարձը տեխնիկական հարց է։ Ավելի ուշ, ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը Վաշինգտոն կվերադառնա հունիսի վերջին։ 

Պուտինը ազդարարել է կիբերհանցագործությունների թեմայով ռուս-ամերիկյան խորհրդակցությունների մեկնարկի մասին։ «Կիբերհարձակումների ճնշող մեծամասնությունը տեղի են ունենում ԱՄՆ-ի և Կանադայի տարածքներից»,- նշել է նա։ 

Պատասխանելով Ալեքսեյ Նավալնու վերաբերյալ հարցին՝ Պուտինը պատասխանել է. «Ինչ վերաբերում է մեր ոչ համակարգային ընդդիմությանն ու քաղաքացուն, որին դուք հիշատակեցիք։ Առաջինը. քաղաքացին գիտեր, որ ռուսական օրենք է խախտում: Նա անտեսել է օրենքի պահանջը<...> և գիտակցաբար գնացել նրան, որ ձերբակալվի»։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները պատասխանատու են աշխարհում ռազմավարական կայունության համար։ «Մենք գիտակցում ենք այս պատասխանատվությունը»,- նշել է Պուտինը՝ հավելելով, որ Բայդենը ճիշտ որոշում է կայացրել՝ մինչև 2024 թվականը երկարաձգելով Ռազմավարական սպառազինությունների կրճատման մասին պայմանագիրը։

Խոսելով ավելի վաղ իր հասցեին ԱՄՆ նախագահ Բայդենի սուր քննադատության մասին՝ Պուտինը հայտարարել է, որ այդ հարցով ինքը Բայդենի հետ հեռախոսազրույց է ունեցել, որի ընթացքում կողմերը քննարկել են խնդիրը։

Վլադիմիր Պուտինի մամլո ասուլիսից հետո կայացել է նաև Ջո Բայդենի ասուլիսը։ Նա նշել է, որ Պուտինի հետ հանդիպման ժամանակ քննարկել են երկկողմ և միջազգային հարաբերությունների հարցեր, որի ընթացքում ինքը հստակ ձևակերպել է ԱՄՆ առաջնահերթություններն ու արժեքները։ 

Ավելի վաղ, հայտարարվել էր, որ կողմերը կքննարկեն նաև արցախյան հիմնախնդիրը։ Սակայն ո՛չ մամլո ասուլիսի ժամանակ և ո՛չ էլ համատեղ հայտարարության մեջ չի նշվել այդ մասին։ 

Հիշեցնենք, որ Բայդեն-Պուտին հանդիպումը կայացել է հունիսի 16-ին Ժնևի Լա Գրանժ առանձնատանը։ Այնտեղ 1985 թվականին կայացել էր նաև ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը։

Սա երկու երկրների առաջնորդների առաջին հանդիպումն էր՝ Բայդենի ԱՄՆ նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո։ Մինչ այդ Պուտինը 2018 թվականին Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում հանդիպել էր Դոնալդ Թրամփի հետ։

Հանդիպումն սկսվել էր Երևանի ժամանակով 15:20-ին և տևել շուրջ 4 ժամ։ Բանակցություններն ընթացել են նեղ և ընդլայնված կազմերով։ Նեղ կազմով հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներն ու թարգմանիչները։

Լուսանկարը՝ Associated Press գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter