HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Տեր-Պետրոսյանի ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից»

Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս է մնացել առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք։ Այս մասին Մարտունիում նախընտրական հանդիպման ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Նրա խոսքով՝ 1995-ի վերջին և 1996-ի սկզբին Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի և Հեյդար Ալիևի խորհրդական (արտաքին քաղաքականության հարցերով, խմբ․) Վաֆա Գուլուզադեի միջև բանակցություններ են սկսվել, որին Լեռնային Ղարաբաղը չի մասնակցել։ 

«Այդ բանակցություններն ավարտվեցին նրանով, որ Լիսաբոնում մենք շատ վատ որոշում ստացանք ԵԱՀԿ-ից, որը Հայաստանը չստորագրեց և վետո դրեց։ Հետագայում Լիպարիտյանն ինքը ընդունեց, որ իրենք լավ նպատակով մտել են առանձին բանակցային գործընթացի մեջ, բայց դրա հետևանքով Ղարաբաղը դուրս մնաց բանակցային գործընթացից»,- ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Ռոբերտ Քոչարյանը շեշտում է, որ ինքը ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնել է 1998 թվականի ապրիլի 9-ին, իսկ Լիսաբոնի գագաթնաժողովը տեղի է ունեցել 1996 թվականի դեկտեմբերին, ուստի Լեռնային Ղարաբաղի՝ բանակցային սեղանից դուրս մնալն իր հետ կապելը, ըստ Քոչարյանի, առնվազն անբարեխիղճ է։

«Ինքը ասում է (նկատի ունի Լևոն Տեր-Պետրոսյանին, խմբ․), ինքը փորձում է ինձ հետ կապել, բայց իրականում հենց իր ժամանակ է Ղարաբաղը դուրս մնացել բանակցային գործընթացից։ Այդ տեսանկյունից նրանք նման են, մի բան անեն, մյուսի վրա գցեն։ Այսօրվա իշխանությունը նույն գործելաոճի մեջ է»,- եզրափակեց երկրորդ նախագահը։

Նշենք, որ «Հայաստան» դաշինքն այսօր՝ քարոզարշավի 11-րդ օրը, Գեղարքունիքի մարզում է։ Նախքան Մարտունին՝ դաշինքի ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել նաև Շողակաթում, Գեղամասարում և Վարդենիսում։ Քաղաքացիների հետ հանդիպումներ են նախատեսված նաև մարզկենտրոն Գավառում և Սևանում։

***

1996 թվականի դեկտեմբերի 3-ին Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում տեղի է ունեցել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) անդամ պետությունների գագաթնաժողովը, որի եզրափակիչ մասում հնչել էր ԵԱՀԿ գործող նախագահի հայտարարությունը, որտեղ շեշտվում էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանի կազմում ինքնավարության բարձր մակարդակի շնորհումը։ Սա հակասում էր Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին, ուստի ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կիրառեց վետոյի իրավունքը և գագաթնաժողովի արդյունքներով ընդունված դեկլարացիայից դուրս մնաց Լեռնային Ղարաբաղին առնչվող հատվածը։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter