HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևանը, հանքարդյունաբերությունն ու շրջակա միջավայրը` թեկնածուների ծրագրերում

Հունիսի 20-ի Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող 25 կուսակցություններից ու դաշինքներից ոչ բոլորն են շրջակա միջավայրն առաջնահերթ ու կարևոր համարում: Այս հրապարակմամբ կանդրադառնանք մինչ օրս հրապարակված նախընտրական ծրագրերում բնապահպանությանն ու շրջակա միջավայրին վերաբերող դրույթներին ու մոտեցումներին:

Գործող իշխանությունը ներկայացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ծավալուն անդրադարձ է կատարել շրջակա միջավայրի թեմային: Նախ թվարկել է արածները, այնուհետև անցում կատարել անելիքներին: Ըստ այդմ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ուժը խոստանում է`

  • կատարելագործել ռադիոակտիվ, քիմիական և կենսաբանական վտանգավոր թափոնների կառավարման համակարգը, ստեղծել քիմիական նյութերի անվտանգ կառավարման համակարգ,
  • շարունակել Սևանա լճի էկոհամակարգի և կենսաբազմազանության պահպանմանը, վերականգնմանը, վերարտադրմանը, բնականոն զարգացմանը և խելամիտ օգտագործմանը, աղտոտվածության նվազեցմանը և ապա` լճի մակարդակի բարձրացմանն ուղղված աշխատանքները,
  • կատարել օրենսդրական և ինստիտուցիոնալ մի շարք փոփոխություններ, որոնք հասցված վնասի պատշաճ փոխհատուցումից բացի՝ ուղղված կլինեն այդ վնասի հնարավորինս կանխարգելմանը, մեղմմանը և ի վերջո, չեզոքացմանը:

«Արդյունքում ունենալու ենք մաքուր և առողջ շրջակա միջավայր, բնական ռեսուրսների, անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների կայուն և արդյունավետ կառավարում` բացառելով կամ նվազագույնի հասցնելով տնտեսական գործունեության հետևանքով հողին, ջրին, օդին և կեսաբազմազանությանը հասցվող բնապահպանական վնասները, բնական պաշարների գերշահագործումը: Առաջնահերթությունների թվում են ընդերքօգտագործման հետևանքով խախտված տարածքների ռեկուլտիվացիոն աշխատանքները և պոչամբարների անվտանգությունը, ինչպես նաև կենսաբազմազանության պահպանությունն ու կենսանվտանգության ապահովումը»,- վստահ են ՔՊ անդամները:

ՔՊ-ն նաև

  • ընդունելու և գործարկելու է կանաչ տնտեսության ներդրման, էկոլոգիական և բնական ռեսուրսների, այդ թվում նաև հանքարդյունաբերության ոլորտի կառավարման ռազմավարություն,
  • վերանայելու է բնապահպանական հարկի դրույքաչափերը, որի հաշվարկման հիմքում ընկած է լինելու շրջակա միջավայրին և դրա առանձին բաղադրիչներին հասցված վնասի համարժեք փոխհատուցման սկզբունք,
  • վերանայելու է մետաղական օգտակար հանածոների հարկման շեմը, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի հաշվարկման մեխանիզմը,
  • խթանելու է վերամշակող հանքարդյունաբերության զարգացումը, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը,
  • ներդնելու է շրջակա միջավայրի միասնական մշտադիտարկման և վերահսկողության, թույլտվությունների, լիցենզիաների միասնական համակարգեր: Բարձրացնելու են հանրային իրազեկվածությունը,
  • Ապահովելու է սերտ համագործակցություն ակադեմիական, գիտական և նորարարական տեխնոլոգիաների ոլորտների և Շրջակա միջավայրի նախարարության միջև:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, եթե իշխանության գա, առաջնահերթ նոր օրենսդրություն է ընդունելու, ամրագրելու է բնապահպանական ստանդարտների ներդրման խրախուսման և չներդրման բարձր հարկման մեխանիզմ: Գործարկելու է բնության վերականգնման ծրագրերը (ջրային գոտիների մաքրում, անտառների վերականգնում, աղբի կառավարում, հողերի մելորացիա և այլն): Սա ՔՈ-ն առանձնացրել է մեր հարցերին պատասխանելիս:

Բացի դրանից, իր ծրագրում առանձին անդրադառնում է նաև բնապահպանությանը:

«Բնությունը մեր կենսատարածքն է, որի որակը պետք է շարունակաբար բարելավվի։ Այն պետք է առողջ միջավայր հանդիսանա ինչպես մարդկանց, այնպես էլ ներդաշնակ գոյատևող այլ արա­րած­նե­րի համար»,- նշվում է կուսակցության ծրագրում։

ՔՈ-ն խոստանում է բացառել նոր մետաղական հանքավայրերի շահագործման թույլտվությունների տրամադրումը, փուլ առ փուլ բարձրացնել բնօգտագործման վճարները։ Կոշտ և համարժեք քաղաքականություն վարել միջավայրի աղտոտման հարցում։ Վարել նաև արտեզյան ավազանի վերականգնողական քաղաքականություն։

Փաստաբանական պալատի նախագահ Արա Զոհրաբյանի հիմնադրած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը ծրագրում առանձնացնում է բնապահպանությունը` նշելով, որ բնապահպանական և տնտեսական օգուտների ու վնասների հետազոտման միջոցով հավասարակշռված բնապահպանական միջավայր են ապահովելու, մարդու առողջության պահպանումը և կյանքի որակի բարձրացումը բնապահպանության ոլորտում պետության քաղաքականության առանցքն են: Այս նպատակով, ըստ թեկնածուների, անհրաժեշտ է շարունակել ուժեղացնել պետության վերահսկողությունը շրջակա միջավայրի պահպանման նկատմամբ` օդի, ջրի որակի, կանաչ տարածքների, աղբամշակման բարձր չափանիշների սահմանմամբ, շարունակել Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանության միջոցառումների իրականացումը, ապահովել անտառապատման և անտառվերականգնման ծավալների հետագա աճը, անտառների ապօրինի հատումների կանխումը, ուժեղացնել ընդերքի շահագործման, ինչպես նաև բնական պաշարների վերականգնման ու վերարտադրության նկատմամբ վերահսկողությունը, մշտապես ուշադրության կենտրոնում պահել բնական միջավայրի ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումը, վտանգավոր քիմիական ու ռադիոակտիվ նյութերի ու թափոնների կառավարումը, բնական և մարդածին ազդեցությունների կանխատեսման համակարգի զարգացումը` ներառյալ գոյություն ունեցող մշտադիտարկումների ցանցի կատարելագործումն ու ընդլայնումը, բաց հանքերի շահագործման խնդիրը չլուծել բնակչության առողջության հաշվին:

Հրանտ Բագրատյանի «Ազատություն» կուսակցությունն առաջարկում է ընդերքի գույքագրում` նկատի ունենալով հետազոտված պաշարների ծավալները և հումքատեսակների համաշխարհային գները: Յուրաքանչյուր տարի պետք է հաստատվի ընդերքի օգտագործման (արդյունահանման) քվոտա` ըստ հանքատեսակների և շահագործման թույլտվություն ստացած տնտեսվարող սուբեյկտների:

Բացի դրանից, Բագրատյանն առաջարկում է ընդերքի հանրային տնօրինում: Հանքահումքային արդյունաբերության մեջ (մոլիբդեն, պղինձ, պեռլիտ, տուֆ, բազալտ, երկաթ, ոսկի և այլն) պետք է վերացնել բնության պաշարների, բնության վերականգնման համար վճարները կամ 2012թ. մտցված ռոյալթիների մեխանիզմը: Դրա փոխարեն ամեն տարի բյուջեի հետ միասին պետք է հաստատել բուն հանքի (ընդերքի) գինը, որով շահագործողն այն գնում է հասարակությունից: Այդ կերպ հնարավոր կլինի հարկման մեխանիզմն այստեղ կապակցել հումքի համաշխարհային գների փոփոխության հետ:

Արթուր Վանեցյանի գլխավորած «Պատիվ ունեմ» դաշինքը մի քանի ընդհանուր կետային շեշտադրում է արել` կապված շրջակա միջավայրի պահպանության հետ: Մասնավորապես.

  • Բնական ռեսուրսների ողջամիտ օգտագործում,
  • Սևանի հարցի լուծման խիստ առաջնահերթություն,
  • Հանքարդյունավերության ոլորտում ռիսկերի արդյունավետ կառավարման համակարգի ներդնում,
  • Էկոլոգիական դաստիարակություն դպրոցական նստարանից,
  • Ալտերնատիվ էներգիա. ապագան՝ արդեն այսօր

«Միասնական հայրենիք» կուսակցության ղեկավար Մհեր Տերտերյանը մեզ հետ զրույցում առանձնացրեց երեք հիմնական առաջնահերթություն, որոնք կիրականացնեն, եթե իշխանության գան:

Առաջինը` իրագործել «Մաքուր Հայաստան» պետական նախագիծը, որը ձեռնարկել է դեռևս վարչապետի խորհրդական լինելու ժամանակ: Տերտերյանը նշեց, որ չնայած այն հիմա էլ է իրականացվում, բայց իրենք այն առավել լայնածավալ մասշտաբներով են նախատեսում: «Բնապահպանության բաղադրիչներից մեկը պահպանությունն ու մաքրությունն է»,- նշում է Մհեր Տերտերյանը:

Երկրորդը` արդեն պատրաստում են «Կանաչ Հայաստան» ծրագիրը, որն ուղղված է կանաչապատման տարածքներ ավելացնելուն: Ըստ կուսակցության առաջնորդի` դա մեծ կոնցեպտ է, որի մեջ տարբեր բաղադրիչներ կան:

Երրորդ` օրենսդրական բարենպաստ պայմաններ կստեղծել խախտումներ թույլ չտալու համար:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քաղաքական ծրագիր է ներկայացրել, որտեղ անդրադարձել է բնական միջավայրին և բնապահպանությանը:  Գաղափարը մարդու ֆիզիկական առողջության, մարդ-բնություն փոխկապվածության ներդաշնակ զարգացման, հանրության ու պետականության կայուն զարգացման նպատակով բնական միջավայրի ձևավորումը, զարգացումն ու պահպանումն է։ Բնական ռեսուրսների արդյունավետ շահագործում և արդար բաշխումն է: ԼՀԿ-ի հայեցակարգը` մարդը բնության շահագործողից դեպի բնության գործընկեր և բարեկամ դարձնելը:

Այդ նպատակով կուսակցությունը հետևյալ գործողություններն է առաջարկում.

  1. Երկրի երկարաժամկետ կայուն զարգացման կարևոր նախապայման և երաշխիք է հանդիսանում շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների պահպանությունը, բարելավումը, վերականգնումը և ողջամիտ օգտագործումը: 2. Անհրաժեշտ է բացառել բնական ռեսուրսների գերշահագործումը, նվազագույնի հասցնել շրջակա միջավայրի, այդ թվում՝ մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունները, ապահովել շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելումը կամ նվազեցումը, բնական ռեսուրսների համալիր կառավարումը և դրանց նկատմամբ վերահսկողությունը: 3. Կարևորում ենք նաև էկոլոգիական կրթության և դաստիարակության զարգացումը, մթնոլորտային օդի պահպանությունը, կենսաբազմազանության պահպանությունը, անտառների ապօրինի հատումների կանխումը, թափոնների կառավարումը, շրջակա միջավայրի պահպանության նորարարական տնտեսական և ֆինանսական մեխանիզմների ներդրումը:
  2. Անել ամեն ինչ արդյունավետ կառավարելու համար ՀՀ ջրային ռեսուրսները (կառուցել ջրամբարներ, օգտագործելով գերժամանակակից տեխնոլոգիաներ հնարավորին չափ խնայողաբար օգտագործել ջուրը):
  3. Հատուկ ուշադրություն դարձնել անտառների պահպանմանը և նոր կանաչապատ տարածքների ստեղծմանը:

«Հայ ազգային կոնգրես»-ն իր ծրագրում` ներքին քաղաքականության համատեքստում, գրում է, որ բարեփոխումների առաջնահերթ կարիք ունեն ընտրական համակարգը և մի շարք ոլորտներ, այդ թվում` բնապահպանության: «Պետությունն ապահովում է շրջակա միջավայրի պահպանությունը, վերականգնումը, բնական պաշարների ողջամիտ օգտագործումը, մարդու առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքը՝ որպես ազգայն անվտանգության և կայուն տնտեսական զարգացման անկյունաքարերից մեկը»։

Տիգրան Ուրիխանյանի գլխավորած «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը ևս անդրադարձ ունի շրջակա միջավայրին:

Այս ուժը նկատում է, որ բնապահպանության ոլորտում կառավարման սխալների հետևանքով շրջակա միջավայրի վերականգնումը դժվարին, երբեմն էլ նույնիսկ անհնարին գործընթաց է: Ելնելով վերոնշյալից` ընդգծում է, որ բնապահպանության ոլորտում օրենսդրական կարգավորումները, իրավակիրառ մեխանիզմները, պետական կառավարումն ու ոլորտում գործող մասնավոր սեգմենտի գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը պետք է իրականացվի վիրաբուժական ճշգրտությամբ:

Այս ոլորտում կուսակցությունն անհրաժեշտ է համարում`

  • բնապահպանության ոլորտը կարգավորող օրենսդրության և իրավակիրառ մեխանիզմների կատարելագործում,
  • հանքարդյունաբերական, հէկերի և այլ ծրագրերի իրականացման առնչությամբ տեղական համայնքներում կազմակերպվող հանրային լսումների ընթացքում քաղաքացիներին տեղեկատվական և իրավական աջակցության տրամադրում,
  • հասարակության շրջանում էկոգիտակցության բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների իրականացում,
  • նպաստել կանաչ գոտիների պահպանմանն ու ավելացմանը:

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը նույնպես չի անտեսել շրջակա միջավայրը: Իր ծրագրում նշում է, որ շրջակա միջավայրի պահպանության և բնական պաշարների ողջամիտ օգտագործման հիմնախնդիրների լուծման համար անհրաժեշտ է համարում բնապահպանական անվտանգ կենսապայմանների ստեղծումը, բնապահպանական երկարաժամկետ, համալիր պետական ծրագրերի մշակումը՝ ներառյալ ջրօգտագործման ծրագիրը: Կուսակցությունը վստահ է, որ պետք է մշտապես վերահսկել բնական պաշարների օգտագործման ոլորտի, այդ թվում` հողային, ջրային անտառային ու բնական այլ ռեսուրսների ռացիոնալ օգտագործման և պահպանության խնդիրները, իրականացնել իրավիճակային ստուգումներ և թափոնների ուսումնասիրման աշխատանքներ, կարևոր է խթանել թափոնների վերամշակմամբ արտադրության կազմակերպումը՝ ներառյալ պլաստիկ թափոնների վերամշակումը:

Արտակ Գալստյանի գլխավորած «Հայոց հայրենիք» կուսակցությունն իր ծրագրում անդրադառնում է թե’ հանքարդյունաբերությանը, թե’ բնապահպանությանը:

Արդյունաբերություն բաժնում ընդգծում է`

  • Հանքարդյունաբերության ողջ համակարգի ազգայանցում:
  • Վերջնական արտադրանքի արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնում, կառուցում այդ թվում համատեղ ձեռնարկությունների, հանքանյութի արտահանման աստիճանային սահմանափակում: (15 ամսվա ընթացքում):
  • Էներգոհամակարգի ազգայնացում, կառավարման համակարգի մոդեռիզացիա:
  • Վերամշակող ձեռնարկությունների հիմնում, դրանց գործունեության խթանում, պետական պրոտեկցիա:

Որպես բնապահպանական անվտանգության բաղադրիչ` առանձնացնում է հինգ հիմնական կետեր.

  1. Անտառային տարածքների վերականգնում, ընդլայնում:
  2. Գործարկվող հանքերի բնապահպանական պարտավորությունների խստագույն վերահսկողություն:
  3. Պոչամբարների զտում, դրանց օգտագործելի հողատարածքների վերածում:
  4. Կենդանական աշխարհի կենսաբազմազանության ապահովում:
  5. Կուրորտային համալիրի կառուցում, կուրորտային և բիոտուրիզմի զարգացում:

«5165 ազգայի պահպանողական շարժումը», մեր հարցմանն ի պատասխան, առանձնացրել է շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված երեք հիմնական քայլ, որոնք կիրականացնեն իշխանության գալու պարագայում:

  • Օրենսդրության կատարելագործում, ընդերքօգտագործման թափոնների լքված օբյեկտների ռեկուլտիվացիայի իրականացում և ժամանակակից մեխանիզմների կիրառում, բնօգտագործման (ռոյալթի) և բնապահպանական վճարների վերանայում, էկոտուրիզմի զարգացում
  • Սևանա լճի պահպանություն՝ կեղտաջրերի մաքրման կայանների ներդրում, Արարատյան արտեզյան ավազանի և գետերի էկոհամակարգերի պահպանություն
  • Վերահսկողական գործառույթների հզորացում, հստակեցում, բնապահպանական օրենսդրության խախտումների կանխարգելման նպատակով պատժի խստացում:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքի ծրագրային դրույթներում ևս արծարծվում են պաշարների անվտանգ և խնայողաբար օգտագործման և առողջ շրջակա միջավայրի թեմաները:

Դաշինքը նախատեսում է խթարված էկոհամակարգերի վերականգնում, հանքարդյունաբերության և բնապահպանության շահերի հավասարակշռումը՝ մարդու և բնության ներդաշնակ կյանքի ապահովմամբ, բնական ռեսուրսների կառավարման գործում պետական ու քաղաքացիական բարձր վերահսկողություն:

Բացի դրանից, խոստանում է հողային, անտառային, ջրային, ընդերքի և այլ ռեսուրսների բարձր արդյունավետությամբ, անվտանգ ու խնայողաբար օգտագործում, թափոնների կառավարման ու վերամշակման նոր համակարգի ներդրում:

«Մոնթե Մելքոնյան» ռազմամարզական վարժարանի ռազմական գծով փոխտնօրեն Ալեքսան Մինասյանի գլխավորած «Վերելք» կուսակցությունն իր ծրագրում բավականին մեծ տեղ է հատկացրել շրջակա միջավայրի պահպանությանը:

«Կյանքի բնական հիմքերի պահպանումը ազատության մի մասն է, որի համար մենք պատասխանատվություն ենք կրում։ Նա, ով անպատասխանատու կերպով շահագործում է կյանքի բնական հիմքերը, խարխլելով բնապահպանական փոխադարձ կապերը, քայքայում է սերունդների միջև համերաշխությունը։ Սակայն տեխնիկական առաջընթացը և որակապես կողմնորոշված տնտեսական աճը անխուսափելի են, սրանց և մեր բնական պաշարների ու շրջակա միջավայրի պաշտպանության միջև անհաղթահարելի հակասություններ չկան»,- նշվում է «Վերելք»-ի ծրագրում։

Կուսակցության կարծիքով՝ կյանքի բնական հիմքերի պահպանման համար անհրաժեշտ են.

  • օդի մաքրության ապահովումը,
  • բնական ջրային հաշվեկշռի պահպանումը,
  • հրաժարումը այնպիսի գործողություններից, որոնք կարողեն հանգեցնել կլիմայի փոփոխության,
  • պաշտպանությունը թունավոր և այլ վնասակար նյութերիաղտոտվածոությունից,
  • տեղանքի պաշտպանությունը և բուսական ու կենդանականաշխարհի պահպանումը,
  • հումքային պաշարների հոգատար օգտագործումը,
  • աղմուկի ազդեցության սահմանափակումը մինչև բանականսահմանը։

Արձանագրել են, որ ջրի և օդի մաքրության ապահովման, աղմուկի դեմ պայքարի հարցերում հարկ է հաշվի առնել պատճառահետևանքային կապերը։

«Վերելք»-ը հայտարարել է իրենց հավատարմությունը բնապահպանական միջոցառումների գերակայության նկատմամբ։

Առավել մանրամասն անդրադարձ կատարել է Սևանա լճին` այն համարելով Հայաստանի համար ավելին, քան սովորական լիճ։

«Այն խմելու ջրի հիմնական ավազանն է, այդ իսկ պատճառով էլ Սևանա լիճը հատուկ ուշադրության և հոգատարության պետք է արժանանա և պահպանվի հետագա սերունդների համար։ Վերջին տասնամյակներին Սևանա լիճը շահագործվել է անխնա, ոռոգման նպատակով ջրի անչափ շատ բացթողումը, անվերահսկելի ձկան որսը, լիճը կանգնեցրել են բնապահպանական աղետի եզրին։ Լճից ջրի բաց թողումը պետք է հասցնել նվազագույնի՝ նպատակ ունենալով լճի մակարդակը բարձրացնել այն առավելագույն սահմանին, որը հնարավորություն կընձեռի արագ վերականգնել լճի կենսաբանական միջավայրը, իսկ ձկան որսը առնվազն հինգ տարով արգելել։ Լճի մակարդակի բարձրացմանը զուգընթաց իրականացնել առափնյա շինությունների ապամոնտաժումը և ավտոճանապարհների վերակառուցումը։ Սևանա լիճը թունավոր արտանետումներից զերծ պահելու նպատակով լճի ավազանը հայտարարել էկոլոգիապես մաքուր տնտեսական գոտի։ Կենցաղային ջրերի թափվելը կանխելու նպատակով կառուցել լիճը շրջանցող կոյուղագիծ, կամ բնակավայրերում` մաքրման կայաններ»։

«Վերելք»-ը Հայաստանի անտառային ծածկույթի ավելացումն է նաև գերակա նպատակ հայտարարել, անտառատնկումը և անտառների խնամքը` համապետական և համազգային կարևորագույն միջոցառում, իսկ մատաղ սերնդի դաստիարակումը և սերը բնության նկատմամբ` ընտանիքի, դպրոցի և հասարակության առաջնային խնդիր։

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանի ղեկավարած «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը քաղաքական ծրագրի հիմնական դրույթներում ամրագրել է հետևյալ ընդհանուր դրույթները.

  1. Ջրային և այլ բնական պաշարների տնտեսական օգտագործման կրճատում՝ դրանց պահպանման նպատակով:
  2. Ջրային պաշարների զարգացում:
  3. Հայաստանի անտառապատման իրագործում:
  4. Այլընտրանքային էներգետիկայի զարգացում
  5. Աղբի վերամշակման ծրագրերի իրականացում:

«Հայաստան» դաշինքն իր ծրագրով հավաստիացնում է, որ հանքարդյունաբերությունը համապատասխանեցվելու է շրջակա միջավայրի պահպանության միջազգային չափանիշներին: Ապահովելով սերունդների առջև պատասխանատու բնապահպանություն՝ ստեղծված նոր իրողությունների պայմաններում գործադրվելու է ջրային ռեսուրսների կառավարման նոր ռազմավարական ծրագիր: Վերականգնող ռեսուրսների օգտագործման ծավալներն ու եղանակները չեն գերազանցելու դրանց վերականգնման կարողության ու շրջակա միջավայրի աղտոտման ընդունելի մակարդակը, չսպառվող բնական ռեսուրսներն օգտագործվելու են առավելագույն ծավալներով` պահպանելով շրջակա միջավայրի վրա նվազագույն բացասական ազդեցության սկզբունքը: Ընդլայնվելու են Հայաստանի անտառային տարածքները;

Վահե Գասպարյանի գլխավորած «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցությունն իր ծրագրում արձանագրել է, որ նախատեսում են մեկնարկել գիտահենք արդյունաբերությամբ, պաշտպանական արդյունաբերության և հանքարդյունաբերությամբ պայմանավորված տնտեսական արժեքային շղթաների ամբողջական անցման ռազմավարական ծրագրեր և գործնական միջոռացումներ ձեռնարկել այդ համատեքստում համաշխարհային զարգացումներում մասնակից դառնալու համար:

Կուսակցությունն իրականացնելու է հանքավայրերի ստուգաչափական իրական քարտեզագրում և մշտադիտարկում: Ուսումնասիրելու են ՀՀ-ում գործող հանքավայրերը շահագործելու նպատակով տրամադրված արտոնագրերի օրինականությունը և բացահայտել դրանց իրական սեփականատերերին: Այստեղ հարկ է նշել, որ կուսակցությունը փոքր-ինչ հետ է մնացել իրականությունից, որովհետև ԱՃԹՆ ստանդարտին միանալուց հետո իրական սեփականատերերի բացահայտման խնդիրը մասամբ լուծվել է:

Հիշարժան է ԲՀԿ-ի ծրագիրը, որի «Անվտանգ Հայրենիք, Հզոր պետություն» կարգախոսի մեջ շրջակա միջավայրն ու բնապահպանական ոլորտը չի տեղավորվել: Ոչ մի բառ այդ մասին ԲՀԿ նախընտրական ծրագրում չկա:

Շրջակա միջավայրն անտեսել է նաև Արթուր Վարդանյանի գլխավորած «Համահայկական ազգային պետականություն» կուսակցությունը, որը շրջակա միջավայրի մասին ոչ մի բառ չասող ծրագիր ունի:

Կարդացեք նաև` 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter