
Կուսակցությունները որքանով են կարևորում Արարատյան դաշտի արտեզյան ջրավազանի գերշահագործման հարցը
Արարարտյան դաշտում վերջին տասնամյակում ստորերկրյա ջրերի մակարդակն իջել է միջինը 6-9 մետրով, որոշ տեղերում մինչև 15 մետր, իսկ արտեզյան գոտին կրճատվել է մոտ 67%-ով։ Գերշահագործման բացասական դինամիկան հանգեցնում է ջրային հաշվեկշռի խախտման և ստորերկրյա ջրերի վերականգնման ներուժի նվազման՝ տարածշրջանում առաջացնելով ջրի դեֆիցիտ, ռիսկի տակ դնելով երկրի պարենային ու էներգետիկ անվտանգությունը։ Պաշարների հյուծման հետևանքով Արարարտյան դաշտի ավելի քան 30 համայնք խմելու և ոռոգման ջրի խնդիր ունի։
Արարարտյան դաշտում առկա ջրային դեֆիցիտի աղետալի ծավալները պարզելու համար «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագիրը երկարատև ուսումնասիրություն էր իրականացնում, որի ավարտին այսպիսի պատկեր ներկայացրեց:
Նշենք, որ այս վիճակն առաջացել է 2008 թ·-ից, երբ ձկնարդյունաբերությունը մեր երկրում արդյունաբերության գերակա ճյուղ հայտարարվեց և Սերժ Սարգսյանի կառավարության թողտվությամբ սկսեցին գերշահագործել ստորերկրյա ջրային պաշարները։ Արդյունքում ցամաքեց Արմավիրի մարզի միակ գետը՝ Սեւջուրը կամ Մեծամորը, որը եղել է Հայաստանի ամենաջրառատ գետերից մեկը: Արարատյան դաշտի ջրապահանջարկը բավարարելու համար ամեն տարի մեծ քանակի ջուր է վերցվում Սևանա լճից, որի հետևանքով առաջացել է երկրորդ թնջուկը՝ Սևանը ճահճանում է:
Կուսակցությունների նախընտրական ծրագրերում, բնականաբար, փնտրում ենք, թե երկրում առջնահերթ լուծում պահանջող, հանրությանն ամենից շատ հուզող հարցերից որոնք են կարևորվել և ինչ լուծումներ են առաջարկվում: Ընտրություններին մասնակցող 26 կուսակցություններից և դաշինքներից նախընտրական ծրագիր են հրապարակել մեկ տասնյակը, իսկ նրանցից միայն 6-ն են անդրադարձել ջրային ռեսուրսների պահպանման և գյուղատնտեսության զարգացման հարցին՝ «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունները և «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները:
Իշխող քաղաքական ուժը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներկայացնում է, թե իր կառավարման շրջանում ինչ է արել այս ուղղությամբ: «Արարատի և Արմավիրի մարզերում իրականացրել ենք 10 խորքային հորի լուծարման և 47-ի կոնսերվացման աշխատանքներ։ Ջրօգտագործողների միջոցների հաշվին կոնսերվացվել է ևս 28 խորքային հոր։ Փականային ռեժիմի է բերվել շուրջ 50 խորքային հոր։ Խնայվել է 4500 լ/վրկ ջրաքանակ: Ձևակերպվել է նոր 190 ջրօգտագործման թույլտվության հայտ՝ ձկնաբուծության, ոռոգման, խմելու ջրի և արդյունաբերական նպատակով»,- ասվում է ՔՊ-ի նախընտրական ծրագրում:
Մեկ տարի առաջ, երբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր իր ղեկավարած կառավարության հերթական ձեռքբերումները, հայտնեց, որ ջրային ռեսուրսների օգտագործումը կրճատելու, կանոնակարգելու եւ նորմավորելու համար իրականացվող աշխատանքների արդյունքում 2019թ.-ին խնայվել է 3017,8 լ/վրկ ջուր: Շրջակա միջավայրի այն ժամանակվա նախարար Էրիկ Գրիգորյանն ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ սա ավելին է, քան Երեւան քաղաքի 1 տարվա խմելու ջրի սպառման ծավալները:
Երբ Շրջակա միջավայրի նախարարության տրամադրած տվյալներով ուսումնասիրեցինք, թե ինչի արդյունքում է «խնայվել» 3010 լ/վրկ ջրաքանակը, պարզվեց, որ հաշվարկի մեջ մտցրել են 2013թ.-ից ցամաքած ու լքված խորքային հորերից ջրառի ցուցանիշները: Ջրախնայողության հաշվարկը կատարվել է նաև 2016թ.-ից ջրօգտագործման թույլտվություն չունեցող եւ ձկնաբուծական տնտեսության գործունեությունը դադարեցրած ընկերությունների նախկինում օգտագործած ջրաքանակի ծավալը (մանրամասներին ծանոթացեք հետևյալ հղումով): Փաստերը վերլուծելու արդյունքում հանգեցինք հետևության, որ ձեւական ցուցանիշներ գրանցելով՝ նախարարությունը շարունակում է կոծկել ջրի կորուստները: Հետևաբար, այսօր ներկայացվող ցուցանիշը՝ խնայվել է 4500 լ/վրկ ջրաքանակ, հավաստի չի կարող համարվել:
Դեռևս 2013թ.-ին Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը պարզել էր, որ Արարատյան դաշտում շահագործվող 1379 խորքային հորից ջրօգտագործման թույլտվություն ունեն 467-ը, իսկ 912-ն՝ ապօրինի են: Ապօրինի հորեր շահագործող ընկերությունները, բացառությամբ մեկ-երկուսի, դուրս են մնացել նախարարության կոնսերվացման եւ փականային ռեժիմի բերելու աշխատանքների ցանկից: Արարատի մարզի քննչական բաժնում 6 հատոր քրեական գործ էր քննվել, պարզել էին ապօրինի խորքային հորեր շահագործողներին և գործը կարճել էին 2016թ.-ին: Բողոքների արդյունքում գործը վերաբացվեց 2019թ.-ին, քննվեց ևս 4 հատոր և դարձյալ կարճվեց:
Մեկ տարի առաջ մեր հրապարակած հետաքննությունը ավելյալ օգնություն էր իշխանությանը, որպեսզի լուծումներ գտնի արտեզյան ավազնի ջուրն անխնա սպառող հարյուրավոր ձկնաբուծարանների համար: Ծավալուն հետաքննությամբ փաստել էինք, որ Արարատյան դաշտում մեծ թվով ձկնաբուծարանների հիմնումը հնարավոր է եղել այն պատճառով, որ դրանց սեփականատերերին հաջողվել է փոքր ներդրումներով ձկնաբուծական տնտեսություններ ստեղծել։ Այս բիզնեսում կենսունակ են, հատկապես, բարձրաստիճան պաշտոնյաները, որովհետեւ կարողացել են անվճար կամ չնչին գներով մեծ հողատարածքներ ձեռք բերել: Ձկնաբուծական տնտեսությունների վերածելուց հետո էլ հողերի դասակարգման փոփոխություն չեն կատարել, տասնյակ հեկտարներով ինքնակամ կառուցած շինությունները չեն օրինականացրել, որպեսզի համայնքային բյուջե գումարներ չվճարեն:
Մեր հրապարակումից հետո Արարատի և Արմավիրի մարզերում ստուգումներ իրականացրեց Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ): Ավելի քան 6 ամիս տևած ուսումնասիրությունը, մեր տեղեկություններով, ոչ միայն հաստատել էր մեր բացահայտած ապօրինությունները, այլև համայնքներին պատճառված վնասների ծավալները եռապատկվել էին: ՊՎԾ-ի ստուգումների արդյունքում կազմված ստվարածավալ եզրակացությունը չհրապարակվեց: Դատախազությունը մեր հետաքննության հիման վրա հարուցված քրեական գործով արդյունքներ ցույց չտվեց, բացառությամբ մեկի՝ օրինականացվեց Արարատի մարզի Սիս համայնքում գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող երկու ձկնաբուծարաններից միայն մեկը:
Այսինքն, հազարավոր անօրինական ձկնաբուծարաններ առայսօր շարունակում են գործել՝ սպառելով իրենց հասանելիքից շատ ավելի մեծ ջրաքանակ, համայնքներին չեն վճարում միլիարդների հասնող հողի և գույքի հարկը:
Հրապարակային ելույթներում «կոռուպցիան հաղթահարած» վարչապետը ձեռքի տակ ունենալով Արարատյան դաշտի արտեզյան ջրավազնի գերշահագործման ողջ պատկերը՝ ԳԱՏՕ-ի գիտական հաշվարկները, քրեական գործով ձեռք բերված ապացույցները, «Հետք»-ի հետաքննությունը, ՊՎԾ-ի ուսումնասիրությունը, աղետը կանխարգելող միջոցառումներ չնախաձեռնեց:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններում կրկին հաղթելու հայտ ներկայացրած իշխանությունը հանրությանը խոստանում է ներդնել ջրային ռեսուրսների կառավարման գերարդյունավետ համակարգ: «5 տարի ժամկետով ամբողջությամբ փոխհատուցելու ենք ոռոգման ջրի վարձավճարը մինչև 3 հեկտար հողատարածքներում կաթիլային և/կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերի ներդրման դեպքում: Արդիանականացնելու ենք ոռոգման համակարգերի 50%-ը՝ ներդնելով ժամանակակից տեխնոլոգիաներ և ավարտին ենք հասցնելու ու կառուցելու ենք նոր ջրավազաններ/ջրամբարներ»,- ասվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նույնպես անհրաժեշտ է համարում «արմատապես վերակառուցել ջրային տնտեսության կառավարման համակարգը՝ բացառելով ներկայումս գործող միջնորդ-շղթայական օղակները, որի արդյունքում էապես կիջնի գյուղացիական տնտեսություններին մատակարարվող ոռոգման ջրի ինքնարժեքը, ջրամատակարարների և ջրօգտագործողների միջև կձևավորվեն վստահելի հարաբերություններ»:
«Քաղաքացիական պայմանագրի» ոչ իրատեսական, նաև վաղուց հնացած ընտրողին սիրաշահող խոստումը կրկնում է նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը: «2021 թ. սեպտեմբերի 1-ից առաջիկա 3 տարիներին գյուղացիական տնտեսությունների համար 1 հեկտար հողամասի ոռոգման ջրի դիմաց վճարը կսահմանվի 1000 դրամ»,- ասվում է կուսակցության ներկայացրած ծրագրում:
Ընտրարշավին մասնակցող մյուս կուսակցություններն ու դաշինքներն իրենց ծրագրերում գյուղատնտեսությունը «զարգացնում» են ժամանակակից տեխնոլոգիաներ ներդնելու միջոցով, ջրանցքներ ու ջրամբարներ կառուցելով: Նրանք այդպես էլ չեն մտաբերում տարածաշրջանի ամենակենսական խնդիրը՝ ինչպե՞ս վերականգնել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրերը կամ կանխել գերշահագործումը:
Կուսակցությունները կարևորում են էկոլոգիապես մաքուր գյուղմթերքի արտադրությունը՝ չհիշելով, որ Արարատյան դաշտի գյուղերում ջուր չլինելու պատճառվ նաև կոյուղաջրով են ոռոգում: Էկոլոգիապես մաքուր արտադրանք ունենալու համար առաջնային պետք է մտածել կոյուղաջրով ոռոգումը արգելելու մասին, առնվազն մաքրման կայաններ կառուցել և կենսաբանական մաքրում կատարելուց հետո ջուրը տրամադրել ոռոգման նպատակով:
«Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագրում առանց ընդլայնվելու, մի պարբերությամբ ամփոփված են ոլորտի հիմնախնդիրները: «Ռազմավարական համարելով Արարատյան դաշտի ջրային պաշարների առաջանցիկ վերականգնումը, բացառելու ենք ստորերկրյա ջրավազանի գերշահագործումն ու հյուծումը: Իրականացվելու է ջրամբարաշինության լայնածավալ ծրագիր: Արմավիրի տարածաշրջանում 5 ջրամբար կկառուցվի: Կներդրվեն ջրախնայող ոռոգման համակարգեր:
Իրականացվելու է Սևանա լճի շուրջ առկա մաքրման համակարգերի արդիականացում և նորերի ստեղծում: Ավելացվելու է նոր կայանների թիվը, ներդրվելու են կեղտաջրերի կենսաբանական մաքրման մեխանիզմներ»:
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը կարևորել է ոռոգման համակարգերի վերականգնման, վերակառուցման, արդիականացման ներդրումային, ինչպես նաև ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը, ոռոգման համակարգի զարգացման ծրագրի մշակումն ու իրականացումը, ջրակորուստների կրճատման, ջրախնայողության, ոռոգվող հողատարածքների ավելացման, ջրի առցանց, թափանցիկ կառավարման համակարգի ներդրումը:
Ծրագրում ասվում է, որ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը, ինչպես նաև գյուղատնտեսական ոլորտում միասնական պլանավորումը թույլ կտան ստանալ բարձր որակի օրգանական արտադրանք և այն կունենա մի շարք մրցակցային առավելություններ։ Դրանից հետո կիրականացվի էկոլոգիապես մաքուր արտադրանքի արտահանումը, որպես Հայաստանում արտադրված ապրանք:
«Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունն այս հիմնախնդրի լուծումը հետևյալ կերպ է տեսնում. «Ջրային ռեսուրսների արդյունավետ բաշխման և օգտագործման նպատակով թունելախորշային լուծումների կիրառմամբ կառուցել Ախուրյան-Քասախ ջրանցք և Քասախ-Արմավիր հիդրոկասկադ (տարեկան 2-2,5 մլրդ կվտ/ժամ), ինչի շնորհիվ հնարավոր կլինի նաև տարեկան շուրջ 1 մլրդ խմ ջուր հասցնել Արարատյան դաշտ, դադարեցնել Սևանից ջրառը և Արարատյան դաշտի արտեզյան ավազանի շահագործումը»:
«Պատիվ ունեմ» դաշինքն անհրաժեշտ է համարում մշակել ջրային պաշարների պահպանության և արդյունավետ շահագործման մեխանիզմներ։ Սակայն, չի սահմանում խնդիրը և չի մանրամասնում, թե ինչ գործողություններ պետք է իրականացնել այդ ուղղությամբ:
Լուսանկարները՝ Սարո Բաղդասարյանի
Մեկնաբանել