HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին միջանկյալ տեղեկանքը

«Ականատես» դիտորդական առաքելությունը ներկայացրել է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների մասին միջանկյալ տեղեկանքը:

Դիտորդական առաքելության մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնվել է 2018թ.-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն հասարակական կազմակերպության, «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» հասարակական կազմակերպության, «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնության և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամի կողմից:

«Ականատես»-ի նպատակն է նպաստել հանրային անկողմնակալ հսկողության միջոցով նպաստել ազատ և արդար ընտրությունների անցկացմանը, ընտրական գործընթացների օրինավորությանը:

«Ականատես»-ը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով այնպիսի գործողություն կատարելուց, որը կարող է մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության (կուսակցությունների դաշինքի) օգտին կամ դեմ:

2021 թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների համատեքստում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունն իրականացնում է երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն Հայաստանի ամբողջ տարածքում:

Առաքելությունն իրականացվում է Եվրոմիության, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Սևծովյան համագործակցության հիմնադրամի, Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստանի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության աջակցությամբ։

Սույն փաստաթղթի բովանդակության համար պատասխանատու է «Ականատես» դիտորդական առաքելությունը, և այն չի արտացոլում դրամաշնորհատուների տեսակետները։

Դիտարկման մեթոդաբանություն

Երկարաժամկետ դիտորդական առաքելության շրջանակներում «Ականատես» դիտորդական նախաձեռնությունը ներգրավել է 60 դիտորդ՝ Հայաստանի Հանրապետության 38 տարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկման տարածքներում դիտարկելու և գնահատելու նախընտրական և հետընտրական գործընթացները, այդ թվում՝ ընտրությունների վարչարարությունը, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) շտաբների գործունեությունը, նախընտրական քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ինչպես նաև հետընտրական գործընթացները՝ վերահաշվարկը, բողոքների քննությունը և այլն:

Երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդության ընթացքում դիտորդները հավաքագրում են քանակական և որակական տվյալներ ընտրական գործընթացների վերաբերյալ: Տվյալների հավաքագրումը կատարվում է գրասենյակային հետազոտության, առցանց բաց տվյալների վերլուծության, անմիջական դիտարկումների, պաշտոնական հարցումների, հանդիպումների, հարցազրույցների, ինչպես նաև մամուլի լուսաբանումներին հետևելու միջոցով: Դիտորդները տեղերում աշխատում են ընտրական հանձնաժողովների, կուսակցությունների (կուսակցությունների դաշինքների) նախընտրական շտաբների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ԶԼՄ-ների, քաղաքացիների, ինչպես նաև՝ ընտրական գործընթացներում ծառայություն մատուցող ընկերությունների հետ:

Ոչ պաշտոնական տեղեկատվության ճշգրտությունն ու հավաստիությունն ապահովելու նպատակով ստացված տվյալները դիտորդների կողմից ստուգվում են մի քանի անկախ աղբյուրների միջոցով: Այնուհետ հավաքագրված տվյալները ենթարկվում են վերլուծության և ամփոփվում նախաձեռնության զեկույցներում, տեղեկագրերում, մամուլի հաղորդագրություններում և վիզուալ նյութերում:

Ընտրական գործընթացի վերաբերյալ արձանագրված խախտումների հիման վրա, ըստ նպատակահարմարության, կազմվելու և ներկայացվելու են բողոքներ/հայցեր/դիմումներ վարչական, դատական և իրավապահ մարմիններին:

 Դիտարկման արդյունքներ

«Ականատես» դիտորդական առաքելությունն իր աշխատանքը մեկնարկել է 2021 թ. մայիսի 1-ից: Մայիսի 1-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածի դիտարկումներն ամփոփված են առաքելության նախնական տեղեկանքում[1]։ Սույն տեղեկանքում ներառված են ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված նախընտրական քարոզչության մեկնարկի օրից՝ հունիսի 7-ից մինչև հունիսի 16-ը կատարված դիտարկման տվյալները, որոնք ներառում են ընտրությունների վարչարարության գործընթացը, այդ թվում՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) և Տարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը, ՏԻՄ մարմինների աշխատանքը, քարոզչությունը, վարչական ռեսուրսի օգտագործումը, ատելության քարոզը և այլն։

Ընտրական հանձնաժողովներ

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածում՝ 2021թ․ հունիսի 7-ից մինչև 16-ը ներառյալ ԿԸՀ կողմից հրավիրվել է 6 նիստ, որոնցից 3-ում հիմնականում քննարկվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպմանն առնչվող հարցեր, իսկ 3-ը վերաբերել են Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների կազմակերպման շրջանակում առանձին անհատների և կուսակցությունների դիմումների և դատախազության միջնորդությունների քննարկմանը: Վերջին 3-ից՝ հունիսի 11-ի և հունիսի 12-ի նիստերը չեն հեռարձակվել և դրանց տեսագրությունները չեն տեղադրվել ԿԸՀ կայքում, ըստ երևույթին՝ նախաքննական գաղտնիքը պահպանելու նպատակով, քանի որ նշված նիստերով քննարկվել են դատախազության միջնորդությունները:

ԿԸՀ նիստերը շարունակել են ընթանալ միակարծության և միաձայն քվեարկության մթնոլորտում: Ինչպես և նախկինում, չի արձանագրվել որևէ դեպք, որ տեղի ունենար հանձնաժողովի անդամների միջև որևէ հարցի քննարկում կամ որ հանձնաժողովի անդամներից որևէ մեկը դեմ քվեարկեր առաջարկվող որոշման նախագծին:

Ողջունելի է ԿԸՀ նոր կայքի գործարկումը, որը, ընդհանուր տպավորությամբ, օգտագործողի տեսանկյունից ավելի հարմար է և արդյունավետորեն կարող է ապահովել ընտրական գործընթացների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը: Կայքում հատուկ բաժին է նախատեսվել Տարածքային ընտրական հանձնաժողովների գործունեությունը ներկայացնելու համար (թեև դեռևս լիարժեք տեղեկատվություն չի պարունակում): Այդուհանդերձ, հարկ է նկատել, որ կայքում առկա տվյալների զգալի մասը շարունակում է ներկայացվել ոչ թե «բաց տվյալների» (open data format), այլ PDF ձևաչափով, ինչը դժվարացնում է տվյալների վերլուծությունը:

ՀՀ ընտրական օրենսգրքի համաձայն՝ ընտրություններին մասնակցող կուսակցությունները (կուսակցությունների դաշինքները) կարող են ներկայացնել իրենց նախընտրական ծրագրերը ԿԸՀ սահմանած էլեկտրոնային ձևով` ԿԸՀ կայքում տեղադրելու համար[2]: Կայքում այս պահին հրապարակված են ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցություններից միայն 4-ի («Հանրապետություն», «Հայոց հայրենիք», «Վերելք» և «Ազգային ժողովրդավարական բևեռ» կուսակցությունների) նախընտրական ծրագրերը: Հաշվի առնելով, որ կուսակցություններից ու դաշինքներից 12-ը չունեն պաշտոնական կայքէջ, կարելի է ասել, որ ընտրողի համար պատշաճ կերպով հասանելի չեն նրանց գաղափարախոսությունն ու ծրագրերը:

Դիտորդական առաքելությունների գրանցում

Դիտորդական կազմակերպությունների գրանցման գործընթացում առկա են մի շարք խնդիրներ:

ՀՀ ընտրական օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ դիտորդական առաքելություն իրականացնելու իրավունք ունեն հայաստանյան այն հասարակական կազմակերպությունները, որոնց կանոնադրական նպատակներն ընտրությունները նշանակելու օրվան նախորդող նվազագույնը մեկ տարի ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին: ԿԸՀ-ն գրանցելիս ստուգում է կազմակերպությունների կանոնադրական նպատակները, սակայն չի ստուգում կուսակցություններին ու թեկնածուներին աջակցելու հանգամանքը, այդ թվում՝ կարող է չբացահայտել քաղաքական թեկնածուների ու դիտորդների ցանկերի համընկման փաստերը:

ՀՀ ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ԿԸՀ-ն կարող է մերժել դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե հասարակական կազմակերպության կանոնադրական նպատակները չեն բավարարում օրենսգրքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներին: Եվ թեև դիտորդական կազմակերպության կողմից թեկնածուներին կամ ընտրություններին մասնակցող կուսակցություններին չաջակցելու հանգամանքը սահմանված է որպես հավատարմագրման նախապայման, այն նախատեսված չէ դիտորդական կազմակերպության դիմումը մերժելու հիմքերի սպառիչ ցանկում: Այսինքն, ըստ Ընտրական օրենսգրքի 31-րդ հոդվածի՝ ԿԸՀ-ն չի կարող կազմակերպության դիմումը մերժել, եթե նույնիսկ կազմակերպությունն իրականացնում է ակտիվ նախընտրական քարոզչություն:

Բացի այդ, ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված չեն նաև տեղական դիտորդական կազմակերպության կողմից իր դիտորդներին հավատարմագրումից հետո հնարավոր քարոզչության կամ որևէ թեկնածուին կամ ընտրություններին մասնակցող կուսակցությանը աջակցության դեպքում՝ կազմակերպությանը դիտորդական առաքելության իրավունքից զրկելու ընթացակարգը և հիմքերը:

Այս բացերի արդյունքում բացահայտվել է դեպք, որտեղ օրինակ՝ «Երիտասարդական ակումբների դաշնություն» երիտասարդական ՀԿ-ն գրանցվել է ԿԸՀ-ում՝ իրականացնելու դիտորդական առաքելություն, իսկ դրա ղեկավարը միաժամանակ ներառված է «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածուների ցանկում[3]:

Տարածքային ընտրական հանձնաժողովներ

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դիտորդների կողմից դիտարկվել է Տարածքային ընտրական հանձնաժողովների 8 նիստ։ Դրանք ընթացել են բնականոն հունով՝ առանց միջադեպերի և խախտումների։ Դիտարկումները ցույց են տվել, որ տարածքային հանձնաժողովների կին անդամները ակտիվորեն ներգրավված են եղել որոշումների կայացման գործընթացներում։ Տարածքային ընտրական հանձնաժողովների համագործակցությունը դիտորդների հետ մեծ մասամբ գնահատվել է բաց և կառուցողական, առանց խոչընդոտների։

Արձանագրվել է 3 դեպք, երբ տարածքային հանձնաժողովներն ապահովված չեն եղել արդյունավետ աշխատանքի համար բավարար պայմաններով։ Մասնավորապես՝ ոչ բարվոք շենքային պայմաններ են թիվ 1 և անբավարար գույքային պայմաններ թիվ 6 տարածքային ընտրական հանձնաժողովներում: Թիվ 21 տարածքային ընտրական հանձնաժողովը բավարար տարածք չունենալու պատճառով ստիպված է եղել քվեաթերթիկները պահեստավորել մեկ այլ շենքի՝ դպրոցի դահլիճում, որտեղից էլ տեղի է ունենալու քվեաթերթիկների բաշխումը 57 տեղամասային ընտրական հանձնաժողովների միջև[4]։

Հաշվետու ժամանակահատվածում երեք դիմում-բողոք է ներկայացվել տարածքային ընտրական հանձնաժողովներ՝ կապված օրենքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառների հետ։

Առաջին դեպքում՝ թիվ 13 հանձնաժողովը մերժել է «Արարատ» ՋՕԸ ղեկավարի (2018թ․ խորհրդարանական ընտրություններին՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորական թեկնածու) դիմումը՝ հեռացնելու «Հայաստան» դաշինքի նախընտրական պաստառը ՋՕԸ վարչական գրասենյակի շինության պատից։ Մերժման հիմնավորում է հանդիսացել այն հանգամանքը, որ շենքում, որտեղ ՋՕԸ գրասենյակը գտնվում է վարձակալության հիմքով, «Հայաստան» դաշինքն ունի նախընտրական շտաբ, որի վրա, օրենքի համաձայն, կարող է տեղակայվել մինչև 6 քմ մակերեսով պաստառ։

Երկրորդ դեպքում՝ թիվ 27 տարածքային հանձնաժողովի կողմից բավարարվել է «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության Կոտայքի մարզային կառույցի ղեկավարի բողոքը` հեռացնելու «Պատիվ ունեմ» դաշինքի՝ Քասախ համայնքում չսահմանված վայրում փակցված 5 քմ-ն գերազանցող քարոզչական պաստառը։ Տարածքային ընտրական հանձնաժողովը դաշինքին մեկ օր ժամանակ է տվել՝ խախտումը վերացնելու համար, ինչպես նաև դիմել է Քասախ համայնքի ղեկավարին՝ պաստառը անմիջապես հեռացնելու պահանջով։ Թե՛ «Պատիվ ունեմ» դաշինքը, և թե՛ համայնքի ղեկավարը անտեսել են հանձնաժողովի պահանջը և պաստառը մինչ օրս չի հեռացվել։ Պետք է նշել, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանի դուստրը՝ Աննա Մկրտչյանը, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակի 3-րդ համարի թեկնածուն է[5]:

Երրորդ դեպքում թիվ 27 տարածքային ընտրական հանձնաժողովը բնակչի դիմումի հիման վրա որոշում է կայացրել հեռացնել Չարենցավան քաղաքում չսահմանված վայերում փակցված ՔՊ կուսակցության թվով 8 պաստառները։ Կուսակցությանը 1 օր ժամանակ է տրվել վերացնել խախտումները։ Միևնույն ժամանակ, տարածքային հանձնաժողովը դիմել է Չարենցավան համայնքի ղեկավարին՝ անհապաղ վերացնելու օրենքի խախտումով փակցված պաստառները։ Այդուհանդերձ, մինչ օրս ոչ բոլոր պաստառներն են հեռացված։

Տարածքային ընտրական հանձնաժողովների անկախություն

«Ականատեսի» դիտարկմամբ բացահայտվել է տարածքային ընտրական հանձնաժողովների գործունեության սկզբունքների փաստացի աղճատում, որը ռիսկի տակ է դնում դրանց անկախությունը: Մասնավորապես, ՀՀ ընտրական օրենսգիրքն ամրագրում է ընտրական հանձնաժողովների եռաստիճան համակարգ[6], որոնցից յուրաքանչյուրն իր լիազորություններն իրականացնելիս պետք է լինի անկախ, իսկ նրանց գործունեությանը որևէ միջամտություն արգելվում է[7]: Միաժամանակ, օրենսգիրքը սահմանում է ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների արձանագրության տվյալները տարածքային ընտրական հանձնաժողովի կողմից համակարգիչ մուտքագրելու պարտականություն, որը սակայն, ըստ ԿԸՀ որոշման, իրականացվում է ԿԸՀ աշխատակազմի աշխատակիցների կողմից, որոնք ձևակերպված են որպես քաղաքացիական ծառայողներ, որոնց պաշտոնի անձնագրերում որպես աշխատավայր նշվում է համապատասխան ՏԸՀ նստավայրը[8]: Ընտրական գործընթացի նման կազմակերպումը իրավաչափ չէ և ստեղծում է ռիսկեր տարածքային ընտրական հանձնաժողովի անկախության ապահովման և դրա գործառույթների իրականացման վրա հնարավոր ազդեցության առումով:

Տեղամասային ընտրական հանձնաժողովների ուսուցում

ԿԸՀ և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի (ԱՅ ԷՖ Ի ԷՍ) համատեղ ջանքերով ս.թ. հունիսի 6-ից իրականացվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների վերապատրաստման դասընթացներ։ «Ականատեսի» կողմից դիտարկվել է դրանցից 80-ը, որոնց մասնակցել է հանձնաժողովի 1,566 անդամ։ Դասընթացների 90%-ի որակը «լավ» և «բարձր» է գնահատվել դիտորդների կողմից։

Նախընտրական քարոզարշավ

Ըստ ընտրական օրենսգրքի՝ 2021 թ․ հունիսի 7-ին պաշտոնապես մեկնարկել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որ տևելու է մինչև հունիսի 18-ը՝ ժամը 24։00-ն։ Ի տարբերություն մինչև հունիսի 6-ն ընկած ժամանակահատվածի, այս ժամանակահատվածում գործում են քաղաքական ուժերի հավասար մրցակցային պայմաններն ապահովող կանոններ և ֆինանսական թափանցիկության պահանջներ[9]:

Քարոզչանյութերի տարածում

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում արձանագրվել են բազմաթիվ դեպքեր՝ կապված չսահմանված/արգելված վայրերում քարոզչական նյութերի տեղադրման հետ։ Մասնավորապես պաստառները փակցված են եղել փողոցային սյուներին, կանգառներում (գովազդային ընկերությունների կողմից տնօրինվող վահանակներից դուրս), բազմաբնակարան շենքերին (ոչ միայն սեփականատիրոջ պատշգամբի և պատուհանների վրա), առևտրի կետերում, հանրային տրանսպորտի և տաքսիների վրա և այլն[10]։ Նման խախտումներ են արձանագրվել «Քաղաքացիական պայմանագիր», Հայաստանի դեմոկրատական, «Հանրապետություն», «Լուսավոր Հայաստան», «Բարգավաճ Հայաստան», «Միասնական հայրենիք», «Հայոց հայրենիք» կուսակցությունների, ինչպես նաև «Հայաստան», «Պատիվ ունեմ», «Ազատ Հայրենիք», «Բաբաջանյան-Շիրինյան» դաշինքների դեպքում։ Առանձնահատուկ ուշադրություն է գրավել ՔՊ կուսակցության պաստառը «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ի շենքի մուտքին[11] և ինչպես նաև նույն կուսակցության կարգախոսի եռաչափ լուսային պրոյեկտումը ՀՀ կառավարության շենքին[12]։

ՀՀ ընտրական օրենսգիրքը սահմանում է, որ քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ ներառեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ[13]: Անհրաժեշտ տվյալները բացակայել են «Քաղաքացիական պայմանագիր», «Ազգային-ժողովրդավարական բևեռ», Հայաստանի դեմոկրատական, «Բարգավաճ Հայաստան», «Քաղաքացու որոշում» սոցիալ դեմոկրատական, «Ազգային օրակարգ», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Հանրապետություն», «Մեր տունը Հայաստանն է», «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցությունների, «Հայաստան», «Ազատ հայրենիք» դաշինքների դիտարկված տպագիր քարոզչական նյութերում։

Պաշտոնական քարոզչության ժամանակահատվածում դեռ շարունակում է խնդրահարույց մնալ քարոզչության հետ ուղղակի առնչություն չունեցող, բայց քարոզչության վրա անուղղակիորեն ազդող տպագիր նյութերի տարածումը։

Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում վերացման են ենթակա ԿԸՀ կողմից նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված՝ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով պաստառները, տպագիր և այլ նյութերը: Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը, նախընտրական քարոզչության հետ ասոցացվող համարված պաստառները, տպագիր և այլ նյութերը ենթակա են վերացման, եթե դրանց ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում: Ընտրական օրենսգրքի դրույթների խախտմամբ փակցված քարոզչական պաստառը, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը (ժամկետ սահմանված չէ) անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ[14]:

Նախընտրական քարոզչության հետ ասոցացվող քարոզչանյութեր

Նախընտրական քարոզարշավի ժամանակահատվածում ԿԸՀ կողմից քարոզչությանն ասոցացվող ճանաչված՝ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և Ազատություն» գրքի պատկերով և «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի՝ 5 քառակուսի մետրը գերազանցող պաստառները Հայաստանի ողջ տարածքում դեռևս շարունակում են մնալ արտաքին գովազդային վահանակների վրա[15]։

Ի պատասխան ՀՀ վարչական դատարանի վճռի[16], որով վերացվել էր  ԿԸՀ որոշումը Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող պաստառը նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչելու մասին՝ որոշման չպատճառաբանված լինելու հիմքով, 2021 թ․ հունիսի 8-ին ԿԸՀ-ն նույն հարցի կապակցությամբ սեփական նախաձեռնությամբ դարձյալ հարուցեց վարույթ և ընդունեց որոշում, այս անգամ՝ մանրամասն իրավական հիմնավորմամբ[17]։ ԿԸՀ այս որոշումը կրկին բողոքարկվեց Ռ.Քոչարյանի կողմից Վարչական դատարանում, որը ևս բավարարվեց՝ նույն հարցի շուրջ կրկին անգամ միջամտող վարչական ակտ ընդունելու անթույլատրելիության պատճառաբանությամբ[18]:

Տիգրան Արզաքանցյանի դեպքում ՀՀ ԿԸՀ-ն հունիսի 10-ի թիվ Ա-133 որոշմամբ անվավեր ճանաչեց վերջինիս գրանցումը որպես Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու[19]։ Տիգրան Արզաքանցյանը ԿԸՀ այս որոշումը բողոքարկեց Վարչական դատարանում, որը հունիսի 14-ին կայացած նիստում վճռեց մերժել Տ․ Արզաքանցյանի բողոքն ընդդեմ ԿԸՀ-ի[20]։ Չնայած Վարչական դատարանի վճռին՝ Տիգրան Արզաքանցյանը հայտարարեց, որ շարունակում է ակտիվորեն մասնակցել նախընտրական քարոզչությանը և աջակցել Հայաստանի դեմոկրատական կուսակցությանը[21], իսկ վերջինիս բարեգործական հիմնադրամի պաստառները շարունակում են մնալ իրենց տեղերում։

Քարոզչանյութերի վնասում

Բացի քարոզչական նյութերի տարածման կանոնների խախտման դեպքերից դիտորդներն արձանագրել են նաև քարոզչական տպագիր նյութերը պատռելու և վնասման դեպքեր («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հայ ազգային կոնգրես», «Բարգավաճ Հայաստան», «Հանրապետություն», Հայաստանի դեմոկրատական, «Ազգային-ժողովրդավարական բևեռ», Ազատական կուսակցություններ և «Հայաստան», «Շիրինյան-Բաբաջանյան» ժողովրդավարների, «Պատիվ ունեմ» դաշինք)։

Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական շտաբներ

Քարոզչանյութերի տարածման գործընթացը դիտարկելուն զուգահեռ առաքելության դիտորդները դիտարկել են կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների նախընտրական միջոցառումները և այցելել վերջիններիս նախընտրական շտաբներ․

Ընդհանուր առմամբ, դիտորդներն այցելել են թվով 351 նախընտրական շտաբ Երևանում և  մարզերում։ Արձանագրվել է մի քանի դրվագ, երբ դիտորդներին հնարավորություն չեն տվել մուտք գործել շտաբ կամ չի տրամադրվել տեղեկություն կուսակցությունների կամ կուսակցությունների քարոզչության վերաբերյալ տարբեր պատճառաբանություններով, այդ թվում՝

  • Ճամբարակում գործող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբի աշխատողները թույլ չեն տվել դիտորդին մուտք գործել:
  • Կապանում «Հայաստան» դաշինքի և «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբներում դիտորդների նկատմամբ լարված են եղել և հրաժարվել են պատասխանել հարցերին:
  • Սպիտակում «Հայաստան» դաշինքի շտաբում մի քանի երիտասարդներ փորձել են փակել շտաբի մուտքը և թույլ չտալ դիտորդին մուտք գործել: Այնուհետ, շտաբի ներկայացուցիչ Սամվել Խոյեցյանը (նախկինում՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության Սպիտակի տարածքային բաժնի պետ) դիտորդի նկատմամբ ցուցաբերել է ագրեսիվ վարքագիծ։
  • «Հայաստան» դաշինքի Երևանի Կենտրոն վարչական շրջանում գտնվող շտաբում սկզբում լավ են ընդունում, սակայն վերաբերմունքը կտրուկ փոխվում է, երբ տեղեկանում են, որ դիտորդ է: Լավագույն դեպքում՝ հարցերին պատասխանում են, որ ժամանակ չունեն և իրենց իրավունքն է հրաժարվել դիտորդի հետ շփումից: Վատագույն դեպքում ագրեսիվ պիտակավորել են «սոռոսական», «երկիր քանդողներ», «սաղ դուք եք անում»:

Նախընտրական միջոցառումների դիտարկում

Նախընտրական շրջանում «Ականատեսի» կողմից դիտարկվել է ավելի քան 200 նախընտրական միջոցառում Երևան քաղաքում և բոլոր մարզերում։ Միջոցառումների ընթացքում դիտորդները նկատել են պաշտոնատար անձանց (այդ թվում՝ մարզպետեր, համայնքապետեր, փոխհամայնքապետեր և այլն) մասնակցություն՝ հիմնականում աշխատանքային ժամերին, դպրոցների, մշակույթի կենտրոնների ներկայացուցիչների ներկայություն։ Նման դեպքեր դիտարկվել են 39 միջոցառման ընթացքում, որոնցից 25-ի կազմակերպիչը հանդիսացել է ՔՊ կուսակցությունը, 13-ինը՝ «Հայաստան» դաշինքը և 1-ինը՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։

Ըստ դիտարկման՝ առաջիկա ընտրությունների նախընտրական միջոցառումներն աչքի են ընկել ավելի պակաս ծրագրային քննարկումներով և ավելի ինտենսիվ անձնավորված քննադատությամբ, մեղադրանքներով, ինչպես նաև ատելության և բռնության կոչերով։

Վարչական ռեսուրսի և ազդեցության լծակների ոչ իրավաչափ օգտագործում

Վարչական ռեսուրսների չարաշահումը քաղաքացիական ծառայողների, ինչպես նաև իշխող կուսակցությունների և թեկնածուների գործողությունն է՝ օգտագործելու իրենց տրամադրության կամ վերահսկողության ներքո եղած նյութական (այդ թվում՝ ֆինանսական, հանրային ենթակառուցվածքների հասանելիության) և ոչ նյութական ռեսուրսները, պաշտոնեական դիրքը և կապերը՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով։

Ականատեսի դիտորդները նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դիտարկել են վարչական ռեսուրսի չարաշահման, հավաքներին մասնակցելուն կամ մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու բազմաթիվ դրսևորումներ:

  • Հունիսի 7-ին Աբովյան քաղաքի համայնքապետարանի կոմունալ վարչության աշխատակիցներին պարտադրել են մասնակցել համայնքապետարանի դիմացի այգում տեղի ունեցող՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քարոզչական միջոցառմանը։
  • Նորատուսի և Կարմիրգյուղի դպրոցների ուսուցիչները մարզպետարանի կողմից ուղղորդվել են մասնակցելու ՔՊ կուսակցության կողմից Գավառ քաղաքում կազմակերպված հանրահավաքին։
  • Հունիսի 7-ին Քաջարան քաղաքի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը աշխատանքային ժամին զբաղվել է քարոզչությամբ՝ ելույթ ունենալով «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում[22]։
  • Հունիսի 7-ին Քաջարան քաղաքում տեղի ունեցած «Հայաստան» դաշինքի հանրահավաքին ստիպողաբար մասնակցել են մանկապարտեզի, արվեստի դպրոցի, համայնքապետարանի և Քաջարանի ԶՊՄԿ աշխատակիցները։
  • Հունիսի 7-ին Ագարակում և Մեղրիում «Հայաստան» դաշինքի քարոզչական միջոցառմանը պարտադրաբար մասնակցել են Մեղրի համայնքի մանկապարտեզի, «Արևիք» արվեստի դպրոցի, համայնքապետարանի աշխատակիցները:
  • Հունիսի 8-ին Լոռու մարզի մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ՔՊ կուսակցության օգտին քարոզչություն կատարելու նպատակով աշխատանքային ժամին ծառայողական մեքենայով այցելել է Ստեփանավան խոշորացված համայնքի Կաթնաղբյուր և Ուրասար բնակավայրեր։ Վերջինս դպրոցի դահլիճում քարոզչական բնույթի հանդիպում է ունեցել ուսուցիչների և այլ բնակիչների հետ՝ այդ ժամին դեռևս դասերը չավարտած աշակերտներին դպրոցից դուրս հանելով։ Մարզպետի տեղակալի՝ արձակուրդում գտնվելու մասին որևէ փաստ առկա չէ։
  • Հունիսի 9-ին Գորիս համայնքի փոխհամայնքապետ Իրինա Յոլյանի որոշմամբ համայնքային բյուջեից 6,130,000 ՀՀ դրամ գումարի չափ դրամական օգնություն է տրամադրվել 115 բնակչի[23]։ Շահառուների ցանկում, բացի Գորիսից, կան նաև Տեղ և Տաթև համայնքի բնակիչներ։ Ուշագրավ է, որ նախորդ եռամսյակների համեմատ համայնքում դրամական օգնությունների ծավալները կտրուկ աճել են։
  • Հունիսի 10-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքում «Պատիվ ունեմ» դաշինքի՝ աշխատանքային ժամին տեղի ունեցող նախընտրական միջոցառմանը ներկա են եղել համայնքապետարանի աշխատակիցներ։
  • Հունիսի 11-ին Նիկոլ Փաշինյանի Բերդ կատարած քարոզչական այցին մասնակցել է նաև ՀՀ բարձրագույն տեխնոլոգիաների նախարար Հայկ Չոբանյանը[24], որի արձակուրդի մեջ գտնվելու վերաբերյալ որևէ փաստ առկա չէ։
  • Հունիսի 11-ին Տավուշ ՋՕԸ-ն ընկերության հաշվին աշխատակիցների ավտոմեքենաների գազալիցքավորում է իրականացրել, որպեսզի վերջիններս ներկա լինեն Նիկոլ Փաշինյանի այցին։ Պայմաններից մեկը եղել է այն, որ աշխատակիցները առնվազն 1 մարդ պետք է տանեն իրենց հետ։
  • Հունիսի 12-ին ՀԷՑ «Դեբետ» մասնաճյուղի Ստեփանավանի տեղամասի տնօրենը պարտադրել է աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին, ինչպես նաև ձայներ հավաքել նույն դաշինքի օգտին։ Ավելին՝ դաշինքին չքվեարկող աշխատակիցներին սպառնացել են ազատել աշխատանքից։
  • Հունիսի 12-ին ՀԷՑ-ի Տաշիրի տեղամասի տնօրենը նույնպես պարտադրել է աշխատակիցներին գնալ «Հայաստան» դաշինքի հավաքին և սպառնացել աշխատանքից ազատել այն աշխատակիցներին, ովքեր կմասնակցեն ՔՊ կուսակցության հավաքին։
  • Հունիսի 12-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Ստեփանավանի և Տաշիրի տարածքային տեղամասերի ղեկավարները ստիպել են իրենց աշխատակիցներին մասնակցել «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։ Տաշիրի տեղամասի աշխատակիցներին նաև արգելվել է մասնակցել հունիսի 10-ին ՔՊ կուսակցության կողմից անցկացված հանրահավաքներին։
  • Հունիսի 12-ին Ալավերդի-Ախթալա ճանապարահատվածը վերանորոգող «ԱԱԲ պրոեկտ» ՍՊԸ-ի աշխատակիցներին աշխատանքի հեռացման սպառնալիքով ուղարկել են քաղաք Վանաձոր՝ «Հայաստան» դաշինքի նախընտրական հանդիպմանը մասնակցելու նպատակով։
  • Արզնի համայնքի «Ալյոնուշկա» մանկապարտեզի տնօրենը պարտադրել է աշխատակիցներին մասնակցել հունիսի 13-ին Ն․ Փաշինյանի՝ Արզնի կատարած այցին։ Տնօրենը սպառնացել է աշխատանքից ազատել աշխատակիցներից մեկին, ով հեռավորության պատճառով չի կարողացել մասնակցել հավաքին։
  • Հունիսի 16-ին Լոռու մարզպետարանից գրություն է ուղարկվել մարզի դպրոցներին առ այն, որ մարզպետարանը կարող է փոխադրամիջոց տրամադրել, եթե դպրոցի կոլեկտիվները ցանկանան մասնակցել հունիսի 17-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Երևանում կայանալիք հանրահավաքին։ Նամակում հատուկ շեշտվել է տարածել գրությունը կոլեկտիվների շրջանում։

 

Վարչական ռեսուրսի չարաշահում են նաև հանրային կառույցների ֆեյսբուքյան պաշտոնական էջերում քարոզչական բնույթի հրապարակումները։ Նմանատիպ դեպք է գրանցվել օրինակ Արարատի մարզի Նորաշեն համայնքում, որի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվել է Ն․ Փաշինյանի մարզային այցելությունների գրաֆիկը[25]։ Ի աջակցություն Ն. Փաշինյանի գրառումներ են կատարվել նաև Արմավիրի երկրորդ մանկապարտեզի, Վեդու բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան պաշտոնական էջերում, որոնք սակայն որոշ ժամանակ անց հեռացվել են։ Սիսիանի համայնքապետարանի աշխատակիցների կողմից վարվող ֆեյսբուքյան էջը ակտիվորեն օգտագործվում է «Հայաստան» դաշինքի օգտին առցանց քարոզարշավում[26]։

Առանձնակի մտահոգության առարկա է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն.Փաշինյանի  քարոզարշավի ընթացքում գործածվող վարչական ռեսուրսը, ինչպես օրինակ՝ ուղեկցող պաշտոնյաները, նրանց ծառայողական ավտոմեքենաները, ոստիկանական ուժերը:

Կաշառք և «բարեգործություն»

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում «Ականատես»-ի կողմից արձանագրվել է կաշառքի, բարեգործության կամ դրանց խոստման մի քանի դեպք, մասնավորապես․

  • Հայաստանի դեմոկրատական կուսակցության Արմավիրի շտաբում Տիգրան Արզաքանցյանին ուղղված դիմումով քաղաքացին ֆինանսական օգնության դիմաց խոստացել է ընտրել նշված կուսակցությանը։
  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի համակարգող և կուսակցության ընտրական ցուցակով պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանը ընտրողներին սննդամթերքի տեսքով կաշառք է տվել իր կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար: Կաշառքն իրենից ներկայացրել է 7,000 դրամ արժողությամբ սննդամթերքի փաթեթներ[27]։

Բացի վերոնշյալ ստուգված դեպքերից տարբեր համայնքներ այցելությունների ընթացքում դիտորդներին բնակիչների կողմից ներկայացվել են կաշառքի դեպքեր, որոնք սակայն հնարավոր չի եղել ճշտել, հաստատել կամ հերքել։ Նմանատիպ դեպքերից են՝

  1. Ըստ Սպիտակ համայնքի բնակիչների, «Հայաստան» դաշինքի կողմից Սպիտակի ջրմուղում գրանցում են նոր աշխատողներ և առանց որևէ աշխատանք կատարելու տալիս են գումար։ Բնակիչները նշում են նաև, որ Սպիտակի ջրմուղի տնօրենը «Հայաստան» դաշինքի սատարողներից է։
  2. Սպիտակից մի խումբ բնակիչներ նշել են, որ «Հայաստան» դաշինքի շտաբի աշխատակիցները տնայցեր են կատարում, անձնագրային տվյալներ վերցնում գումարի դիմաց՝ կաշառք բաժանելով։
  3. Հայաստանի հանրապետական կուսակցության անդամ, նախկին պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող Սպիտակի թռչնաֆաբրիկայի աշխատակիցներին պարտադրվում է ընտրել «Պատիվ ունեմ» դաշինքին, որի ընտրական ցուցակում թեկնածուների շարքում է նաև Արկադի Համբարձումյանի որդին՝ Ստանիսլավ Համբարձումյանը։
  4. Ստեփանավանի բնակիչների տվյալներով՝ «Հայաստան» դաշինքը տուն է վարձակալել, որտեղից երկու օրը մեկ բեռնատարով ապրանքներ են բերում-տանում:

Նախընտրական քարոզչության ֆինանսավորում

ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են քարոզարշավին առնչվող մի շարք ծախսերը (ԶԼՄ-ներով քարոզչություն, դահլիճների, տարածքների վարձակալում, քարոզչական պաստառի, տպագիր և այլ նյութերի պատրաստում. տեղադրում, ձեռքբերում) կատարել նախընտրական հիմնադրամից[28], որի մուտքերն ու ծախսերը ենթակա են հայտարարագրման: Օրենսգրքով հայտարարագրման ենթակա չեն ընտրական շտաբների վարձակալության և կոմունալ ծախսերը, աշխատողների վարձատրությունը, տրանսպորտային ծախսերը:

Նախընտրական քարոզչանյութերից ՀՀ ընտրական օրենսգիրքը հատուկ կարգավորում է 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող վահանակների բաշխման հավասար պայմանները և ծախսերի թափանցիկությունը, որոնքենթադրաբար կներառվեն հիմնադրամի միջոցների օգտագործման հաշվետվություններում:

5 քառակուսի մետրից պակաս մակերես ունեցող պաստառների համար օրենսդրությունը միայն սահմանում է վահանակների ոչ խտրական և ոչ կողմնակալ բաշխման սկզբունքը և չի կարգավորում բաշխման ընթացակարգ ու կանոններ, ինչով էականորեն բարդանում է վերահսկողությունը թե՛ նշված պահանջի պահպանման, և թե՛ փաստացի կատարված  ծախսերի նկատմամբ: Այսպես, հնարավոր է, որ 5 քառակուսի մետրից պակաս մակերես ունեցող վահանակներ տնօրինող ընկերությունը դրանք տրամադրի իր նախընտրած թեկնածուին՝ մերժելով կամ ավելի բարձր գին առաջարկելով մյուսներին, ինչպես նաև մտնի գործարքի մեջ թեկնածուների հետ՝ սխալ ներկայացնելով իրական քանակները և ծախսերը:

«Ականատեսը» մի շարք հարցումներ է արել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, թվով 24 քաղաքային համայնքների ղեկավարներին, և գովազդային ընկերություններին՝ վահանակների քանակի, մակերեսի, հասցեների, գների վերաբերյալ: Նշված նախարարությունից պատասխան չի ստացվել, 24 համայնքային իշխանություններից հարցումներին պատասխանել է 16-ը, իսկ գովազդային ընկերությունների մի մասը հղում է կատարել ԿԸՀ կայքում հրապարակված 5 քառակուսի մետր մակերեսը գերազանցող պաստառներ տնօրինող ընկերությունների և պաստառների հասցեների ցանկին[29] կամ հրաժարվել է տրամադրել տեղեկատվություն[30]։

Ի լրումն կուսակցությունների, դաշինքների քարոզչանյութերի, հարկավոր է առանձնացնել նաև քարոզչության վրա անուղղակի ազդեցություն ունեցող պաստառները, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի պատկերով և «Տիգրան Արզաքանցյան» բարեգործական հիմնադրամի՝ քարոզչությանն ասոցացվող պաստառները (հիմնականում 18 քառակուսի մետր մակերեսով)։ Առաքելության դիտորդների կողմից արձանագրվել են մոտ 200 պաստառներ Երևանում և մարզերում։ Այս դեպքում հիմք ընդունելով նման մակերեսով վահանակի շուկայական արժեքը (առնվազն 100,000 ՀՀ դրամ)[31]՝ կստացվի, որ առնվազն 20,000,000 ՀՀ դրամի քարոզչության նպատակներով կատարվող ծախս դուրս է մնում հայտարարագրումից։

Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում առաքելության դիտորդներն այցելել են թվով 351 ընտրական շտաբ Երևանում և բոլոր մարզերում, որոնցից՝

  • 21%-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շտաբ,
  • 7%-ը «Պատիվ ունեմ» դաշինքի շտաբ,
  • 5%-ը «Լուսավոր Հայաստան» կուսակցության շտաբ,
  • 15%-ը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբ,
  • 29%-ը «Հայաստան» դաշինքի շտաբ և այլն։

Համաձայն շտաբների ներկայացուցիչներից ստացված տվյալների շտաբների մոտ 56%-ը օգտագործվում է վարձակալական հիմունքներով, մոտ 22%-ը կուսակցության համակիրի կամ անդամի կողմից անվճար հիմունքներով տրամադրված տարածքներ/գրասենյակներ են, 5%-ը հանդիսանում է կուսակցության սեփականություն։ Դիտորդների մոտավոր գնահատմամբ՝ այցելած շտաբների վարձակալության գումարային ծախսերը կազմում են առնվազն 27,000,000 ՀՀ դրամ, որը փաստորեն ենթակա չէ հայտարարագրման։

Բացի դրանից դիտորդներն արձանագրել են շտաբների ավելի քան 500 աշխատող և 4,200-ից ավելի կամավոր։ Տվյալ կատեգորիայի անձանց ֆինանսական ծախսերի հաշվարկի նպատակով կիրառվել են հետևյալ մոտեցումները՝

  • Շտաբի աշխատողների դեպքում՝ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված 2020 թ․ միջին ամսական անվանական աշխատավարձը Հայաստանում, որը կազմում է 189,716 ՀՀ դրամ[32]
  • Շտաբի կամավորների դեպքում՝ վարձատրություն (կամ անհատույց աշխատանք), որը թերևս կարելի է գնահատել ՀՀ նվազագույն աշխատավարձի կեսի չափով՝ 34,000 ՀՀ դրամ[33]։

Համադրելով դիտորդների դիտարկումների և առանձին շտաբներից ստացված տվյալների հիման վրա կատարված հաշվարկները՝ կարելի է նշել, որ դիտարկված կուսակցությունների և դաշինքների ծախսերը մարդկային ռեսուրսների (500 աշխատողի և 4,200 կամավորի հաշվարկով) վրա կազմում է շուրջ 237,658,000 ՀՀ դրամ։ Այս մասով հարկ է նշել, որ առաքելությունը հարցում է ուղարկել ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցություններին և դաշինքներին՝ խնդրելով տրամադրել տեղեկություն շտաբների քանակների, օգտագործման հիմքերի (օրինակ՝ կուսակցության սեփականություն, վարձակալություն, անհատույց օգտագործում), հասցեների, ինչպես նաև աշխատողների և կամավորների քանակների ու վերջիններիս փոխհատուցման գումարների մասին։

Հաշվարկված թիվը ամբողջական չէ և հնարավոր է, որ տարբերվի իրական պատկերից, այնուամենայնիվ ստացված թիվը վկայում է այն մասին, որ հսկայական ֆինանսական միջոցներ ծախսվում են մարդկային ռեսուրսների վրա, որոնք դուրս են մնում հայտարարագրերից։

Ի լրումն վերը նշված ծախսերի, իրականացվում են ծախսեր նաև երրորդ անձանց կողմից: Այսպես, օրինակ՝ տարածվում են անանուն տեսահոլովակներ, որոնք քարոզչություն են անում առանձին ուժերի օգտին: Կարգավորման բացակայության բերումով այդ ծախսերը չեն բացահայտվում և հրապարակվում:

Ատելության խոսույթ

Նախընտրական քարոզարշավի ընթացքում էապես թեժացել է ատելության խոսույթը, ինչով հատկապես աչքի են ընկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքները։ Դիտորդների այցելած 150-ից ավելի համայնքների բնակիչների 60%-ն արձանագրել է, որ մրցակից կուսակցություններն իրենց քարոզչությունն իրականացնում են թշնամանք տարածելով։

Էապես շատացել է անքաղաքավարի, հայհոյախառն, արժանապատվությունը վիրավորող և նվաստացնող բառապաշարը («անհայրենիք», «ազգի դավաճան»[34], «ծաղրածու խեղկատակ»[35], «խելագար»[36], «ժեխապետ»[37], «թալանչի», «անբարոյական»[38], «ալկոհոլիկ»[39], «ջունգլիներից փախած վայրենի»[40], «կենդանիներ տեղափոխող վանդակից դուրս եկած բանդերլոգներ»[41] և այլն), այդ թվում՝ հանրային պաշտոն զբաղեցնող կամ ԱԺ պատգամավորի աթոռին հավակնող անձանց կողմից:

Ահագնացել են սպառնալիքները, հատկապես՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Հայաստան» դաշինքի, «Պատիվ ունեմ» դաշինքի կողմից՝ փոխադարձ հաշվեհարդարի ակնկալիքով: Օգտագործվել են այնպիսի սպառնալիքներ, ինչպիսիք են՝ «վենդետա լինելու է»[42], «քաղաքացիական վրեժ, վենդետա ու կադրային ջարդ է լինելու»[43], «բոլոր քրեական թափթփուկները պառկելու են Ագարակի ասֆալտների վրա»[44], «էս չագուչը ժողովրդի ձեռով իջնելու ա ձեր դատարկ գլուխներին իրավունքի և դիկտատուրայի ձևով»[45], «փաստեր եմ հրապարակելու իր մասին, իր ընտանիքի մասին»[46], «թող մի փաստ ներկայացնի, չներկայացրեց՝ մորթելու եմ»[47], «ձեռքներիս պետք է դագանակ ունենանք, որ ով մուրճով գա, դագանակով գլխին տանք»[48]: Ատելության և թշնամանքի քարոզը հատկապես դատապարտելի է ՀՀ վարչապետի և մյուս բարձրաստիճան ժամանակավոր պաշտոնակատարների խոսույթում: Հանրահավաքների ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից ցուցադրաբար օգտագործվում է նաև մուրճ, որը լարված մթնոլորտում բազմապատկում է ուժի գործադրման սպառնալիքի հետ ասոցիացիաները:

Ատելության մթնոլորտը լրացուցիչ սնուցվում է երրորդ՝ հաճախ անանուն անձանց կողմից իրականացվող քարոզչությամբ:

Ի լրումն քաղաքական մրցակիցների նկատմամբ սպառնալիքների, քաղաքական ուժերից մեկը («Հայաստան» դաշինք) բազմիցս ատելության քարոզ է իրականացրել քաղաքացիական հասարակության կառույցների նկատմամբ՝ պիտակավորելով «սորոսական»[49], և ուղղակիորեն սպառնացել է ընտրվելու պարագայում սահմանափակել ժողովրդավարական ու քաղաքացիական ազատությունները՝ արգելելով կամ սահմանափակելով միջազգային կառույցներից ֆինանսավորվող հասարակական կազմակերպությունների գործունեությունը[50]:

[1] https://transparency.am/hy/news/view/3287

[2] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 8, մաս 4

[3] https://www.elections.am/Elections/Parliamentary

[4] Ըստ տարածքային ընտրական հանձնաժողովի ներկայացուցչի՝ այս լուծումը ԿԸՀ հետ համաձայնեցված է, և ոստիկանությունը ծառայություն է իրականացնում՝ ապահովելու քվեաթերթիկների անվտանգությունը։

[5] Հարկ է նշել, որ համայնքապետ Արա Մկրտչյանը վերջին տարիներին աչքի է ըկել մի շարք աղմկահարույց պատմություններում: https://hetq.am/hy/article/110817

[6] ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 36

[7] ՀՀ Ընտրական օրենսգիրք, հոդված 73, մաս 2

[8] ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 11.03.2017թ. թիվ N 96-Ն որոշում, կետ 2

[9] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 19, մաս 1

[10] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 21, մաս 2

[11] https://drive.google.com/file/d/10gH4WNrrFLVONu6xH1dql_rtZA-2cbXw/view?usp=sharing

[12] https://drive.google.com/file/d/1EkNvVpUKQs1mepCVt7hyJlbCLIYwqw8K/view?usp=sharing; https://drive.google.com/file/d/180Zyta6BR3zQQyiEAYe4zlwNmdbMzKUH/view?usp=sharing

[13] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 21, մաս 10

[14] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 21, մաս 9

[15] Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում դիտորդների կողմից չի արձանագրվել Արա Աբրահամյանի նկարով պաստառներ, այնուամենայնիվ չենք կարող հավաստել, որ դրանք ամբողջությամբ կամ մասնակի հեռացվել են։

[16] https://medialab.am/161496/

[17] https://res.elections.am/images/Decisions/08.06.2021/21.128_A.pdf

[18] http://datalex.am/?app=AppCaseSearch&page=default&tab=administrative#full_info

[19] https://res.elections.am/images/Decisions/10.06.2021/21.133_A.pdf

[20] https://res.elections.am/images/Decisions/10.06.2021/21.133_A.pdf

[21] https://hetq.am/hy/article/132182

[22] https://www.youtube.com/watch?v=n7jyBVV_VT8?t=85, 1:25 - 4:15

[23]http://www.goriscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=3fb0d4f5-6781-497c-a025-9d5ecb972327http://www.goriscity.am/Pages/DocFlow/Default.aspx?a=v&g=7b72cd6f-f061-424d-8fb0-4f2d3cf76c46

[24] https://www.facebook.com/1378368079150250/videos/1993629677460427

[25] https://www.facebook.com/100043947723847/posts/34923959988495

[26] https://www.facebook.com/Sisian.info/

[27] www.azatutyun.am/a/31303910.html

[28] ՀՀ ընտրական օրենսգիրք, հոդված 27, մաս 1

[29] https://res.elections.am/images/doc/vahanak20.06.21.xlsx

[30] Հատկանշական է, որ մասնավոր ընկերությունների դեպքում կիրառելի չէ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածը, այն է պահանջվող տեղեկության տրամադրումը 5-օրյա ժամկետում։

[31] Որպես 18 քառակուսի մետր մակերեսով պաստառի միջին շուկայական արժեք հաշվարկվել է 140,040 դրամը, հիմք ընդունելով «ԷԳԱ» ՍՊԸ կողմից ԿԸՀ ներկայացված պաստառների ցանկն ու արժեքները։ Տվյալ ընկերությունը ներկայացրել է 120 վահանակի առաջարկ Երևանում և մարզերում։

[32] https://armstat.am/am/?nid=12&id=08001

[33] ՀՀ նվազագույն աշխատավարձի մասին օրենք, հոդված 1

[34] https://fb.watch/6baxw1qvmG

[35] https://fb.watch/6bc-xk_vcg/

[36] https://fb.watch/6bbWcP4Zbb

[37] https://www.facebook.com/pativunenk/posts/123338879922066

[38] https://www.youtube.com/watch?v=IXmknUoFONc?t=80, 1։20-ից

[39] https://fb.watch/6bamC1nzdy, https://fb.watch/6barkJmsCw

[40] https://fb.watch/6bddAK3hlF

[41] https://fb.watch/6bcb5HgAX-

[42] https://www.youtube.com/watch?v=mOdQyFjQW_A

[43] https://www.youtube.com/watch?v=qPsTd2ouTBY

[44] https://civic.am/politics/8434--.html

[45] https://civic.am/politics/8465--.html

[46]https://hetq.am/hy/article/131897

[47] https://www.youtube.com/watch?v=IXmknUoFONc?t=80, 1։20 րոպեից

[48] https://medialab.am/163693/

[49] https://fb.watch/6bbpZ8ASFs/

[50] https://iravaban.net/336129.html?fbclid=IwAR3u0A9B1ybPLJpQRO0JTZvPRH_qKZHYaqKdqH-3bNxpMgZkrejLGphmcY0

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter