HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Մանվել Շահվերդյանի օգնականը պնդում է, որ դատավորն ԱԱԾ-ում չէ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի երեկ՝ հունիսի 19-ին, ժամը 18:00-ի սահմաններում հեռացել է խորհրդակցական սենյակ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի  պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի գործով որոշում կայացնելու։ Պաշտպանների խոսքով՝ որոշումը պետք է հրապարակվեր նույն օրը, ժամը 20:00-ին, սակայն մինչև այս պահը հրապարակում չի եղել։

Շահվերդյանի աշխատակազմից հետաքրքրվեցինք, թե արդյոք հայտնի՞ է հրապարակման ժամը։ Դատավորի օգնական Գոռ Գասպարյանն ասաց, որ այս պահի դրությամբ վերջնական որոշում կայացված չէ, երբ որոշումը լինի, հանրությունը պաշտպանների միջոցով կտեղեկանա։

Փաստացի, Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի գործով որոշումը հինգ ժամ առաջ պետք է հրապարակվեր։ Դատական պրակտիկայում, իհարկե, առաջին դեպքը չէ, երբ ձերբակալման դեմ բողոքի կամ անձի նկատմամբ խափանման միջոցը կալանավորումն ընտրելու միջնորդությունների վերաբերյալ որոշումները հրապարակվում են նախանշված ժամից ուշ, սակայն այս անգամ, նկատի ունենալով, որ խոսքը ժամերի մասին է, իրավական  հանրության շրջանում դատավորի՝ դատական ակտը չհրապարակելու հանգամանքը քննարկման առիթ է դարձել, իսկ լրատվամիջոցներն էլ գրում են այն մասին, թե խորհրդակցական սենյակ հեռանալուց հետո դատավորին ԱԱԾ-ն «առևանգել է»,  Շահվերդյանից  պահանջում են իրավաչափ ճանաչել Չարչյանի ձերբակալման որոշումը։

Դատավորի օգնական Գոռ Գասպարյանին խնդրեցինք մեկնաբանել այս  տեղեկությունը։

«Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ նման բան չկա, կեղծ տեղեկատվություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Գասպարյանը։ Ճշտող հարցին՝ այսինքն՝ դատավոր Շահվերդյանը շարունակո՞ւմ է գտնվել խորհրդակցական սենյակում, օգնականը պատասխանեց, թե ինքը միայն կարող է ասել, որ Շահվերդյանն ԱԱԾ-ում չի գտնվում։

Հիշեցնենք, որ Չարչյանը ձերբակալվել է երեկ՝ հունիսի 18-ին՝ Փաստերի ստուգման հարթակի կողմից հրապարակված ձայնագրության առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում։ Ձայնագրության մեջ, ըստ Փաստերի ստուգման հարթակի,  Չարչյանը հորդորում, խնդրում, պահանջում է աշխատակիցներից մասնակցել ընտրություններին, նշում, թե ինքը, որպես «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, տեխնիկապես հնարավորություն է ունենալու ստուգելու, թե ովքեր են մասնակցել ընտրություններին։ Չարչյանն ասում է, թե նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինիությունն ավելի կոշտ վերաբերմունք է ունենալու։

Լուսանկարում՝ Մանվել Շահվերդյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter