HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Արմեն Չարչյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել, նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը։  Այս պահին դեռևս Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը չի մակագրվել որևէ դատավորի, հետևաբար նիստ նշանակված չէ։

Չարչյանը, հիշեցնենք, հունվարի 18-ին ձերբակալվել է համացանցում հայտնված մի ձայնագրությունից հետո, որում Չարչյանը զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, ասում հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։ Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։ Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունքի է արժանացնելու։

Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով։ Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննելով Չարչյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը՝ այն բավարարել է, և Չարչյանը հունիսի 20-ի վաղ առավոտյան՝ մինչև ընտրությունների մեկնարկն ազատ է արձակվել։

Նկատի ունենալով, որ Արմեն Չարչյանը պատգամավորության թեկնածու է՝ Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԿԸՀ-ն դրանք բավարարել է, որից հետո Չարչյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդությունը ներկայացվել դատարան։

Էրիկ Ալեքսանյանն ասում է, որ իր պաշտպանյալը  հրաժարվել է ցուցմունք տալ մեղադրանքի վերաբերյալ։ Պաշտպանը տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է որակում՝ միտված Չարչյանի քաղաքական գործունեությունը զսպելուն։

Ալեքսանյանի խոսքով՝ իրենց քննիչին միջնորդել են որոշակի պարզաբանումներ ներկայացնել մեղադրանքի էության վերաբերյալ, մասնավորապես՝ պարզաբանել՝ Չարչյանին վերագրվող արարքը նյութական է, թե՝ ձևական։ Ավելի պարզ՝ պաշտպանական կողմը միջնորդել է պարզաբանել, թե Չարչյանին վերագրվող արարքը երբ է համարվում ավարտված, սակայն քննիչը չի բացատրել այդ հանգամանքը։

Հունիսի 21-ին ՀՀ ԿԸՀ-ն հրավիրած նիստի արդյունքում դատախազի 2 միջնորդությունն էլ բավարարել է: Դրանց վերաբերյալ ՀՀ ԿԸՀ որոշումները դատախազն ուղարկել է վարույթն իրականացնող մարմնին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter