HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ռոբերտ Քոչարյան․ «Մանդատը վերցնելու ցանկություն չունեմ»

«Հայաստան» դաշինքի առաջնորդ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը պատգամավորական մանդատը վերցնելու ցանկություն չունի, քանի որ իր աշխատանքը օրենսդիր մարմնում չի պատկերացնում։ Այս մասին նա հայտարարեց այսօր կայացած հետընտրական մամուլի ասուլիսին։

Քոչարյանի խոսքով՝ իրենք այս մասին քննարկում են ունեցել դաշինքում, մի մասը նշել է, որ երկրորդ նախագահը պետք է վերցնի մանդատը, իսկ մյուս մասը դեմ է արտահայտվել այդ գաղափարին։ Այնուամենայնիվ, դաշինքի առաջնորդը նշեց, որ դեռևս վերջնական որոշում չունեն։ Միևնույն ժամանակ Քոչարյանը համոզված է, որ իրենք լուրջ մանդատ են ստացել  պայքարը շարունակելու համար, և խորհրդարանական պայքարը միայն ուժեղացնելու է իրենց դիրքերը, չնայած որ դրան զուգահեռ չեն բացառում նաև փողոցային պայքարը։

«Հայաստան» դաշինքի համար արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անսպասելի էին առաջին հերթին այն պատճառով, որ բոլոր հարցումներն այլ պատկեր էին ցույց տալիս։

«Այստեղ պետք է փորձել գտնել բացատրություն։ Ենթադրում եմ, որ եղել են զանգվածային ընտրախախտումներ, մասնավորապես վարչական ռեսուրսի կիրառում, և այդ պատճառով դիմելու ենք Սահմանադրական դատարան։ Հավաքագրվում են խախտումների մասին նյութերը և մի քանի օրվա ընթացքում ավելի լավ կպատկերացնենք, թե ինչ ծավալի խախտումներ են եղել»,- ասաց Ռոբերտ Քոչարյանը։

Նրա կարծիքով՝ իշխանություների ստացած ձայները նրանց նկատմամբ վստահության մանդատ չեն։ Իր տպավորությամբ՝ քարոզարշավը մեկ-երկու շաբաթ ավելի երկար տևելու պարագայում, կփոխեին գյուղական համայնքներում ՔՊ-ի գրանցած արդյունքները։

Հարցին, թե ինչ պահանջով են դիմելու Սահմանադրական դատարան (ՍԴ), Քոչարյանը նշեց, որ դեռևս ինֆորմացիայի հավաքագրման փուլում են գտնվում և ամենօրյա ռեժիմով են ստանում խախտումների մասին տեղեկությունները։ «Հայաստան» դաշինքի առաջնորդի կարծիքով՝ ՍԴ-ն գոնե է պետք է արձանագրի, որ ընտրություններն անցել են ընտրախախտումներով։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյան էլ հավելեց, որ խախտումների մասին ամբողջական տեղեկատվությունը ստանալուց և վերլուծելուց հետո հստակ պահանջը կկազմեն և կդիմեն Սահմանադրական դատարան։

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով՝ խորհրդարան է անցել երեք քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» (53,92 %), «Հայաստան» դաշինք (21,04 %) և «Պատիվ ունեմ» դաշինք (5,23 %)։

Լուսանկարը՝ Անի Սարգսյանի / © «Հետք»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter