HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը կկալանավորվի

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, արտահերթ խորհրդարանական ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած պատգամավորության թեկնածու Արմեն Չարչյանը մեկ ամսով կալանավորվեց։ Այս մասին դատարանի դիմաց գտնվող անձանց ասաց Չարչյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը՝ վերահաստատելով իրենց պնդումն այն մասին, որ Չարչյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նշենք, որ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդել էր Չարչյանին կալանավորել երկու ամիս ժամկետով։

Բժշկական կենտրոնի տնօրենը, հիշեցնենք, հունվարի 18-ին ձերբակալվել է համացանցում հայտնված մի ձայնագրությունից հետո, որում Չարչյանը զրուցում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի աշխատակիցների հետ, հորդորում, խնդրում, պահանջում մասնակցել ընտրություններին։ Աշխատակիցների հետ զրուցող անձը, ով, ըստ ՀՔԾ-ի Չարչյանն է, բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում է, որ ինքը հնարավորություն է ունենալու ճշտելու, թե ով է մասնակցել ընտրություններին և ով՝ ոչ։ Չարչյանը աշխատակիցներին ասում է, որ նրանց նկատմամբ, ովքեր չեն մասնակցի ընտրություններին, տնօրինությունը ոչ թե համարժեք, այլ ավելին՝ անհամարժեք վերաբերմունքի է արժանացնելու։

Այս դեպքի առթիվ 2021 թվականի հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ և Չարչյանը ձերբակալվել է՝ Քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով արարք կատարելու կասկածանքով։ Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մանվել Շահվերդյանի, քննելով Չարչյանի ձերբակալման դեմ նրա պաշտպանների բողոքը՝ այն բավարարել է, և Չարչյանը հունիսի 20-ին ազատ է արձակվել։

Նկատի ունենալով, որ Արմեն Չարչյանը պատգամավորության թեկնածու է, Դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով է ներկայացրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդություններ։ ԿԸՀ-ն դրանք բավարարել է, որից հետո Չարչյանին մեղադրանք է առաջադրվել և նրան կալանավորելու միջնորդություն ներկայացվել դատարան։

Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդումն ի սկզբանե անօրինական է եղել, քանի որ հանցագործության մասին հաղորդումը, փաստացի, տելեգրամյան անհայտ աղբյուրից է եղել։

Պաշտպան Արամ Վարդևանյանն էլ ընդգծեց, թե վերջին մի քանի ամիսների ընթացքում նման «աբսուրդ» որոշումների հեղինակը լինում է դատավոր Արմինե Մելիքսեթյանը։ Ըստ Վարդևանյանի՝ դատավոր Մելիքսեթյանը  բազմաթիվ անձանց զրկել է Արմեն Չարչյանից  բժշկական օգնություն ստանալու հնարավորությունից։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter