
Բաքվում պահվող 14 հայ գերիներին սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում
Բաքվում շարունակվում է 14 հայ գերիների դատական գործընթացը, որոնք մեղադրվում են, իբր, սադրիչ-ահաբեկչական գործողություններ իրականացնելու և այլ շինծու հանցագործությունների մեջ։ Դատական երկրորդ նիստի ժամանակ դատավոր Աֆղան Հաջիևը հայտարարել է, որ եթե հաստատվի նրանց առաջադրված մեղադրանքը, ապա գերիներին սպառնում է 14-20 տարի կամ ցմահ ազատազրկում։ Այդ մասին հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը։
Գերիներից Վոլոդյա Հակոբյանը դատավորին խնդրել է նրանց հայրենիք վերադարձնելու որոշում կայացնել։ Գերիները մասամբ ընդունել են ներկայացված մեղադրանքը, սակայն՝ որ մասով, ադրբեջանական լրատվամիջոցները չեն մանրամասնում։
Հիշեցնենք՝ մեղադրական եզրակացության համաձայն՝ շիրակցի հայ գերիները, իբր, ապօրինի կերպով ձեռք են բերել զենք ու զինամթերք, պայթուցիկ սարքեր և 2020 թվականի նոյեմբերի 26-27-ը, իբր, անօրինական կերպով հատել Ադրբեջանի պետական սահմանը և զբաղեցրել Հադրութի մոտ՝ անտառային հատվածում գտնվող մարտական դիրքերը։ Մինչև նույն տարվա դեկտեմբերի 13-ը նրանք, իբր, այդ տարածքում իրականացրել են սադրիչ-ահաբեկչական գործողություններ։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 14 ռազմագերիների, իսկ այնուհետ՝ ևս 13-ի գործով հետաքննությունն ավարտվել է և մեղադրական եզրակացության հետ միասին ուղարկվել Բաքվի դատարան։ Հունիսի 2-ին սկսվել էր հայ գերիներ Լյուդվիգ Մկրտչյանի և Ալյոշա Խոսրովյանի դատավարությունը, որոնք մեղադրվում են Արցախյան առաջին պատերազմի ընթացքում իբր «ադրբեջանցի գերիներին խոշտանգելու և իրականացրած այլ հանցագործությունների մեջ»։ Հունիսի 23-ին էլ կայացել էր Խոսրովյանի ու Մկրտչյանի գործով դատական երկրորդ նիստը։
Ավելի ուշ, Ադրբեջանի Պետական Անվտանգության ծառայությունն ու Գլխավոր դատախազությունը հայտարարել էին, որ Շիրակի մարզից ևս 26 գերիների նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է ու դրանք ուղարկվել են դատարան։
Լուսանկարները՝ Trend գործակալության
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել