HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Երբ պետության գործը ստանձնում են անհատները  

Միքայել Հակոբյանը 29 տարեկան ձեռնարկատեր է, ապրում է Ֆրանսիայում: Արցախյան 2020 թվականի պատերազմի օրերին Հայաստանում ապրող ընկերների հետ փոքրիկ` 4-հոգանոց թիմ են կազմել եւ սեփական միջոցներով, հանգանակություններով հայթայթել այն, ինչի կարիքը եղել է առաջնագծում ու թիկունքում: Ֆրանսիայից սկզբում հիմնականում դեղորայք է առաքել Արցախ: Հետո Կոմանդոսի` Արկադի Տեր-Թադեւոսյանի խնդրանքով, Միքայելն ու ֆրանսահայ Գոռ Հարոյանը Հայաստան են ուղարկել մոտ 18.000 գոյատեւման ծածկոց (couverture de survie), որն անդրադարձիչ թիթեղ է պարունակում եւ պաշտպանում է զինվորին դրոններից: Ասում է` ցավոք, դրանք պատերազմի վերջում հասան եւ չհասցրին մեծ օգուտ տալ:  

Պատերազմից մեկ ամիս անց նրանց թիմը կրկին գործի է անցել` այս անգամ հոգալու Հայաստան-Ադրբեջան նոր սահմանը պաշտպանող դիրքապահների կարիքները: Միքայելն ասում է` համացանցում մի վիդեո տեսավ, որտեղ Սյունիքի դիրքերը պահող զինծառայողներն անվադողեր էին վառում տաքանալու համար, մեկ այլ լուսանկարում էլ գիշերում էին ցելոֆանների տակ:

Անմիջապես կապ հաստատեց Հայաստանում Աստղինե Պասոյանի հետ եւ նախաձեռնեցին ռազմական վրաններ ձեռք բերելու ու դրանք Հայաստան հասցնելու գործը` «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտարարած “Tents for the Armenian heroes” արշավի միջոցով: Առաջին խմբաքանակն առաքվեց 2020-ի դեկտեմբերին: Երեւանում Միքայելին օգնում էին ընկերները, 86 կգ կշռող վրանները պահեստավորվում էին «Կոմանդոս» ռազմամարզական ակումբում, ապա պաշտպանության նախարարության թույլտվությամբ տեղաբաշխվում եւ կահավորվում: Քանի որ կարիքը կար, Հայաստանում զուգահեռաբար վրանների արտադրություն են սկսել: Այս ընթացքում Միքայելը Ֆրանսիայից 380 ռազմական վրան է ուղարկել, 100-ն էլ Հայաստանում են կարել:

Նա անհանգիստ է` եթե ձմռանը զինծառայողները մնան քնապարկերի կամ արշավների համար նախատեսված թեթեւ վրանների հույսին, չեն դիմանա, դրանցում վառարան հնարավոր չէ տեղադրել: Իր ուղարկածը 2000 հանգույց խտությամբ մոմլաթե կտորից է կարված, որից դժվար է գտնել Հայաստանում: Ընդհանուր առմամբ, Միքայելն ու «Վրաններ հերոսների համար» նախաձեռնության անդամները հանգանակությունների շնորհիվ 50 մլն դրամի (մոտ 100.000 դոլար) գույք են նվիրել բանակին, որը, նրա խոսքով, ամբողջությամբ փաստաթղթավորված է եւ գրանցված ՊՆ-ի հաշվին, որպեսզի բացառվեն կրկնակի գնումներն ու կոռուպցիոն ռիսկերը:     

Երեւանում բնակվող լրագրող Սուրեն Ստեփանյանն էլ ստանձնել է Սյունիքի եւ Գեղարքունիքի` Ադրբեջանի հետ նոր սահմանը պաշտպանող զինծառայողներին գեներատորներ, լապտերներ, ռադիոկապի սարքավորումներ, քնապարկեր հասցնելու գործը: Նա էլ պատերազմի ժամանակ սփյուռքից ուղարկված միջոցներով 120.000 դոլարի տարբեր տեսակի աջակցություն է ցուցաբերել` 4000 քնապարկ, 4000 անձրեւանոց, 500 հատ ռադիոկապի սարք, մեքենաներ: Ասում է` նորից սկսելու պատճառը Վարդենիսում դիրքապահ ընկերներից մեկի խնդրանքն էր` փոքր շարժիչ ուղարկել: «Կանադայից ընկերոջս դիմեցի, մեկ ժամ հետո 1000 դոլար ուղարկեց, 2 դվիժոկ եւ 10 վրան գնեցինք: Հետո հասկացա, որ կարիքը մեծ է, եւ «Ֆեյսբուքում» գրառում արեցի, մոտ 5000 դոլար հավաքվեց,- պատմում է Սուրենը:- Գնացինք Գորիս, բարձիթողի վիճակ էր: Մեր աչքերով տեսանք, որ ցելոֆանի տակ են քնում զինծառայողները: Երբ ասում են` բեսպիլոտնիկ չկա, հասկանում ես, դա սարքելը միլիարդների հարց է, բայց քնապա՞րկ էլ չկա, վրա՞ն էլ չկա: Դվիժոկը 300 դոլար արժի: Նկարեցինք, որ մարդիկ տեսնեն` իրենց զինվորը որտեղ է քնում: Հրապարակեցի»:

Առավոտյան, Սուրենի ասելով, Երեւանից ռազմական ոստիկանության գնդապետներ են իր հրապարակած տեսանյութի հետքերով գնացել Գորիս: Իսկ 10 օր հետո Գորիսի այդ թեւում (նա 7 դիրք է այցելել) ամեն ինչով ապահովել են: «Չէի պատկերացնում, որ մի վիդեոն նման արձագանք կունենա: Դրանից հետո Գլխավոր շտաբը լրագրողների այց է կազմակերպել Սոթքի հանքի միջի դիրք: Ռեպորտաժում հրամանատարներից մեկն ասում է` ամեն ինչ անում ենք, կահավորում ենք, եւ ռազմական փորձագետի անվան տակ հանդես եկողներին (հավանաբար ինձ նկատի ունեն) խնդրում ենք նման հրապարակումներ չանել եւ քաղաքական շահարկումների առիթ չդարձնել, քանի որ դա վնասում է զինվորի անվտանգությունը»,- ասում է Սուրենը:

«Քաղաքական շահարկում» ասելով՝ ՊՆ ներկայացուցիչները, ըստ մեր զրուցակիցների, նկատի ունեն ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, որը նախընտրական քարոզարշավի ժամանակ, ցուցադրելով Սուրենի եւ Միքայելի հրապարակած լուսանկարները դիրքերից, հարցրել էր` սա՞ է ձեր պահած զինվորը:

Դրանից հետո քաղաքացիական անձանց մուտքը դիրքեր արգելվել է: Միքայել Հակոբյանն ասում է, որ ինքը ճիշտ է համարում նման արգելքը, թշնամին էլ է տեսնում դա, սակայն այդ պարագայում պետությունն ինքը պիտի աճապարեր օր առաջ պատվիրել դիրքերի համար անհրաժեշտ պարագաները: Պատերազմից 6 ամիս անց Հայաստանի անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի պատճառաբանությունը (Առաջին ալիքին տված հարցազրույցում-հեղ.), թե ձմռան պատճառով չեն հասցրել ինժեներական աշխատանքներ կատարել, ամբողջ սահմանը կահավորել, նրան հիմնավոր չի թվում: Միքայելը պատրաստվում է առաջիկայում վերջին խմբաքանակն ուղարկել` ընդհանուր առմամբ մատակարարելով 420 ռազմական վրան ու առժամանակ դադարեցնել իրենց գործունեությունը, քանի որ դա պետության գործառույթն է: «Մենք հավերժ չենք կարող անել այս գործը: Եթե մեր սահմանը երկարել է 400 կմ-ով, ապա մենք, կարելի է ասել, ապահովել ենք անհրաժեշտ ռազմական վրանների 90% պահանջարկը` ամեն մեկ կիլոմետրի վրա մեկ վրան հաշվարկով: Մնացածը` ՊՆ խղճի վրա»,- ասում է Միքայելը: 

Գորիսյան դիրքերի մասին գրառումներից հետո Սուրեն Ստեփանյանը նույնպես չի կարողանում դիրքեր հասնել: «Դրանից հետո Վարդենիսի` Շորժայի դիրքերի համար 4 դվիժոկ էինք գնել, երբ տարանք, զորամասի հրամանատարը թույլ չտվեց բարձրանալ ու հանձնել, ասաց` ՊՆ-ն արգելել է քաղաքացիական անձանց մուտքը: Ես գլխի ընկա, թե ինչու: Հրամանատարն ասաց` նկարում, գցում են ինտերնետ, վրաներս խոսակցություն է գալիս: Պատասխան չունեի: Արե՛ք, չգա խոսակցություն: Ասում է` թուրքը տեսնում, ուրախանում է: Բեր, թող մեր պահեստում, գրանցենք, ձեզ օրինական թուղթ կտանք: Չտվեցի, որովհետեւ վստահ չեմ, որ պահեստից դրանք կտանեն դիրքեր: Սարերում` 3000 մետրի վրա, այնքան ցուրտ է, տղաները տաք հագուստներ են ուզում: Ռացիաները ցերեկը անջատած են պահում, որ գիշերը զարյադկան չնստի: Այսինքն` թուրքը միայն գիշերն է հարձակվում սպաների տրամաբանությամբ: Գորիսի 7-8 դիրքում եմ եղել, բոլորը` նույն վիճակում: Իսկ ադրբեջանցիներինը մոդուլային տնակներով է` առանձին քնելու, ուտելու, բաղնիք-զուգարան: Ջրի ցիստեռնը պտտվում է անընդհատ, լցնում: Հեռադիտակով նայել եմ` առավոտյան 6-ին արթնանում են, հաց ուտում ու սկսում փորել»,- ասում է Սուրենը:   

Նա տարակուսած հարցնում է`որ զորքին տանում են առանց անհրաժեշտ պարագաներով ապահովելու, դա չի՞ վնասում, բայց իրականության մասին խոսելը վնասու՞մ է: «Լայվ մտա էդ թեմայով, էս անգամ էլ 2 օր հետո լրագրողների այց կազմակերպեցին դեպի Ջերմուկ: Ասացին` մինչեւ աշուն կհասցնենք, կանենք: Երբ ռազմական տեսուչները գնում են Գորիս, մինչեւ նրանց հասնելը մեկ այլ զորամասից 40-տեղանոց վրան են բերում տնկում մեր նկարած դիրքում: Պիտի անպայման ստուգող գա՞ր, որ ցուցադրական ապահովեին»,- շարունակում է Սուրենը` վստահեցնելով, որ, չնայած արգելքներին, ամեն միջոց գտնելու է դիրքապահներին պակասող պարագաները հասցնելու:

«Ձեր կարծիքով` ինչու՞ ՊՆ-ն չի ապահովում դիրքերն անհրաժեշտ կահավորանքով» հարցի պատասխանը Սուրենը չունի:

«Ես իմ գործունեությանը չեմ ուզում քաղաքական երանգ տալ, փորձում եմ ապահովել նրանով, ինչ չկա: Բայց ես ինչքան էլ անեմ, ամբողջ բանակի համար չեմ կարող ապահովել: Իմ նպատակն այն  է, որ ՊՆ-ն եւ ԳՇ-ն տեղից շարժվեն: Մինչեւ զինվորից կարիքների մասին ինֆորմացիան հասնում է ՊՆ-ի համապատասխան պաշտոնյային, հետո գնումներ եւ այլն, պատմություն է դառնում եւ ամիսներ տեւում, եթե համարենք, որ սա դիտավորյալ չի արվում, ապա հանցավոր անգործություն է: Իսկ այդ օղակներում բազմաթիվ ոչ կոմպետենտ մարդիկ կան: Թուրքը 50 մետրի վրա, դեմ-դիմաց, տեսնում է մեր դիրքերի վիճակը, բայց հայ սպան դեռ ասում է` մի՛ նկարի, թուրքը տեսնում` ուրախանում է: Դա քրտնաջան աշխատանք է, որ պիտի օրուգիշեր անեն` գույքագրեն, ապահովեն»,- ասում է Սուրեն Ստեփանյանը:

«Հետքը» փորձեց նկարագրված խնդիրների մասին պարզաբանում ստանալ պաշտպանության նախարարությունից: Մասնավորապես հարցրել էինք՝ արդյոք նախարարությունը կատարել է սահմանի փոփոխությամբ պայմանավորված կարիքների լիարժեք գնահատում եւ ինչ ժամկետներում է նախատեսում ավարտել նոր դիրքերի տեղադրման եւ կահավորման աշխատանքները։ Հստակ պատասխան, սակայն, չստացանք։

«Պատերազմի հետեւանքով շփման գծի (սահմանի) փոփոխության արդյունքում անհրաժեշտություն է առաջացել կատարելու հսկայածավալ աշխատանք ոչ միայն նոր դիրքերի կառավարման, այլեւ նոր մշտական տեղակայման վայրերի կառուցապատման, կենցաղային պայմանների ստեղծման, անհրաժեշտ բոլոր տեսակի միջոցներով ապահովման ուղղությամբ»,-ասված է ՊՆ-ից ստացված գրությունում:  

Նշենք, որ Ադրբեջանն արդեն իսկ զորամասեր է շահագործման հանձնել իր գրաված տարածքներում, որոնց թիվն անցնում է 10-ը։ 

Գլխավոր լուսանկարում՝ հայ դիրքապահները, լուսանկարները Միքայելի եւ Սուրենի ֆեյսբուքյան էջերից

Մեկնաբանություններ (1)

edward
when I think that diaspora-armenians gave 170 millions of dollars for helping displaced, refugees of Artsakh coming to AM, soldiers, needy families (orphans,widows...) : WHERE , WHERE is this money ?? In which deep pockets did it run ? And the new government pretends the coruption-times are over ?? Stepanyan has understood: he asked a receipt before giving more materials -- but didn't get it .. How much of these expensive goods the boarder guards REALLY got ??

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter