HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնական. «Եթերային հույսերով ապրող սերունդ այլեւս չկա, թե շուտով լավ է լինելու, համբերեք, երեխեք»

3 հարց ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի պետրոլոգիայի եւ իզոտոպային երկրաբանության լաբորատորիայի ղեկավար, երկրաբանական գիտությունների թեկնածու Ղազար Գալոյանին

-Պարոն Գալոյան, օրեր առաջ տեղի ունեցան Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի ընտրությունները։ 15 տարի անց ԳԱԱ-ն նոր նախագահ ունի։ Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս փոփոխությունից, եւ առհասարակ նախագահի փոփոխությունն ի՞նչ կարող է տալ ոլորտին։

-Այո, երկար սպասված փոփոխությունները, խոսքը ԳԱԱ նախագահի եւ իր թիմի ընտրությունների մասին է, վերջապես տեղի ունեցան։ Իմ աշխատանքային գործունեության 26 տարիների ընթացքում արդեն ունենք երրորդ նախագահը։ Ըստ իս՝ առնվազն երկու կամ երեք տարի առաջ պետք է ունենայինք այս փոփոխությունը։ Եթե ասեմ՝ սպասելիքներ չկան նոր կազմից, ճիշտ չի լինի։ Հույսեր միշտ էլ կան, սակայն մեծ ակնկալիքներ եւ առկա խնդիրների դրական ու արագ լուծումներ նույնպես չեմ ակնկալում։

Նոր նախագահին՝ ակադեմիկոս Աշոտ Սաղյանին, անձամբ չեմ ճանաչում, ասում են՝ լավ կառավարիչ է։ Տեղական լրատվամիջոցներով արդեն գիտական հանրությունը եւ մեր հասարակությունը քիչ թե շատ տեղեկացել է վերջինիս ծրագրերին։ Ես ընդունում եմ ակադեմիկոս Սաղյանի մատնանշած մտահոգություններն ու առկա խնդիրների գրեթե բոլոր լուծումները։ Սակայն լուծման ճանապարհներն են անորոշ։ Հատկապես ողջունելի է վերջինիս թիմում ԳԱԱ թղթակից-անդամ Արթուր Իշխանյանի՝ ակադեմիկոս քարտուղարի պաշտոնում ընտրվելը։ Հաշվի առնելով մեր համատեղ մի քանի քննարկումները՝ ինքս դրական եմ համարում պարոն Իշխանյանի գիտակազմակերպչական գործունեությունն ու փորձը, կառուցողական մոտեցումները եւ հատկապես նորարարական ձգտումները։

Այո, Հայաստանը լուրջ գիտական պոտենցիալ ունի, այդ ուժը պետք է զարգացնել՝ ուղղորդելով նաեւ տնտեսության, հատկապես՝ մեր երկրի պաշտպանունակության բարձրացմանը։ Չէի ցանկանա, որ բարձրաձայնված նպատակները սոսկ կենացային բնույթ կրեին։

-Արտահերթ խորհրդարանական ընտրություններն ավարտվեցին, եւ գիտության ոլորտի մարդկանց կրկին հերթական խոստումները տրվեցին։ Սպասելիք կա՞, որ դրանք կիրագործվեն։

-Անշուշտ, բոլոր ժամանակներում եւ տարբեր քաղաքական ուժերի ու նրանց առաջնորդների կողմից եղել են խոստումներ ամենատարբեր ոլորտների վերաբերյալ։ Սակայն այս դեպքում՝ Հայաստանում գիտության հնարավոր զարգացման պարագայում, մենք ունենք նաեւ նախնական քայլերը։ Մասնավորապես՝ վերջին համապետական ընտրություններից ընդամենը շաբաթներ առաջ (կարծեմ մայիսի կեսերին) ԿԳՄՍ նախարարությունը հայտարարեց, որ 2022 թվականից սկսած տեղի կունենա գիտության ոլորտի աշխատողների աշխատավարձերի վերանայում եւ աստիճանաբար բարձրացում։

Ակնկալվում է ինդեքսավորում՝ ըստ կատարած աշխատանքի կամ պաշտոններին համապատասխան։ Մասնավորապես՝ եկող տարվանից սպասվում է գործող փոքրիկ աշխատավարձերի կրկնապատկում, ապա՝ եռապատկում, այնուհետ՝ քառապատկում մինչեւ 2025 թ. ներառյալ։ Ակնկալում ենք եւ հույս հայտնում, որ ՀՀ կառավարության սույն որոշումը կյանքի կկոչվի, այլապես ոլորտի փլուզումն անխուսափելի է։

Բացի դրանից՝ աներկբա է, որ մեխանիկորեն վերցնել ու ներկա պահին գործող անձնակազմից բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրացնելը արդար չի լինի։ Ուստի պետք է «թացը չորից զանազանել», իսկ աշխատավարձի բարձրացումները կատարել ըստ մարդկանց արժանիքների՝ կատարած աշխատանքի։

-3 տարի այցելելով ակադեմիայի կազմի բոլոր ինստիտուտները՝ հասկացանք, որ ոլորտում երեք հիմնական խնդիր կա՝ ֆինանսների, նյութատեխնիկական բազայի եւ սերնդափոխության։ Ի՞նչ է փոխվել այս ընթացքում՝ հաշվի առնելով նաեւ այն, որ կառավարությունը հիմնականում կիրառական արդյունք է պահանջում գիտնականներից, այնինչ վերջիններս հակադարձում են, որ գիտությունը միայն կիրառական արդյունքը չէ, այլեւ բազային՝ հիմնարար սեգմենտը։

-Սկսենք հերթով անդրադառնալ։ Ֆինանսների պակասը ոչ միայն չի հաղթահարվել այս երեք տարիների ընթացքում, այլեւ շարունակում է մնալ ամենահիմնական խնդիրն ու խոչընդոտը գիտության արդյունավետ կազմակերպման ու զարգացման ճանապարհին։ Սրանից ածանցվում են մյուս երկուսը։ Նյութատեխնիկական բազան գրեթե կամ ուղղակի չի արդիականացվել, ինչն էլ բացասական կերպով է անդրադառնում ակադեմիական ոլորտի ստեղծած գիտական պրոդուկտների ձեռքբերման վրա։

Այստեղ հիմնական արդյունքը՝ պրոդուկտը, գիտական հոդվածն է, հատկապես՝ միջազգային պարբերականներում տպագրված աշխատանքները։ Ցավոք, շարունակաբար հետ ենք մնում աշխարհից եւ մնում ենք կախվածության մեջ մեր արտերկրի գործընկերներց, թե երբ կունենանք գիտական համագործակցություն եւ դրանից բխող նորանոր անալիզներ։ Առանց որակյալ եւ հուսալի անալիտիկ տվյալների՝ գրեթե կամ պարզապես անհնար է մուտք գործել հեղինակավոր հրատարակչություններ։ Հայտնի հանգամանքով պայմանավորված՝ հայերս դառնում ենք հոդվածներում ոչ գլխավոր հեղինակներ։

Ֆինանսավորման ցածր մակարդակով պայմանավորված՝ անկում է ապրում ինչպես անալիտիկ արդյունքների ձեռքբերումը, այնպես էլ նոր կադրերի պատրաստման հեռանկարը։ Վերջինս, կարծում եմ, առավել տարածված պրոբլեմ է եւ քիչ կախվածություն ունի մասնագիտության ընտրությունից։ Սերնդափոխության, կադրերի պատրաստման եւ շարունակականության հիմնահարցերը շարունակում են մտահոգիչ եւ ահագնացող դառնալ։ Թեպետ ԿԳՄՍ գիտության կոմիտեն փորձում է քայլեր կատարել՝ վիճակը փրկելու համար, այդուամենայնիվ, երիտասարդների «համբերատարության ճգնաժամը» շարունակվում է։ Մարդիկ մեկ կյանք են ապրում եւ ուզում են այդ կյանքն ապրել արժանավայել, սիրված ու գնահատված աշխատանքով եւ կայուն կամ բարձր աշխատավարձով։ Իմ ունեցած տեղեկությամբ՝ շատ ինստիտուտներում գիտական անձնակազմը (թեկուզ զուտ քանակական առումով) դեռեւս նվազման միտում ունի։ Եթերային հույսերով ապրող սերունդ այլեւս չկա, թե շուտով լավ է լինելու, համբերեք, երեխեք։

Ինչ խոսք, կան բազմաթիվ ինստիտուտներ կամ բաժիններ (լաբորատորիաներ) դրանցում, որոնք ստեղծում են կիրառական արդյունք կամ նպաստում դրա ձեռքբերմանը։ Բայց գիտության մշակների զգալի մասը նվիրվում են հիմնարար հետազոտություններին։ Մեկ օրինակ բերեմ, ինչքան շատ են տվյալ գեղեցկության մրցույթին մասնակցող աղջիկները, այնքան ավելի հավանական է, որ ընտրված աղջիկը կլինի տվյալ հասարակության մեջ ամենագեղեցիկը։

Մինչեւ գիտական համայնքը չհամալրվի նոր եւ առողջ կադրերով (ցանկալի է արտերկրում պատրաստված կամ վերապատրաստված), մինչեւ հայկական գիտական համայնքը չհագեցնի դաշտը հարուստ հետազոտական, հատկապես հիմնարար ոլորտի աշխատանքների արդյունքներով, գիտակիրառական լուրջ ձեռքբերումներ չի կարելի սպասել։ Չի կարելի սպասել տնտեսության վերելք, գիտելիքահեն տնտեսություն, դրական իմաստով՝ տնտեսական ճեղքում։ Հարկավոր է նախ տալ եւ դրա դիմաց պահանջել, որը կարող է տեւել նույնիսկ տասը տարի գոհացուցիչ արդյունքի ստացման ճանապարհին։

Մեկնաբանություններ (1)

Քամ
Միմյանց արժանի. մեկը մեղադրում, մյուսը արդարանում է։ ՕԳԳ-ն զրո է, եզակի ոլորտներում եզակի հետազոտողներ են զերծ մնացել համատարած հովանավորչությունից, անիմաստ է անընդմեջ արդարանալ, ու միաժամանակ գիտնական ինքնավանվել, գիտենք բոլորս թե ինչ այլանդակված վիճակ է գիտակրթական բնագավառում։ ՀՀ-ում գիտական քարե դար է, նման պայմաններում գումար տրամադրելը ավել մեծ անպատասխանատվություն է քան գումար պահանջելը կամ ակնկալելը։ Փուչիկը ծակվել է, բավ է այն առանց սոսնձելու անընդհատ փչել,։օդը ծակից դուրս է պրծնում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter