HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Ինեսսա Գաբայան. «Կառավարությունից քաղաքական կամք է պահանջվում Արարատյան դաշտի ռազմավարական պաշարի վերականգնման համար»

«Հետք»-ը զրուցել է տեխնիկական գիտությունների թեկնածու, Հայաստանի ջրային կոմիտեի նախկին նախագահ, «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ՀՀ ազգային ժողովի պատգամավորի նախկին թեկնածու Ինեսսա Գաբայանի հետ:

Տկն Գաբայան, ամռան առաջին ամսին արդեն Արարատյան դաշտում, մասնավորապես Արմավիրի մարզում, ջրի սակավությունը շատ ցցուն արտահայտվեց: Շուրջ 10 օր է՝ գյուղացիները բողոքի ակցիաներ են իրականացնում, իսկ Կառավարությունը՝ ի դեմս Ջրային կոմիտեի, չի արձագանքում նրանց բողոքին: Այս վիճակը կարո՞ղ էր անակնկալ լինել ոռոգման համակարգի պատասխանատու կառույցի համար:

Հայտարարվեց, որ այս վիճակի հիմնական պատճառը կլիմայական փոփոխությունները և երկրի գլոբալ տաքացումն է, ինչի մասին գիտնականները սկսել են բարձրաձայնել դեռևս նախորդ դարի 60-ական թվականներից: ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիան այն առաջին միջազգային փաստաթղթերից է, որ Հայաստանը, որպես անկախ երկիր, ստորագրել է 1993 թ.-ին: Այսինքն, այս վիճակը չէր կարող անակնկալ լինել ո՛չ ոռոգման համակարգի պատասխանատու կառույցի, ո՛չ Կառավարության, ո՛չ էլ յուրաքանչյուր ջրօգտագործողի համար:

Սակայն պետք է նշել, որ Հայաստանում սակավաջրության հարցում, հատկապես Արմավիրի մարզում, կլիմայական փոփոխություններն առաջնային պատճառը չեն: Հիմնական խնդիրը Ախուրյան-Արաքս գետավազանի կառավարումն է:

Անշուշտ, այս ամառն ավելի շոգ է, բայց սա միակ շոգ ամառը չէ: Ի՞նչով կարելի է բացատրել ստեղծված վիճակը: Ձեր կարծիքով, Կառավարությունն ի՞նչ գործողություններ պետք է ձեռնարկի այս պահին:

Դուք տեղին նշեցիք, որ սա միակ շոգ ամառը չէ:  Ըստ Հիդրոմետ ծառայության դիտարկումների՝ ջերմաստիճանի միջին տարեկան ցուցանիշը բարձրացել է 1,230C-ով: Վերջին քսան տարիների ընթացքում բոլոր տարիները, բացառությամբ 2012թ. եղել են միջինից տաք: Այսինքն, սրանք այն ազդակներն են, որոնք պետք է սթափեցնեին իշխանություններին ավելի լուրջ վերաբերվել Հայաստանում առկա ջրային ռեսուրսների կառավարման հիմնախնդիրներին:

Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման հիմնական խնդիրներն են՝ Հանրապետության տարածքում առաջացած ջրերի առավելագույն ամբարումը, ռեսուրսների արդյունավետ օգտագործումը և ջրի կորուստները նվազագույնի հասցնելը:

Առաջինն իր էությամբ շատ պարզ է. ջուրն ամբարելու համար ողջ աշխարհում ընդունված է և հնարավոր է ջրամբարներ կառուցելու միջոցով: Այլ հարց է դրա ֆինանսական կողմը, որը լուրջ ներդրումներ է պահանջում:

Մինչդեռ, ռեսուրսների արդյունավետ օգտագործումն իր մեջ պարունակում է բազմաթիվ տարրեր՝ կորուստների կրճատում, արդիական տեխնոլոգիաների ներդրում, կառավարման մեթոդների արդիականացում, ջրի հաշվառում, և այլն:

Արարատյան դաշտի ջրային ռեսուրսների սպառման թեման վերջին տասնամյակում ամենաքննարկվողներից է: Այսօրվա վիճակը միանգամայն տեսանելի էր գիտական կառույցների և մասնագիտացված կազմակերպությունների համար, և դրան ավելի սուր չբախվելու համար նրանք ուսումնասիրությունների հիման վրա լուծումներ են առաջարկել: Ջրային կոմիտեն ղեկավարելու շրջանում որքանո՞վ եք կարևորել այդ առաջարկները, և Կառավարության համար որքան կարևոր է եղել այս հարցը:

Որպես ոլորտի մասնագետ և փորձագետ, ինձ համար միշտ են կարևորվել ջրային ոլորտի հիմնախնդիրները, առավել ևս Ջրային կոմիտեն պաշտոնավարելու յոթ ամիսների ընթացքում: Այդ շրջանում մենք Կառավարությանն ենք ներկայացրել Ջրային համակարգի զարգացմանն ուղղված հայեցակարգի նախագծի փաթեթը, Հայաստանի ջրամբարաշինության ծրագիրը, որն ընդգրկում էր առաջնահերթ յոթ ջրամբարի շինարարությունը, Արփա-Սևան հիդրոտեխնիկական կառուցվածքից ջրի բաշխման կանոնները, Արմավիրում 32 խորքային հորի իրականացման նախագիծը, որը կլուծեր մեկ տասնյակից ավել համայնքների ոռոգման խնդիրը, Փոքր ջրամբարների շինարարության ծրագիրը, Միջոցառումների ծրագիր ջրօգտագործման խախտումների դեմ պայքարի վերաբերյալ, պոմպակայանների արդիականացման տեխնիկատնտեսական վերլուծությունը և վերազինման ծախսերը և այլն:

Արարատյան դաշտի ջրային հաշվեկշռում կարևորվում է նաև ստորերկրյա ջրերի արդյունավետ կառավարումը: 2016թ. կատարված գույքագրման տվյալների համաձայն՝ Արարատյան դաշտում տարբեր նպատակներով իրականացվող ստորերկրյա ջրառի փաստացի ծավալը կազմել է 1,608.07 մլն մ3, ընդ որում 809,08 մլն մ3 ձկնաբուծական նպատակով: Այդ տարի Արարատյան դաշտի ջրային հաշվեկշիռը 1,120.46 մլն մ3-ով բացասական է եղել։ Այսօր, անշուշտ, պատկերն ավելի անմխիթար է: Այստեղ ՀՀ կառավարությունից պահանջվում է քաղաքական կամք Արարատյան դաշտի ռազմավարական պաշարի վերականգնման և պահպանման համար:

Վարչապետի պաշտոնակատարն օրերս հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտարարեց, որ ավանդական ոռոգումից պետք է անցում կատարել կաթիլային համակարգի: Արդյոք, սա համարժե՞ք պատասխան էր հենց այսօր փաստի առաջ կանգնած գյուղացուն:

Վերոնշյալ գլոբալ խնդիրները հենց այսօր լուծելու համար կախարդական փայտիկ է պետք: Նման խնդիրների լուծումը պահանջում է երեք-չորս տասնամյակ և հսկա ֆինանսական ռեսուրսների ներդրում: Վարչապետի նշած ավանդական ոռոգումից կաթիլային և ջրախնայող այլ տեխնոլոգիաների անցումն այս գլոբալ խնդրի մեկ տարրն է: Այս ուղղությամբ Կառավարությունն իրականացնում է բավականին դրական քայլեր, հիմնականում, արտոնված վարկերի հատկացման տեսքով, ինչը բավարար չէ: Պետության խնդիրն է ֆերմերների համար ստեղծել բարենպաստ ամբողջական միջավայր՝ օրենսդրության, վարկերի տրման պայմանների փոփոխությունների, ֆինանսական խթանիչների, ջուրը ոչ արդյունավետ օգտագործելու դեպքում տուգանքների համակարգի ներդրման և այլ միջոցների կիրառմամբ, ինչը կխթանի ֆերմերին անցնել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը: Այսօր գյուղացու առջև ծառացած խնդրի հրատապ լուծումներն անչափ ցավոտ են. Սևանա լճից լրացուցիչ թողքեր են պահանջվելու Արարատյան դաշտի համար, իսկ Շիրակի դաշտի համար՝ Արփի լճից: Հնարավոր է նաև որոշ տեղային լուծումներ տալ՝ շտապ կարգով խորքային հորեր փորելու միջոցով:

Հնարավոր համարո՞ւմ եք, որ պետությունը կաթիլային համակարգով պետք է ապահովի մասնավոր տնտեսություններին, և ինչ ժամկետներում է հնարավոր իրականացնել դա, եթե մեզ մոտ 20 տարում Ջրօգտագործողների ընկերությունների կառավարումը չի հաջողվում գոհացուցիչ մակարդակի հասցնել: Նաև՝ մինչ օրս չի հաջողվել մաքրման կայանների հարցը լուծել, և շատ տեղերում բանջարեղենի ոռոգումը կատարվում է կոյուղաջրերով:

Կաթիլային կամ այլ առաջատար ոռոգման ցանցի ներդրումը մասնավոր տնտեսություններում պետության խնդիրը չէ: Պետությունը պարտավոր է ստեղծել այդ համակարգերի ներդրման համար բարենպաստ միջավայր և, հավատացեք, դրա առկայության դեպքում շատ արագ հարցը կլուծվի: Այս գործընթացում պետությունն ունի իր պատասխանատվության և գործառույթների շրջանակը, որը հանդիսանալու է ոռոգման արդիականացման նախապայմանը և հիմքը: Բանն այն է, որ մեր երկրի ոռոգման համակարգը բարոյապես մաշվել է թե՛ կառավարման և թե՛ տեխնիկական առումներով:

Պետությունը պետք է ապահովի պետական սեփականություն հանդիսացող համակարգի (ջրամբարներ և գլխամասային ջրառներ, մայր ջրանցք և երկրորդ կարգի ջրանցքներ, խոշոր պոմպակայաններ, կոլեկտորադրենաժային համակարգեր, և այլն) արդիականացումը և անխափան աշխատանքը: Մենք պետք է հստակ հասկանանք, որ «օրգանիզմը» պետք է հավասարապես զարգանա: Եթե այսօր շեշտադրենք միայն նորագույն համակարգերի ներդրումը՝ առանց համահունչ զարգացնելով ոռոգման համակարգի հիմնական օղակները, ապա ոչ միայն չենք լուծի դրված խնդիրները, այլև կունենանք կատարված ներդրումների կորուստ: Եթե խոսում ենք ժամկետների մասին, ապա սա շարունակական գործընթաց է, սակայն պահանջվում է սկսել հենց այսօր:

Ձեր կարծիքով, համակարգային ի՞նչ լուծումներ են անհրաժեշտ սակավաջրության հարցը կարգավորելու համար:

Վերևում բարձրացվեցին համակարգի հիմնական խնդիրները, որոնց վերաբերյալ, իհարկե, լուծումներ կան: Առաջին հերթին ոլորտի կառավարումը պետք է հանձնել մասնագետներին, որոնք կմշակեն ոլորտի արդիականացման ծրագիր, պատասխանատու և հետամուտ կլինեն ծրագրի իրականացմանը: Կառավարությունը պետք է արտահայտի քաղաքական կամք, ինչպես սակավաջրության խնդիրը լուծելու, այնպես էլ ջուրը՝ որպես երկրի ռազմավարական և անվտանգության ռեսուրս, պահպանելու և ապագայում օգտագործելու համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter