HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կայացել է շիրակցի 13 գերիների գործով դատական հերթական նիստը

Բաքվում շարունակվում է 13 հայ գերիների գործով դատական գործընթացը, որոնք մեղադրվում են ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ Այդ մասին հայտնում է Apa գործակալությունը։ Մեղադրյալի աթոռին են գերիներ Հայկազ Հովհաննիսյանը, Վարազդատ Մանուկյանը, Դավիթ Ստեփանյանը, Լևոն Թոսունյանը, Արթուր Բաղդասարյանը, Սերոբ Ավագյանը, Վարազդատ Հարությունյանը, Ժորա Մանուկյանը, Հրայր Հերաբյանը, Նարեկ Գասպարյանը, Գրիգոր Կյուրեղյանը, Աշոտ Գևորգյանը և Մարտին Աղրամանյանը։ 

Հուլիսի 2-ի նիստին հայ գերիները ցուցմունք են տվել։ Ժորա Մանուկյանը հայտարարել է, որ նախորդ տարվա նոյեմբերին զինկոմիսարիատից ինքը ծանուցագիր է ստացել։ «Ես գնացի զինկոմիսարիատ, այնտեղ ինձ զենք տվեցին և 120 փամփուշտ։ Մեզ ասացին, որ պետք է պաշտպանենք Հայաստանի սահմանը։ Մենք մեկնեցինք ավտոբուսներով, ինչ-որ տեղ հասանք գիշերը։ Առավոտյան իմացանք, որ Լաչինում (խմբ. Բերձոր) ենք։ Այնուհետ մենք անցանք խաղաղապահների մոտով։ Մեր հրամանատարը Արսեն Ղազարյանն էր։ Նա ասաց, որ որոշ ժամանակ անց կգա և մեզ կտանի այդտեղից։ Դեկտեմբերի 13-ին հրաման տվեցին իջնել ներքև։ Երբ մենք իջանք, մեզ ձերբակալեցին ադրբեջանցի զինծառայողները։ Մենք հանձնվեցինք՝ տալով մեր զենքերը»,- նշել է Ժորա Մանուկյանը։

Դավիթ Ստեփանյանը ևս նույն ցուցմունքն է տվել։ Պատասխանելով դատախազի հարցերին՝ նա նշել է, որ Բերձոր են ժամանել նոյեմբերի 27-ին։ Գերիներից Արթուր Բաղդասարյանն էլ հայտարարել է, որ չի իմացել նոյեմբերի  9-ի հայտարարության կետերի մասին։ Գերիների մի մասը հայտարարել է, որ պատերազմի ժամանակ եղել են Ջաբրայիլի ուղղությամբ, ավելի ուշ վերադարձել Հայաստան։ 

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։

Լուսանկարը՝ report.az-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter