
Ղրղզստանն առաջարկում է համագործակցության նոր ձևաչափ Կենտրոնական Ասիայի ու Հարավային Կովկասի երկրների միջև
Ղրղզստանն առաջարկում է ստեղծել Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության նոր ձևաչափ։ Այդ մասին Բաքվում հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարար Ռուսլան Կազակբաևը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամլո ասուլիսի ժամանակ։
«Մենք կարծում ենք, որ եկել է ժամանակը լրացնել բաց թողնված հնարավորությունները և հաստատել ռազմավարական գործընկերության հարաբերություններ։ Մենք հանդես ենք գալիս մոտ ապագայում «5+3» ձևաչափով՝ Կենտրոնական Ասիա-Հարավային Կովկաս միջտարածաշրջանային համագործակցության ստեղծման օգտին»,- ընդգծել է Ղրղզստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
«5+3» ձևաչափ ասելով Կազակբաևն ի նկատի ունի Կենտրոնական Ասիայի հինգ և Հարավային Կովկասի երեք երկրները՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ուզբեկստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Հայաստանը և Վրաստանը։ Ավելի վաղ, Թուրքիան ու Ադրբեջանն էլ առաջարկել էին Հարավային Կովկասում համագործակցության «3+3» ձևաչափը, որը ներառելու էր Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը։ Իրանը տվել էր իր համաձայնությունը։
Լուսանկարը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության
Մեկնաբանել