HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Կառավարությունը նախատեսում է սահմանափակել օտարերկրյա գործուղումների և մեկ անձից կատարված գնումների մասին տեղեկատվությունը

Կառավարությունը նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել e-gov.am կայքում հրապարակվող տեղեկատվության հասանելիության վերաբերյալ։

Ըստ գործադիրի՝ առաջարկվող փոփոխությունները նպատակ ունեն կանխել 44-օրյա պատերազմով պայմանավորված՝ անձնական և պետական տվյալների արտահոսքից առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տնտեսական և քաղաքական վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության մշակած որաշման նախագածով, որը շրջանառության մեջ է դրվել e-draft.am-ում, առաջարկվում է e-gov.am կայքից հեռացնել մեկ անձից իրականացված գնումների մասին տեղեկատվությունը, քանի որ իրենց կարծիքով՝ գնումների հաշվետվություններում գնման առարկան, կատարման հիմքը, գնման պահանջի ծագման հիմքն ու ամբողջական պայմանագրի պատճենը համարվում են ռիսկային տվյալներ։

Կառավարությունը ռիսկային է համարում նաև երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընկերությունների անվանման, գործունեության հասցեների, թույլտվության, պայմանագրի տրման համարները և մնացյալ ամբողջ տեղեկատվությունը, ուստի առաջարկվում է այն ևս հեռացնել e-gov.am կայքից։

Հաջորդ սահմանափակումը վերաբերում է պետական աշխատակիցների օտարերկրյա գործուղումների մասին տեղեկատվությանը։ govtravel.am կայքում տեղադրվում է պետական աշխատակիցների թռիչքների վերաբերյալ հաշվետվություն, որն իր մեջ պարունակում է թռիչքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը, ինչը կառավարությունը զգայուն տվյալներ է համարում՝ պայմանավորված կիբեռ ռիսկերով։ Ուստի գործադիրը նախատեսում է govtravel.am կայքից հեռացնել ավիափոխադրողների, չվերթների, ամրագրման կոդերի, ուղևորների քանակի, ընդհանուր կարգից շեղվելու դեպքում պատվիրատուի նշված հիմնավորման, արժեքի, Ազգային անվտանգության խորհրդի անդամ հանդիսացող անձանց և ՀՀ Կառավարության առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից գնված ավիատոմսերի վերաբերյալ տեղեկատվությունը:

Միևնույն ժամանակ, նախագծում ասվում է, որ տեղեկատվությանը հնարավոր կլինի հասանելիություն ապահովել լրացուցիչ հարցման միջոցով՝ տրամադրման անհրաժեշտության և նպատակների վերաբերյալ համապատասխան հիմնավորումներ ներկայացնելու դեպքում:

Հավելենք, որ այս նախաձեռնությունն առայժմ որոշման նախագծի կարգավիճակում է և կարող է ուժի մեջ մտնել միայն կառավարության հավանությանն արժանանալուց հետո։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter