HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գորիսի Ուսուցչի տունը, որը հուշարձան է, վաճառվել է մեկնարկային գնով՝ 32 մլն դրամով

Գորիսի Ուսուցչի տունն աճուրդով վաճառվել է: Այս մասին «Հետքին» հայտնել է պետգույքի կառավարման կոմիտեն: Ընդ որում՝ գույքը վաճառվել է աճուրդի մեկնարկային գնով՝ 31 միլիոն 876 հազար դրամով: Գնորդը, կոմիտեի փոխանցմամբ, քաղաքացի Գ. Գրիգորյանն է:

Հիշեցնենք, որ Գորիսի Ուսուցչի տունը սեփականության իրավունքով պատկանում էր ԿԳՄՍՆ-ին ենթակա «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, որը լուծարման փուլում է: Այս թեմային անդրադարձել էինք փետրվարին: Ընկերության պարտքերը մարելու նպատակով դրա գույքը ներկայացվել է հրապարակային աճուրդի: Պետգույքի կառավարման կոմիտեն նշել է, որ բացի շենքի գնից՝ գնորդը պարտավոր է սահմանված կարգով վճարել շենքի զբաղեցրած հողամասի՝ տվյալ պահին գործող կադաստրային արժեքը:

Գորիսի Ուսուցչի տունը պատմամշակութային հուշարձան է: Այն ընդգրկված է 2005 թ. կառավարության կողմից հաստատված ցուցակում, որտեղ ներառված են Սյունիքի մարզի պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանները:

Պատմամշակութային հուշարձանների վրա տարածվում է «Պատմության եւ մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» օրենքը, որը սահմանում է նաեւ, որ կառավարությունը հաստատում է պետական սեփականություն համարվող այն հուշարձանների ցուցակը, որոնք ենթակա չեն օտարման։ 2007 թ․ կառավարության հաստատած այդ ցուցակում Գորիսի Ուսուցչի տունը չկա։ Հենց այս հիմքով էլ հուշարձանը հանվել էր աճուրդի:

Միաժամանակ պետգույքի կառավարման կոմիտեից մեզ հայտնել են, որ փետրվարին կայացած աճուրդից հետո՝ մարտին, գնորդ Գ. Գրիգորյանի եւ Սյունիքի մարզպետի միջեւ կնքվել է հուշարձանի օգտագործման պահպանական պարտավորագիր։ Բացի դրանից՝ գնորդի եւ «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի լուծարման հանձնաժողովի միջեւ ապրիլին կնքված պայմանագրում ամրագրվել են օրենքի պահանջները, ըստ որոնց՝ սեփականատերը պարտավոր է պահպանել հուշարձանի անվտանգությունն ու անվթարությունը, ապահովել դրա մատչելիությունն ուսումնասիրության եւ պահպանության վերահսկման համար, կատարել ամրակայման, նորոգման, բարեկարգման աշխատանքներ՝ դրանց նախագծերը նախապես ներկայացնելով լիազոր մարմնին (նախարարությանը) եւ համաձայնեցնելով վերջինիս հետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter