HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվում կայացել է շիրակցի 13 գերիների գործով դատական հերթական նիստը

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում հուլիսի 5-ին շարունակվել է շիրակցի 13 գերիների գործով դատական հերթական նիստը։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Մեղադրյալի կարգավիճակում են Ռաֆիկ Կարապետյանը, Գուրգեն Գալոյանը, Հրայր Թադևոսյանը, Վաղարշակ Մալոյանը, Սասուն Եղիազարյանը, Արսեն Վարդանյանը, Վահագն Բաղրիկյանը, Սեդրակ Սողոմոնյանը, Արմեն Դիլանյանը, Մանուկ Մարտոյանը, Մելս Ամբարդարյանը, Անդրանիկ Միքայելյանը և Ֆելիքս Գրիգորյանը։ Նրանք մեղադրվում են, իբր, ահաբեկչական գործողությունների և այլ հանցագործությունների մեջ։ 

Գերիներից Ֆելիքս Գրիգորյանը մասամբ ընդունել է իրեն առաջադրված մեղադրանքը։ Նա հայտարարել է, որ նախորդ տարվա նոյեմբերի 21-ին կանչվել է զինկոմիսարիատ, իսկ նոյեմբերի 27-ին նրան ուղարկել են Լաչին, այնտեղից էլ՝ Հադրութ։ «Ինձ ասեցին, որ մենք գնում ենք Գորիս։ Բայց հետո երթուղին փոխվեց։ Արսեն Ղազարյանը խմբերի հրամանատարներին հայտնեց, որ նրանք դիրքերում կլինեն 14 օր։ Դեկտեմբերի 13-ին մեզ ասացին, որ տուն կվերադառնանք։ Երբ մենք դիրքերից ցած իջանք, ադրբեջանցի զինծառայողները ձերբակալեցին մեզ, և մենք հանձնեցինք զենքերը»,- նշել է Գրիգորյանը։ 

Մելս Ամբարդարյանը ևս համանման ցուցմունք է տվել։ «Մենք գիտեինք, որ Լաչինը պետք է փոխանցվեր Ադրբեջանին, բայց մեզ ասացին, որ մինչ Լաչինը կփոխանցվի Ադրբեջանին, մենք պետք է այնտեղ անվտանգության դիրքեր ստեղծենք.... Մենք կատարում էինք Արսեն Ղազարյանի հրամանները։ Որոշումները նա էր կայացնում»,-նշել է Ամբարդարյանը։ 

Անդրանիկ Միքայելյանն էլ նշել է, որ պատերազմի օրերին եղել է Ջաբրայիլի ռեզերվային գումարտակում։ «Հոկտեմբերի 2-ին ես եկա Ջաբրայիլ։ Ես տեսնում էի, որ հայկական բանակն ամեն օր նահանջում է, կորուստներ ունի։ Ես տուն փախա։ Ինձ ասեցին, որ եթե չվերադառնամ, ապա կսպառնա մինչև 12 տարի ազատազրկում։ Քանի որ նոյեմբերի 10-ին հրադադար էր հաստատվել, ես համաձայնվեցի վերադառնալ՝ իմանալով, որ մարտական գործողություններն ավարտվել են։ Ռազմական ոստիկանությունը ևս սպառնում էր ինձ ձերբակալել»,- նշել է նա։ 

Գործով դատական հաջորդ նիստը կկայանա հուլիսի 12-ին։ 

Ավելի վաղ, ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Պետական անվտանգության ծառայության գլխավոր քննչական վարչությունում հարուցվել էր քրեական գործ՝ 2020 թվականի դեկտեմբերի 13-ին, Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում, հայ ռազմագերիների գերեվարման կապակցությամբ, որոնք մեղադրվում էին, իբր, նոյեմբերի 9-ի միացյալ հայտարարությունից հետո ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ներթափանցելու մեջ։ Ըստ մեղադրանքի՝ նրանք պատրաստվում էին ահաբեկչական գործողություններ իրականացնել այնտեղ։

Հիշեցնենք, որ դեռ 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Արցախի Պաշտպանության բանակը տարածել էր հաղորդագրություն, համաձայն որի՝ Հադրութի շրջանի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածում անհետ կորել էր 73 հայ զինծառայող: Ավելի վաղ, զինծառայողները հայտնվել էին շրջափակման մեջ, որոնց մի մասին հնարավոր էր եղել հանել այնտեղից։ Ավելի ուշ պարզ էր դարձել, որ շիրակցիները գերեվարվել են դեկտեմբերի 13-ին։

Լուսանկարը՝ Trend գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter